Ըստ հայ-գերմանական հետազոտության, Հայաստանում կուտակվող աղբի 40%-ը անվերահսկելի է, աղբահավաք տեխնիկայի 80%-ը՝ հին ու մաշված, աղբ վերամշակողներ չկան:
Գերմանական Մագդեբուրգի համալսարանը, Հայաստանի համայնքների միությունը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը համատեղ իրականացրել են Հայաստանում կենցաղային կոշտ աղբի վերամշակման բազային ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակվեցին երեկ՝ Երեւանում:
«Առավոտի» հետ զրույցում Լոգիստիկայի եւ համակարգերի նյութական մշակման Մագդեբուրգի համալսարանի գիտաշխատող Հարթվիգ Հաասենը տեղեկացրեց, որ վերլուծել են Հայաստանի 5 բնակավայրերի՝ Էջմիածին, Վանաձոր, Թալին, Մխչյան, Սեւան, թափոնների բաղադրությունը. «Այդ թափոններից կարելի է որոշել, թե ինչ արժեքավոր նյութեր կան աղբում, որում պարունակված կարեւոր կամ օգտակար նյութերը կարելի է վերամշակել եւ օգտագործել: Բացի այս օգտակարությունից, վերամշակումը շատ լավ է նաեւ շրջակա միջավայրի համար, քանի որ պակասում է այն թափոնների քանակը, որոնք մնում են աղբակույտերում»: Պարոն Հաասենի փոխանցմամբ, իրենք պարզել են, որ Հայաստանում կենցաղային աղբը սովորաբար հավաքվում է արդյունաբերական եւ գյուղատնտեսական թափոնների հետ միասին, ինչի պարագայում արդյունաբերական աղբի պատասխանատուներին հնարավոր չի լինում գտնել, եւ քաղաքացին ստիպված է լինում ինքը կրել թափոնների ծախսերը: Մեր զրուցակցի խոսքով, թափոնների շուրջ 70%-ի բաղադրությունն արժեքավոր նյութեր են, որոնց միայն մի մասը Հայաստանում տարբեր անհատներ գնում են, քանի որ վերամշակելու հնարավորություններ չկան: Մեր զրուցակցի փոխանցմամբ, Գերմանիայում արդյունաբերությունը, գործարանները պարտավոր են վճարել իրենց արտադրած արդյունաբերական թափոնների համար: Թափոններն էլ՝ թուղթ, ապակի, պլաստիկ նյութեր, առանձին-առանձին են հավաքում եւ վերամշակում:
ՀՀ քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Սամվել Սրափյանը, խոսելով աղբի ղեկավարման հայաստանյան տեսակավորման վերլուծությունների մասին, կարծիք հայտնեց, որ ոչ կենցաղային թափոն կոչվածն այդպես էլ Հայաստանում օրենսդրական ձեւակերպում չունեցավ: Ըստ նրա, աղբահանության գործում համայնքներն ունեն լուրջ օժանդակության կարիք. «Ծառայությունների մատուցման դիմաց վճարների մակարդակը հանրապետությունում ցածր է: Համայնքներում 1 շնչի համար բաժին ընկնող վճարը 60-70 դրամ է, Երեւանում՝ 120-180 դրամ, իսկ արդյունաբերական կամ արտադրական ձեռնարկությունների համար համայնքներում անվերահսկելիորեն ինչ-որ սակագներ են ձեւավորվել»:
Սամվել Սրափյանի փոխանցմամբ, մեր հանրապետությունում կուտակվում է մոտավորապես մեկ միլիոն տոննա (3 միլիոն խորանարդ մետր) ոչ կենցաղային թափոն, սակայն կազմակերպված աղբահանություն իրականացվում է միայն 48 քաղաքներում, որոնք նաեւ պետականորեն սահմանված հաշվետվություն են ներկայացնում վիճակագրական ծառայությանը: Ընդ որում, պարոն Սրափյանը փաստում է, որ աղբահանությունը կատարում են տեխնիկապես չզինված կազմակերպությունները: Նրա խոսքով, մայրաքաղաքում վիճակը վերջին տարիներին մի փոքր բարելավվել է, իսկ համայնքներում այն անմխիթար է: Օգտագործվող տեխնիկայի շուրջ 80%-ը հին է ու մաշված եւ փոխարինման կարիք ունի: Վիճակագրական ծառայության վերջին տվյալով, մեր երկրում հավաքված աղբը 500-600 հազար տոննա (1,600 հազար խմ) է: Այսինքն՝ մոտ 400 հազար տոննա աղբ անվերահսկելիորեն թափվում է տարբեր վայրերում՝ ճանապարհների եզրերին, ձորակներում, գետերը, այլուր: Այսօր 61 աղբավայր կա հանրապետությունում, սակայն դրանցից որեւէ մեկը ո՛չ եվրոպական, ո՛չ հանրապետական չափանիշներին չեն համապատասխանում: Սրանից բացի, 500-ից ավելի անվերահսկելի աղբավայրեր կան, որտեղ առանց վերահսկելու կուտակվում են տարբեր, այդ թվում՝ վտանգավոր թափոններ:
Այսօր Հայաստանում չկա աղբի վերամշակման արդյունաբերություն: Ըստ Սամվել Սրափյանի, «այստեղ շուկան է թելադրում, թե վերամշակումն ինչքան կենսունակ համակարգ կարող է լինել, որովհետեւ եթե կայուն տնտեսական հիմք չեղավ, որեւէ բիզնես չի կայանա: Եթե մեկ միլիոն տոննայի մեջ գոնե 30%-ը, օրինակ՝ ստվարաթուղթը, պլաստիկ զանգվածը, ապակին, վերամշակվի, բիզնեսի համար կարող է հետաքրքիր լինել»: