Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԶՐԿԵ՞Լ, ԹԵ՞ ՉԱԶԱՏԱԶՐԿԵԼ

Մայիս 27,2011 00:00

Դատարանների ավելորդ մարդասիրությունը

\"\"Վերջին տարիներին Ճանապարհային ոստիկանության ծառայությունը զգալի կազմակերպչական եւ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ է իրականացրել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ, ինչի արդյունքում՝ չնայած 2008-2011թթ. հանրապետություն մուտք գործած լրացուցիչ 75 հազար ավտոմեքենաներին, ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման միտումը պահպանվել է: Այսպես, 2010թ.-ին հանրապետությունում արձանագրվել է 1974 ճանապարհատրանսպորտային պատահար (2009թ.՝ 2002), որի հետեւանքով զոհվել է 294 (2009թ.՝ 325) եւ մարմնական վնասվածքներ ստացել 2670 (2009թ.՝ 2753) մարդ, այսինքն՝ նվազել է թե պատահարների քանակը, թե վիրավորների թիվը եւ թե զոհերի թիվը: Ընդհանուր պատահարներից 752-ը կամ 38%-ը կազմում են վրաերթերը, ինչի հետեւանքով զոհվել է 137, վնասվածք ստացել՝ 683 մարդ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հետ «Առավոտի» զրույցը սկսվեց «Կա՞ վիճակագրություն, թե առավել շատ պատահարներ որտեղ են գրանցվել» հարցով:

– Պատահարների գերակշիռ մասը՝ 851-ը կամ ընդհանուր 43%-ը, տեղի է ունեցել Երեւան քաղաքում, իսկ 507-ը կամ 25,7%-ը՝ միջպետական նշանակության ավտոճանապարհներին: Առավելապես շատ դեպքեր են արձանագրվել նաեւ Գյումրիում, Արարատում, Արտաշատում, Ստեփանավանում, Գավառում, Հրազդանում եւ Գորիսում:

–Իսկ մահվան ելքով չբացահայտված ճանապարհատրանսպորտային պատահարների պատկերն ինչպիսի՞ն է:

–Դրանց թիվը շուրջ երկու տասնյակի է հասնում: Այս հարցում զգալի անելիքներ ունեն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, մասնավորապես՝ քրեական հետախուզության եւ քննչական ապարատները:

–Ոստիկանությունը արձանագրում է, որ արձանագրված պատահարների թվի նվազումը պայմանավորված է անվտանգության ամրագոտիների կիրառմամբ: Իրականում այդպե՞ս է:

– Կարծում եմ, պատահարների թիվը՝ ոչ այնքան, իսկ վիրավորների եւ զոհերի թվի նվազումը, անշուշտ, պայմանավորված է նաեւ անվտանգության ամրագոտիներով ամրակապված լինելու հանգամանքով, դրանց կիրառման նկատմամբ ոստիկանության համապատասխան ծառայության պատշաճ հսկողության իրականացմամբ:

-Պարոն Թամազյան, անվտանգության ամրագոտիներով չամրակցված վիճակում տրանսպորտային միջոցների վարումը կարծեք դեռ չի վերացել:

–Տեղեկացնեմ, որ մարդիկ ենթարկվել են պատասխանատվության: Ամրագոտիներով չամրակցված վիճակում տրանսպորտային միջոցների վարման համար կազմվել է ավելի քան 110 հազար վարչական իրավախախտման արձանագրություն:

– Հետիոտների խախտումները նո՞ւյնպես արձանագրվում են:

–Հետիոտների կողմից ՃԵԿ-ի խախտման համար 2010թ. կազմվել է 22751 արձանագրություն:

-Իսկ ինչպիսի՞ն է տրանսպորտային հանցագործություններով գործերի քննության որակը:

-Ինչպես հայտնի է՝ այդ բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերով Երեւան քաղաքի քննչական վարչության կազմում գործում է հատուկ մասնագիտացված ստորաբաժանում, իսկ մարզերում դրանք կատարվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քննիչների կողմից: Քննության որակը ընդհանուր առմամբ բավարար է, ցանկալի կլիներ լիներ լավ: Այս հարցում անելիքներ կան, չմոռանանք նաեւ, որ ներկայումս ոստիկանության քննչական ապարատը բաղկացած է հիմնականում երիտասարդ, փորձի պակաս ունեցող կադրերից, որոնց ուսուցանելը եւ մասնագիտական պատրաստվածության բարձրացումը կարեւոր խնդիր է: Այս բնույթի գործերի քննության ընթացքում վճռորոշ դեր է խաղում ճիշտ ելակետային տվյալների հավաքումն ու փորձագետներին ներկայացնելը: Բնական է, որ ոչ ճիշտ ելակետային տվյալների դեպքում մենք կունենանք իրականությանը չհամապատասխանող պատկեր՝ իր բոլոր բացասական հետեւանքներով:

– Իսկ ինչպիսի՞ն է այդ բնույթի հանցագործություններով պատժողական պրակտիկան:

-Ինչպես հայտնի է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մի շարք հանցագործությունների վերաբերյալ գործերի հարուցումը նախատեսում է ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա եւ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա է կարճման: Այդ խմբի գործերի թվին է դասվում ՀՀ ճանապարհատրանսպորտային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Այնպես որ, այս դեպքում գործերի հիմնական մասը կարճվում է կողմերի հաշտության հիմքով: Այլ է վիճակը այն դեպքերում, երբ արարքն առաջացրել է մահ: Նշեմ, որ նախկինում այս բնույթի հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվածների թիվը կազմել է շատ բարձր տոկոս: Օրինակ, 2002 թվականին այն կազմել է 64%: Հետագա օրենսդրական փոփոխությունների արդյունքում, երեւի նկատի ունենալով արարքի անզգույշ բնույթը եւ հանցագործության կատեգորիան, հանցագործության համար նախատեսված պատժաչափերը մեղմացվեցին: Արդյունքում մահացու ելքով հանցագործության դեպքում 2006-2007 թթ. ազատազրկման տոկոսը կազմել է ընդամենը 28: Այս դեպքերի գերակշռող մեծամասնության ժամանակ սահմանվել են իրական ազատազրկման հետ չկապված պատիժներ: Նկատի ունենալով, որ նման պատժողական քաղաքականությունը չի նպաստում այդ բնույթի հանցագործությունների դեպքերի կտրուկ նվազմանը, պատժի նպատակներին, այդ թվում սոցիալական արդարության վերականգնմանը եւ պատժի ենթարկված անձի ուղղմանը, ՀՀ դատախազության կողմից խնդիր դրվեց տրանսպորտային հանցագործությունների քննության որակի բարելավման, ժամանակին եւ ճիշտ խափանման միջոցի ընտրության, մեղադրանքի պատշաճ պաշտպանության, պատժողական ճիշտ քաղաքականության իրականացման, ակնհայտ մեղմ պատիժների վերաբերյալ դատավճիռների բողոքարկման ուղղությամբ, որի արդյունքում վերջին 2 տարիների ընթացքում փաստորեն լուրջ տեղաշարժեր են արձանագրվել, մասնավորապես, այդօրինակ հանցագործություններով պատժողական քաղաքականության իրականացման ոլորտում՝ ազատազրկման տոկոսը հասցնելով ավելի քան 50 տոկոսի: Նման մոտեցումներն ինքնանպատակ չեն եւ յուրաքանչյուր առանձին վերցրած գործի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ որդեգրած դիրքորոշումը ճիշտ է եւ արդյունավետ: Դա վերջին հաշվով բխում է հասարակության անդամների շահերից: Հարցը քննարկվել է ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում եւ կայացվել է համապատասխան որոշում, այդ թվում՝ միասնական պատժողական քաղաքականություն ապահովելու ուղղությամբ: Կարծում եմ, 2011թ. արդյունքների ամփոփման ժամանակ կարձանագրվեն ավելի դրական տեղաշարժեր:

– Կա՞ն խոչընդոտող գործոններ կոնկրետ պատժողական քաղաքանության ոլորտում:

– Խոչընդոտ որպես այդպիսին, մեր պատկերացմամբ, չկան, եթե, իհարկե, չհաշվենք այն դեպքերը, իսկ դրանց թիվը քիչ չէ, որոնցով մեղադրողները դատարաններում միջնորդում են ազատազրկման ձեւով պատիժներ, իսկ դատարանները սահմանում են ազատազրկման հետ չկապված պատիժներ: Դատավճիռների մեղմության դեմ մեղադրողների կողմից բերված բողոքները հիմնականում չեն բավարարվում: Կան նաեւ այնպիսի ցցուն օրինակներ, երբ մեղադրողը բողոքարկել է պատիժը՝ 1 տարի ժամկետով պայմանականորեն չկիրառելու մասին դատարանի դատավճիռը, այն ակնհայտ մեղմ լինելու պատճառով, իսկ վերադաս ատյանը մասնակիորեն բավարարելով բերված բողոքը՝ 1 տարին փոխարինել է 2 տարվա, սակայն՝ դարձյալ պայմանական: Արդյունքում անձը դատապարտվել է իրական ազատազրկման հետ չկապված պատժի: Դատարանների նման միակողմանի հայեցողական դիրքորոշումը, մեղմ ասած, չի նպաստում ընդհանուր խնդիրների լուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել