Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը [Իջեւանի նստավայր] նախորդ օրը ավարտեց N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Մաղաքյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատավոր Զոյա Զաքյանը խորհրդակցական սենյակում մնալով 10 րոպե, հրապարակեց Հայկին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը: Նույնքան պատժաչափ էր պահանջել նաեւ մեղադրողը:
Դատավճռի հրապարակումից հետո Հայկ Մաղաքյանի մայրը՝ Սոֆյա Ստեփանյանը, նրա հարազատները երկար ժամանակ չէին լքում դատարանի շենքը, քանի որ ցնցված էին դատավճռից: Նրանք հուզված էին եւ մեղադրում էին հատկապես մեղադրողին, որը ապացույցները բավարար էր համարել:
Սոֆյա Ստեփանյանի կարծիքով, իր որդուն մեղադրելով համածառայող, ազգությամբ հույն Վալերի Շոնովին ինքնասպանության հասցնելու համար, մեղադրողն ու նախաքննական մարմինն ընտրել են «թույլ օղակը»՝ սոցիալապես անապահով իրենց ընտանիքը:
Հայկի մայրն ասաց, որ դիմելու են ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան: Նա հավատում էր, որ իր որդին անմեղ է եւ որ Հայկը նստել է մեկ ուրիշի փոխարեն:
Անցյալ տարվա հունիսի 12-ին Հայկը պիտի զորացրվեր: Հունիսի լույս 10-ի գիշերը Շոնովն ինքնասպան է եղել: Ըստ վերակարգի ավագ սպա Գ. Ղարիբյանի՝ զորամասից 4-4,5կմ հեռավորության վրա վերակարգում գտնվելով՝ Շոնովը ԱԿՍՈՒ տեսակի ինքնաձիգի կրակոցով սպանվել է:
Իր վերջին խոսքում Հայկն ասաց, որ իրենք չափազանց զգուշավոր են լինում հատկապես զորակոչի ավարտին: Սակայն տեսնելով, որ իր մոտից բացակայում է 30 000 դրամ գումարը, նա դիմել է Շոնովին, ասելով, եթե դու ես վերցրել, ինչքան որ ծախսել ես՝ մնացածը վերադարձրու:
Հայկն ասաց, որ դրանով ավարտվե լ է իր եւ Շոնովի հանդիպումը:
Շոնովի գլխին, կրծքին, սակայն, եղել են բազմաթիվ վնասվածքներ, իսկ նրա փամփշտակալից բացակայել է 1 փամփուշտ: Ըստ Մաղաքյանի պաշտպան Մ. Խաչատրյանի, այս դրվագին նախաքննության մարմինը ուշադրություն չի դարձրել:
Դատական նիստը չէր ձայնագրառվում, նիստերի քարտուղարն ընդհանրապես ոչինչ չարձանագրեց:
Այս դատարանում, եթե կարելի էր դատարան անվանել, բացակայում էր «Դատալեքսը»:
Այստեղ փոխված էին միայն դատական կարգադրիչների հագուստները, իսկ դատարանը, որի անունից վճիռ կայացվեց, անմխիթար վիճակում էր, չկար սպասասրահ: