Չարենցի փողոցում գտնվող Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի դիմացի ստորգետնյա անցումն անձրեւային եղանակներին անանցանելի է: Անցումը տեղումներից հետո լցվում է ջրով եւ չի ծառայում բուն նպատակին: Այստեղից օգտվելու համար մարդիկ պարզապես նավակ պետք է ունենան: Անցումում լցված ջրի բարձրությունը գրեթե հասնում է կես մետրի: Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտների ծնողները «Առավոտի» հետ զրույցում նշում էին, որ այդ անցումն իսկական փրկություն էր Չարենցի՝ բավականին վտանգավոր փողոցն անցնելու համար, սակայն հենց անձրեւները սկսում են՝ գետնանցումը դառնում է անանցանելի. «Տարիներ շարունակ այս վիճակն է: Դժգոհում ենք, սակայն բան չի փոխվում»:
Այս առնչությամբ բողոքների տեքստեր էին տեղադրվել նաեւ քաղաքապետ Կարեն Կարապետյանի Facebook սոցիալական ցանցի պատին, որին ի պատասխան՝ քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը պատասխանել էր, որ Կենտրոն վարչական շրջանը «Երեւան ջուր» ընկերության հետ համատեղ արդեն աշխատանքներ է իրականացնում, սակայն այս ստորգետնյա անցումի ջրահեռացման համակարգը խնդիրներ ունի, ուստի ջրահեռացման համակարգի նորոգման խնդիրը ներառված է ծրագրում՝ մինչեւ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելը:
Նշենք, որ երեւանցիները դժգոհում են նաեւ այս գետնանցումի պատերին արված նկարներից, որի առնչությամբ էլ Շ. Սարդարյանը պարզաբանել է, որ քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին՝ առաջարկություններ ներկայացնել ստորգետնյա անցումները ներդրողներին տրամադրելու վերաբերյալ. «Թերեւս այս ճանապարհով գետնանցումների եւ սանիտարական պայմանները, եւ կիրառական նշանակությունը կպահպանվի, ներդրումների պարագայում հնարավոր է նաեւ կոմերցիոն հետաքրքրություն ձեւավորվի»: Նշենք, որ այդպիսի պատկերներ կան նաեւ աշխարհի զարգացած երկրների քաղաքների գետնանցումներում եւ այլ վայրերում եւ դա կոչում են «underground art»: