Տիգրան Սարգսյանը հյուրընկալեց, իսկ Էդվարդ Նալբանդյանը հյուր գնաց
«Պատրաստ եղեք գիտելիքների թարմացմանը, սովորելը ժամանակակից մարդու ճակատագիրն է»,- վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խորհուրդ տվեց Արարատի մարզի Մասիս քաղաքի ու Երեւանի երկու դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին, ովքեր հյուրընկալվել էին կառավարությունում: Վարչապետը աշակերտներին ասաց, թե կառավարության նպատակն է իրենց ոչ միայն գիտելիք, այլեւ ինքնուրույն աշխատելու ու նոր գիտելիքներ փնտրելու հնարավորություն տալ. «Մեր ուշադրության կենտրոնում պետք է գտնվի անհատը, ով ունենա բավարար ազատություններ եւ կարողանա իրացնել իր տաղանդը, գիտելիքն ու կարողությունները: Կրթված մարդը բավարարված է միայն մի դեպքում, երբ կարողանում է իրացնել իր կարողությունները: Եթե մտածող մարդու համար նման պայմաններ չեն ստեղծվում, ապա նրանց շատ արագ գողանում են մրցակիցները, ինչը ժամանակակից աշխարհում ամեն օր տեղի է ունենում»: Վարչապետի դասախոսությանը հաջորդեց հարց ու պատասխանը: Ինչպես միշտ, այս անգամ էլ ակտիվ էին աղջիկները:
Ձեր թվարկած հիմնասյուները մեր երկիրը արդյո՞ք դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհն են՝ հարցրեց աշակերտներից մեկը: Նրա հարցին վարչապետը հարցով պատասխանեց. «Նախ պետք է հարցնենք, ի՞նչ է ժողովրդավարությունը: Ինչքանով որ քաղաքացիները ընդգրկվեն հասարակական ինքնակազմակերպման գործընթացներում, այնքան ժողովրդավարության ճանապարհը հարթ կլինի»: Աշակերտներից մեկն էլ հետաքրքրվեց, թե, վարչապետի կարծիքով, հայրենասեր մարդը կարո՞ղ է արտասահման մեկնել՝ աշխատելու: «Այո՛, կարող է, կարոտելով, տանջվելով…»,-ասաց նա: Մի դպրոցական էլ վարչապետից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն՝ հայոց լեզուն անաղարտ պահելու համար:
«Լավագույն ձեւը դպրոցներում ու բուհերում գրաբարի դասավանդումն է: Այսպիսի հանձնարարական արդեն տվել եմ, այն պետք է դառնա պարտադիր առարկա: Այս խնդիրը ձեզ հետ միասին պետք է լուծենք»,- ասաց կառավարության ղեկավարը: Լեզվի խնդրի հետ կապված հարցը շարունակեց մեկ այլ աշակերտ՝ հետաքրքրվելով, թե հեռուստահաղորդումներում ինչո՞ւ է ընդունված միայն սխալ հայերենը: «Հեռուստատեսությունը իրավունք չունի չնկատել հասարակական թերությունները ու պարտավոր է ձեզ ռեալ կյանք մատուցել, որ դուք ճիշտն ու սխալը ախտորոշեք»,- պատասխանեց վարչապետը: Աշակերտը շարունակեց. «Երեխաները շատ հաճախ ընդօրինակում են առանց հասկանալու»: «Պայքարենք միասին»՝ ասաց վարչապետը:
Տղաներից մեկը ցանկանում էր իմանալ, թե իրավաբանի մասնագիտությունը մոտակա ժամանակներում պահանջված կլինի՞: Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը պարզաբանեց. «Բոլոր ընկերություններն ու գերատեսչությունները իրավաբանի պահանջարկ ունեն, բայց ոչ թե դիպլոմավոր, այլ բարձրորակ ու խորը գիտելիքներով մասնագետի»:
Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ Ալ. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում ավարտական վերջին դասն անցկացրեց 9-րդ դասարանի աշակերտների համար: Նախարարը այս դպրոցի շրջանավարտ է:
«Օգտակար եղեք, սիրեք մեր հայրենիքը… Սիրեք ձեր ծննդավայրը՝ ինչպես ձեր ծնողներին։ Ուր էլ որ լինեք ձեր կյանքի ընթացքում, աշխարհի որ ծայրում էլ լինեք, հայրենիքը ձեզ ձգելու է, ես իմ փորձից դա գիտեմ: Միշտ հիշեք հայտնի խոսքերը. մի խորհիր այն մասին, թե ինչ է արել հայրենիքը քեզ համար, այլ մտածիր, թե դու ինչ ես տվել եւ ինչ կարող ես անել քո հայրենիքի համար»,-խորհուրդ տվեց Էդ. Նալբանդյանը 9-րդցիներին: