«Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի քայլերը վախեցած մարդու ջղաձգումներ են»,-այս մասին, մենաբանելով այդ դպրոցի նախկին տնօրեն, ՀՀԿ անդամ Սուսաննա Նազարյանի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը դատի տալու փաստը՝ Panorama.
am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նրա կարծիքով, Ս. Նազարյանը հավատարիմ է մնում իր նկարագրին, եւ այս փաստը կրկին ապացուցում է նրա մանկավարժության հետ կապ չունենալը: «Այդ մարդը ամաչելու, լռելու փոխարեն լրիվ հակառակ ձեւով է վարվում, չգիտես ինչու՝ փորձելով անընդհատ իր անվան շուրջ աղմուկ բարձրացնել»,-նշել է պատգամավորը:
Ա. Բախշյանի կարծիքով, նա անհամատեղելի է դպրոցի տնօրենի պաշտոնի հետ: Հիշեցնենք, խոսքը դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծած, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհու մասին է, որի լիազորությունները դադարեցվել են այս տարվա ապրիլի 30-ին: Այս մասին բազմաթիվ անգամ գրվել է այդ թեմայով հրապարակված նյութերում: Ս. Նազարյանին պաշտոնանկ անելու համար հիմք են հանդիսացել ԿԳՆ-ի Կրթության պետական տեսչության կողմից՝ բոլոր համապատասխան ընթացակարգերը պահպանելով անցկացված ստուգումները: