«Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը ահազանգում է, որ Հայաստանում միայն Կապանի տարածաշրջանում աճող, Կարմիր գրքում գրանցված վայրի քաջվարդը լուրջ վտանգի տակ է: Պատճառը մարդկային գործոնն է: Վայրի քաջվարդը աճում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին պատկանող Շահումյանի հանքավայրի հյուսիսային հատվածում` Թեջադինի հանքի շրջակայքում եւ աշխատանքից հետո տունդարձի ճանապարհին կոմբինատի աշխատողները անխնա քաղում են շատ գեղեցիկ այս ծաղիկը` խոչընդոտելով դրա բազմացմանն ու տարածմանը:
Շատ հնարավոր է, որ կոմբինատի աշխատակիցներն իրականում տեղյակ չեն, որ իրենց քաղած ծաղիկը Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ տեսակ է ու չեն էլ մտածում, որ վտանգում են վայրի քաջվարդի գոյությունը: «Կոմբինատի պատասխանատուներին տեղյակ ենք պահել, որպեսզի բացատրական աշխատանք տանեն աշխատողների հետ: Չի կարելի այդքան շատ քաղել, թող մնան շատանան, տարածվեն, այսօր արդեն էնդեմիկ այս տեսակի պահպանման լուրջ խնդիր է առաջացել», – նշում է Վլադիկ Մարտիրոսյանը: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ բնապահպանության բաժնի պետի պաշտոնակատար Հասմիկ Մկրտումյանի փոխանցմամբ, իրենք ծանոթ են խնդրին, բնապահպանների հետ եղել են տեղում, վայրի քաջվարդը իրենց ուշադրության կենտրոնում է: