Հայաստանում եվրոպագետներ կպատրաստվեն
Արեւելյան գործընկերության մասնակից 4 երկրների առաջատար համալսարանների՝ Երեւանի պետական համալսարանի, Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարանի, Մոլդովայում եվրոպական քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների համալսարանի, Բելառուսի պետական համալսարանի կողմից իրականացվում է «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Ռոբերտ Շուման» սրահում: Մասնագետները մանրամասն ներկայացրին ընդունելության կարգն ու չափանիշները: Ծրագրին մասնակցելու համար հայտ ներկայացնողները պետք է պարտադիր տիրապետեն անգլերենին եւ ռուսերենին, քանի որ մագիստրոսական ուսուցումը լինելու է միայն անգլերեն եւ ռուսերեն: Ուսանողները կսովորեն անվճար համակարգով, ուսումնառության երկու տարիների ընթացքում կստանան կրթաթոշակ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ուսանողների եւ դասախոսների փոխանակում, ուսուցողական այցեր ԵՄ ինստիտուտներ, վերապատրաստումներ ծրագրին մասնակից երկրներում:
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն եւ ծրագրի ղեկավար Արթուր Ղազինյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում արեւելյան գործընկերության երկրների ուսանողները մեկ տարի կուսանեն Հայաստանում. «Պատրաստելու ենք մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության համար պայքարող լավագույն մասնագետներ՝ եվրոպական չափանիշներով: Կունենանք մասնագետներ, որոնք կկարողանան ադեկվատ գնահատել իրավիճակը, այսինքն՝ քաղաքական գնահատականներից դուրս կլինեն նաեւ մասնագիտական գնահատականներ, որովհետեւ հիմա ունենք բավականին ակտիվ հասարակություն, որը մասնագիտացման խնդիր ունի: Մեզ մոտ հարցերի վերաբերյալ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու խնդիր կա»: Ծրագրի ղեկավարն ասաց, որ հետաքրքրվողների մեծ քանակ կա, օրական՝ 100-ից ավելի զանգ եւ նամակ են ստանում միայն տեղեկատվություն ստանալու համար:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ավարտողները կստանան եվրոպագիտություն մասնագիտություն եւ մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում մասնագիտացում: Ա. Ղազինյանի փոխանցմամբ, առաջին տարում բոլորը կսովորեն Հայաստանում, երկրորդում՝ յուրաքանչյուրը կընտրի իր մասնագիտական մոդուլը՝ որտեղ եւ որ ուղղությամբ շարունակի: Իրավագիտական մոդուլը Կիեւի Տարաս Շեւչենկոյի ազգային համալսարանում է, քաղաքագիտական բլոկը՝ Բելառուսի պետական համալսարանում, իսկ միջառարկայական մոդուլը Քիշնեւի համալսարանում է: Ծրագրին մասնակցելու համար ընդունելությունը 2 շաբաթ է՝ սկսվել է, վերջնաժամկետը մինչեւ մայիսի 31-ն է, իսկ սեպտեմբերին կմեկնարկի ուսումնական տարին: