Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մայիս 27,2011 00:00

Հարցազրույց՝ հայագետ-նախիջեւանագետ  Արգամ Այվազյանի հետ

\"\"Վերջերս ՀՀ ՊՆ հովանավորությամբ Երեւանում գումարվեց «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական գիտաժողովը, որի 8 նիստերում լսվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակվող հակահայկական ու հակագիտական կեղծիքների օրըստօրե թափ առնող քարոզչականության զանազան խնդիրների վերաբերյալ 37 գիտական զեկուցումներ: Այդ զեկուցումներից միայն մեկը՝ ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական գծով փոխտնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ-նախիջեւանագետ, հանրապետությունում հուշարձանների պահպանության բնագավառի երկարամյա աշխատակից Արգամ Այվազյանի զեկուցումն էր՝ նվիրված մեր պատմության եւ մշակույթի փաստերի հայաստանյան բազմապիսի աղավաղումներին: «Առավոտը» գիտաժողովի օրերին՝ մայիսի 5-6-ի համարներում, անդրադարձել է գիտաժողովի աշխատանքներին եւ վաստակաշատ հայագետի խոսքից մի հատված հրապարակել: Վերստին դիմելով Ա. Այվազյանին, խնդրեցինք անդրադառնալ մասնավորապես Հայաստանի հուշարձանների տարածքներում 2008թ.-ից տեղադրվող տեղեկատվական վահանակների աղավաղումներին:

– Գիտաժողովի Ձեր զեկուցման մեջ Դուք անդրադարձել եք նաեւ հուշարձանների վահանակների մի շարք աղավաղումներին: Ի՞նչ մտահոգություններ ունեք այդ «մասով»:

– Նախ պիտի ընդգծեմ, որ այդ աշխատանքները իրականացնում է Երեւանում գործող «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Ռիկ Նայն): 2008-2010թթ. այդ կազմակերպությունը Հայաստանի 175 պատմամշակութային հուշարձանների տարածքում տեղադրել է 329 (հինգ լեզվով) տեղեկատվական վահանակներ: Ծրագրի իրականացման հովանավորներն են՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյը, ԱՄՆ-ի ՍՏAID/CAPS-ը, Նորվեգիայի ԱԳՆ-ը: Վահանակների տեքստերի (հայերեն) հեղինակները հիմնականում ինձ անհայտ հեղինակներ են: Անհայտ, քանզի ամեն ինչ կարծեք թե գաղտնիության շղարշով է պատված:

Տեքստերի (հայերեն) խմբագրումների պատասխանատուներն են «ԻԿՕՄՈՍ-Հայաստան» հասարակական կազմակերպությունը, Մայր աթոռ Ս. Էջմիածինը: Հուշարձանների տարածքներում վահանակների տեղադրումը թույլատրող կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարությունն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հովանավորներից մեկն է եւ իրավական տեսակետից պատասխանատու չէ վահանակների հակագիտական ու հակահայկական աղավաղումների համար: Այլ խնդիր է, որ նրա հովանավորությունն ու անունը կոպտորեն շահագործվել է:

– Խնդրում եմ վահանակների աղավաղումները ներկայացնեք մի քանի կոնկրետ օրինակներով:

– Նախ, որքանով ինձ հայտնի է, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի կարգադրությամբ, այժմ դադարեցվել են վերը նշված կազմակերպության կողմից հուշարձանների տարածքներում նոր վահանակների տեղադրման աշխատանքները, ինչպես եւ մերժվել է այդ կազմակերպության կառավարությանը հղված ծրագրի հետագա ֆինանսավորումը պետբյուջեի միջոցով կատարելու դիմում-խնդրանքը: Դա արդեն ինքնըստինքյան դրական է: Պաշտոնական պարտականությունների բերումով անցյալ տարվա վերջերին եւ այս տարվա սկզբներին առնչվելով այս խնդրին՝ փետրվարին հուշարձանների տարածքներում տեղադրված վահանակների մի մասի հայերեն տեքստերը իմ կողմից փորձաքննության ենթարկվելով, մեր ՊՈԱԿ-ի տնօրինության պաշտոնական նամակով փորձագիտական ընդարձակ՝ 57 էջով եզրակացություն-առաջարկությունը ներկայացվել է նախարարությանը: Այստեղ ուղղակի այդ եզրակացությունից մի քանի մեջբերումներ պետք է կատարեմ: Այսպես.

ա/ Կատարված փորձագիտական աշխատանքը թույլ է տալիս հիմնավորապես ընդգծել այն, որ կարեւորելով այդ ծրագրի իրականացումը, որը նպաստում է Հայաստանի պատմության ու մշակույթի հուշարձանների հանրահռչակմանը, այնուամենայնիվ, այն մինչեւ այժմ իրականացվել է ոչ պատշաճ մակարդակով: Առանձին դեպքերում էլ այն ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ: Վահանակների անճշտությունների մի մասը, որը, չգիտես, միտումնավորության, թե անգիտության արդյունք է, ուղղակիորեն, կամ, մեղմ ասած, հակագիտական ու հակապետական, հակահայկական միտվածություն ունի: Մի հանգամանք, որի անտեսումը անհնարին է: Օրինակ. բ/ Հաղպատի վանքի թիվ 11 վահանակում (Սայաթ-Նովայի հուշաքարը) կարդում ենք. «Բանաստեղծություններ եւ երգեր գրելու, ինչպես նաեւ քամանչա նվագելու շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերում վրաց Հերակլ Բ թագավորի արքունիքում, ուր նա դիվանագիտական աշխատանքի էր ընդունվել որպես պալատական՝ օգնելու համաձայնագրեր կնքել երեք մրցակից թագավորությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի (Ալբանիա) եւ Վրաստանի միջեւ»: Ի՞նչ անուն տալ սրան: Մի՞թե սա ակնհայտ եւ կանխամտածված հակահայկական, հակագիտական ու հակապետական, հակաազգային միտում-ծրագիր չէ: գ/ Նորավանքի, Գլաձորի, Արենիի վահանակներում նպատակադրված միտումով փաստվում է, որ իբր Մոմիկ ճարտարապետը, մանրանկարիչն ու քանդակագործը (ով բնիկ վայոցձորցի է) Կիլիկիայից է, կամ էլ նրա ստեղծագործությունները կերտվել են գոթական արվեստի ազդեցությամբ: Այս միտվածությունը հաստատելու համար էլ Արենիի եկեղեցու վահանակում ազդարարվում է, որ նա «Գլաձոր էր հրավիրվել Կիլիկիայից», իսկ նրա կառուցած եկեղեցու ճարտարապետական ոճն էլ «բնորոշ չէ հայկական եկեղեցիներին»:

Բազմաթիվ աղավաղումներով եւ անհիմն ենթադրություններով են լեցուն նաեւ Նորավանքի, Քարահունջի (Զորաց քարեր), Նորատուսի, Եղեգիսի, Գլաձորի եւ այլ հուշարձանների վահանակները: Օրինակ, Նորավանքի վահանակներում խոսվում է այն մասին, որ 1333թ. մահացած Մոմիկին է վերագրվել 1339թ. ավարտված Բուրթելաշեն եկեղեցու 2-րդ հարկի մուտքի պատկերաքանդակը, իբր Բուրթելաշենի «հարավային կողմում պահպանվել է Մոմիկի գերեզմանը, որի վրա կանգնեցված է իր իսկ կերտած խաչքարը», համալիրի՝ շուրջ 30 տարի առաջ վերականգնված Ս. Կարապետ եկեղեցու առջեւ տեղադրված վահանակն էլ վերնագրված է որպես «Սուրբ Կարապետ եկեղեցու մնացորդներ»: Այս վահանակում արձանագրված է, որ «Սուրբ Կարապետ եկեղեցում է ստեղծվել Էջմիածնի հանրահայտ Ավետարանը՝ 989թ»: Ճշգրտենք՝ այս Ավետարանը ոչ թե այստեղ է գրչագրվել, այլ Բղենո Նորավանքի Ս. Ստեփանոսում, որն էլ գտնվում է Կապանի շրջանի Բարձրավան գյուղից արեւելք եւ ոչ մի կապ չունի այս Նորավանքի հետ: Վայոց ձորի Եղեգիսի հուշարձաններից Ս. Կարապետ եկեղեցու խաչքարերից մեկի վերաբերյալ վահանակում տեղեկացվում է, որ այն ունի «ԹՎ ՂԸ» («98թ.»), ինչը նշանակում է, որ խաչքարը կերտվել է մեր թվարկության 699թ.»: Ճշգրտենք՝ նախ «ՂԸ (98)-ն այժմյան թվագրությամբ ոչ թե 699թ. է, այլ 649: Երկրորդն էլ դա ակնհայտ անճշտություն է եւ այդտեղ այդպիսի թվագրությանբ խաչքար չի եղել եւ այժմ էլ գոյություն չունի: Այսօրինակ հակագիտական ու անգրագիտության օրինակները կարելի է տասնյակներով թվարկել, որոնց վերաբերյալ հրապարակումներ կան նաեւ մամուլում: Այստեղ ուզում եմ հավելել մեկ այլ փաստ եւս, որը թերեւս վահանակներին չի վերաբերում, սակայն սերտորեն առնչվում է մեր հուշարձանների տեղեկատվությանը: Այսպես, 1999 եւ 2000թթ. Հաղպատի եւ Սանահինի նշանավոր վանական համալիրները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում: Սակայն ինչ ենք կարդում 2000թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում տեղադրված անգլերեն տեղեկատվական տեքստում: Այն, որ «Թումանյանի շրջանի այս 2 բյուզանդական վանքերը Կյուրիկյան թագավորության ժամանակաշրջանում (10-13-րդ դդ.) կարեւոր ուսումնական կենտրոններ էին: Այս 2 վանական համալիրները ներկայացնում են հայկական եկեղեցական ճարտարապետության ծաղկուն շրջանը, որի եզակի ոճը ձեւավորվել է բյուզանդական եկեղեցական ճարտարապետության եւ Կովկասյան տարածաշրջանի ավանդական ճարտարապետական էլեմենտների միաձուլման շնորհիվ»: Սա ակնհայտորեն անգրագիտության հրավառություն է կամ էլ Միքայել Նալբանդյանի խոսքերով ասած՝ «հրաշափառ խայտառակություն»:

Բերված օրինակները անհերքելիորեն փաստում են, որ հուշարձանների վահանակներում տեքստերը ուղղակիորեն տառապում են զանազան անմիտ ենթադրություններով, իրարամերժ ու չճշգրտված, խեղաթյուրված փաստերով: Շատ տեքստերի հեղինակներն էլ, ինչպես եւ դրանք խմբագրության ենթարկած անհատներն ու կազմակերպությունները, մեծամասամբ անտեղյակ են վահանակներ տեղադրված հուշարձանների վերաբերյալ վերջին 20-30 տարիների գիտական հրապարակումներից:

– Այս աշխատանքները հավուր պատշաճի իրականցնելու համար ելքը ո՞րն է:

– Այն պետական պատշաճ մակարդակով իրականացնելու համար դարձյալ իմ փորձագիտական եզրակացության առաջարկություններից մի քանիսը նշեմ:

1. Հաշվի առնելով, որ այդ ծրագրի հուշարձանների մասով 2008-2010թթ. իրականացված աշխատանքներում առկա են սկզբունքային բացթողումներ եւ ոչ պատշաճ գիտա-քաղաքական մակարդակ, անհրաժեշտ է առժամանակ դադարեցնել հուշարձանների տարածքներում նոր վահանակների տեղադրման աշխատանքները, ինչը, ինչպես նշեցի, արված է մշակույթի նախարարի կարգադրությամբ: 2. Պարտադրել ծրագիրը իրականացնող կազմակերպությանը հուշարձանների տարածքում տեղադրված սխալաշատ վահանակները շտապ կարգով փոխարինել նոր տեքստերով շարադրված վահանակներով: Հակառակ դեպքում՝ դրանք պետք է ապամոնտաժել: 3. Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պետք է ամեն ինչ անի վահանակների համար գիտահանրամատչելի, որոշակի եւ միասնական սկզբունքներով տեքստեր շարադրող մասնագետ-հեղինակների, խմբագիրների խումբ կազմելու-ձեւավորելու համար: 4. Պետք է կազմել նաեւ մասնագետներից կազմված մի ինչ-որ գիտական, գիտամեթոդական, խորհրդակցական մարմին, որը հավանություն կտա կամ էլ կմերժի այս կամ այն տեքստի օգտագործման խնդիրը:

5. ՀՀ մշակույթի նախարարությունը վերոհիշյալ կիրառվող գործընթացներից (որը պետք է ներկայացվի պաշտոնապես եւ համապատասխան փաստաթղթային կանոնակարգով) եւ նախարարության հուշարձանների պահպանության գործակալության գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունից հետո միայն կարող է իր համաձայնությունն ու թույլտվությունը տալ վահանակները հուշարձանների տարածքներում տեղադրելու: Այլապես՝ մենք մրից մրաջրի մեջ կթաթախվենք: 6. Ի վերջո, հուշարձանների հանրահռչակումը պետական, հուշարձանապահպան կազմակերպությունների գործառույթ է եւ նպատակահարմար է այդ ծրագիրը պետականորեն իրականացնել, քան ապավինել հասարակական կազմակերպություններին, որքանով էլ, որ այդ գործը հովանավորների միջոցով իրականացվի:

– Վերադառնալով գիտժողովին՝ եւս մեկ հարց. Ձեր կարծիքը գիտաժողովի վերաբերյալ:

– «Առավոտի» մայիսի 6-ի համարում իմ խոսքից այդ մասին մեջբերումներ կան, ուստի հարկ եմ համարում ընդամենը հավելել, որ գիտաժողովում եղան շատ հետաքրքիր զեկուցումներ եւ առաջարկություններ: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինեմ, ապա պետք է ընդգծեմ, որ ինձ համար գիտաժողովը՝ դեռ չսկսած, արդեն ավարտված էր: Ինչո՞ւ, կհարցնեք: Պատասխանեմ՝ գիտաժողովի բացմանը մտահոգիչ ողջույնի խոսքեր ասացին պաշտպանության, մշակույթի, ԿԳ նախարարները, ԳԱԱ նախագահը եւ ԵՊՀ ռեկտորը: Ցավով պիտի նշեմ, որ ԵՊՀ ռեկտոր, պատմության գծով ԳԱԱ թղթակից անդամ Ա. Սիմոնյանը իր խոսքում այժմյան ադրբեջանցիներին հանգիստ խղճով անվանում էր ազերիներ: Ասել է թե՝ պարոն Սիմոնյանի «տեսակետով» (որը, ցավոք, վերջին 15 տարիներին տարածում է գտել նաեւ լրատվամիջոցներում)՝ այժմյան Ադրբեջանի տարածքում վաղ միջնադարում բնակված ազերի ցեղախմբերի կամ էլ Հաղպատի՝ վերը նշված վահանակի տեղեկությամբ, Աղվանքի էթնիկական ժառանգորդները այժմյան ադրբեջանցիներն են: Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են, քանզի այսպիսի մակարդակով ու գիտական պաշարներով հազիվ թե առաջիկա տարիներին հաջողություններ արձանագրենք: Հազիվ, որովհետեւ ոչ Թուրքիան ու Ադրբեջանն են դադարելու մեր դեմ գործելուց, ոչ էլ Հայաստանում են հաղթահարվելու ամենաթողությունն ու գիտական անգրագիտության դրսեւորումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել