Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԿՀԱՄԲԵՐԵ՞Ն՝ ՄԻՆՉԵՎ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱ

Մայիս 27,2011 00:00

Գիշատիչների «սեփականատերը» շունչը պահած դրան է սպասում

\"\"«Հրազդանի կենդանաբանական այգու կենդանիները սոված են: Փող է պետք: Կարո՞ղ եք օգնել»: Երեկ ամբողջ օրը այգու աշխատակիցներն ընկած Երեւանով մեկ մարդկանցից գումար էին խնդրում: Չնայած, ինչպես տնօրեն Արմենակ Ավետիսյանն է ասում, դա անում են կենդանասիրությունից ու նրանց վատ վիճակից դրդված, թեեւ, ինչպես տնօրենն է վստահեցնում, օրվա հավաքածը չի բավականացնում անգամ խնդրի մի տոկոսը լուծելուն:

\"\"Այն, որ Հրազդանի կենդանաբանական այգու տնօրենն անձամբ է կենդանիներին խնամում, կերակրում ու հոգ տանում, կենդանասիրության տեսանկյունից ողջունելի է: Սակայն, եթե հաշվի առնենք, թե ինչ պատասխանատվություն եւ մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում սեփական կենդանաբանական այգի ունենալը, միայն կենդանասեր լինելը բավարար պայման չէ: Վերջերս, ասուլիսի ժամանակ, Արմենակ Ավետիսյանն էլ էր խոստովանել, որ իր կենդանաբանական այգու որոշ կենդանիներ ձմռանը սատկել են՝ ջեռուցում չլինելու պատճառով եւ հրապարակավ ֆինանսական օգնություն էր խնդրում կենդանասերներից:

Երեկ «Առավոտը» պարոն Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իմաստ ունի կենդանաբանական այգի պահել, եթե նորմալ պայմաններ եւ սնունդ չի կարողանում ապահովել կենդանիների համար, ինչին ի պատասխան՝ տնօրենն ասաց. «Ես ահավոր շատ եմ սիրում կենդանական աշխարհը, առավել շատ եմ սիրում երեխաներին, եւ այդ երկու աշխարհների միաձուլումից ես մեծ բավականություն եմ ստանում: Դա բառերով նկարագրելու բան չէ»: Մեր այն դիտարկմանը, որ անձնական բավականությունից կենդանիները չեն կշտանում եւ արդյոք արժե՞ դրա համար նրանց նման պայմաններում պահել, պարոն Ավետիսյանն ասաց. «Ես 1993 թվականից այս այգին բացել եմ եւ շատ լավ աշխատել է: Այն ժամանակ այցելուներն ավելի շատ էին եւ նրանց այցելությունների, գնած տոմսերի հաշվին ծախսերը փակվում էին: Արդեն 2 տարի է՝ համարյա այցելու չի լինում: Երեւի մարդկանց խնդիրներն այնքան են շատացել, որ էլ կենդանիներին էլ չեն հիշում: 93 թվականին մարդկանց ձեռքն ավելի շատ փող կար ու շատ էին գալիս»: Եվ քանի որ այցելուների խիստ պակաս է զգում այգին, պարոն Ավետիսյանը կենդանիներին կերակրելու այլ միջոցներ է փնտրում: Օրինակ՝ խանութների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ մնացորդները տրամադրեն կենդանաբանական այգուն, կամ էլ, երբ գյուղերում որեւէ կենդանի է սատկում, տնօրենին անմիջապես տեղյակ են պահում՝ այգու բնակիչները մի օր էլ կապրեն: Բացի այս ամենը, Հրազդանի կենդանաբանական այգին Հայ առաքելական եկեղեցու պես՝ առատաձեռն քրիստոնյաների վրա էլ է հույս դրել. այգում կա դրամարկղ, որտեղ այցելուները կարող են «սրտից բխած» գումարը նվիրաբերել:

Այգու արդեն նախկին բնակիչ Մադամ անունով կապիկն էլ էր բավականին ֆինանսական օգուտ տալիս այգուն: Նա ամառները հանգստացողների հետ նկարվում էր, ինչի համար մի քանի դրամով պարգեւատրվում, իսկ հասույթն ամբողջությամբ ուղղվում էր կրկին այգու հոգսերը լուծելուն: Ցավոք, ինչպես տնօրենն է ասում, Մադամը ծերացել է եւ սատկել. «Շատ կուզեի էլի կապիկ ունենայի, բայց շատ թանկ արժե»: Հետաքրքրվեցինք, արդյոք այգու բնակիչները պարբերաբար անցնո՞ւմ են անասնաբուժական զննություն, տնօրենը պատասխանեց. «Իմ շատ մոտ ընկերը անասնաբույժ է, ինքը պարբերաբար գալիս է՝ ընկերական ստուգում կենդանիներին»:

Մեր այն հարցին, թե նման լուրջ ֆինանսական խնդիրների դեպքում ինչպե՞ս է պատկերացնում կենդանիների ճակատագիրը, հույսը դրամահավա՞քն է, պարոն Ավետիսյանը կենդանիների համար բավականին անհույս պատասխան տվեց. «Հույսս երկրի վիճակի լավանալու վրա եմ դրել»: Փաստորեն, մինչեւ երկրի վիճակը լավանա՝ կենդանիները սովից կսատկե՞ն, մեր այս դիտարկմանն էլ ի պատասխան, կենդանասեր տնօրենն ասաց. «Առանց կենդանաբանական այգու իմ կյանքը չեմ պատկերացնում: Հենց հիմա խոտ եմ քաղում, որ ծովախոզուկներին տամ: Իսկ եթե հանրապետությունում գտնվի 100 մարդ, որ ամիսը 10 հազար դրամով օգնի մեզ, խնդիրը կլուծվի»:

Մեր երկրում կենդանիներին ոչ ազատ պայմաններում պահելու վերաբերյալ ոչ մի օրենք, նորմ կամ չափորոշիչներ գոյություն չունեն: Թերեւս սա է պատճառը, որ անկախ ֆինանսական միջոցներից եւ կենդանու համար համապատասխան պայմաններից, յուրաքանչյուր ոք կենդանասիրությունից դրդված կարող է վայրի կենդանիների այգի բացել:

Մեզ հետ զրույցում Բնության համաշխարհային հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանը վստահեցրեց՝ «Բացի այն, որ վայրի կենդանիներին ազատ պայմաններում պահելը ոչ միայն թանկ հաճույք է, նաեւ՝ վտանգավոր է թե՛ մարդու եւ թե՛ կենդանու կյանքի եւ առողջության համար: Օրենքի բացակայության պատճառով, եթե անգամ մասնավոր պայմաններում կենդանիներ են պահում, վերահսկողություն չկա: Պետական կառույցները պետք է աշխատեն այդ ուղղությամբ, օրենք ստեղծվի, որով կամ արգելվի առհասարակ բնությունից դուրս կենդանիներին սեփական պայմաններում պահելը, կամ էլ խիստ վերահսկողություն լինի: Միայն սերը քիչ է կենդանաբանական այգի բացելու համար: Նախ դրա համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ: Եթե ես ինքնաթիռ շատ եմ սիրում, ի՞նչ է, գնամ քշե՞մ»: Պարոն Մանվելյանի խոսքերով՝ գիշատիչներին բնությունից դուրս պահելն արգելվել է դեռեւս խորհրդային տարիներին, երբ տան պայմաններում պահվող առյուծը կերել էր փոքր երեխային: Ըստ նրա, խորհրդային տարիներին նաեւ արգելված էր գիշատիչների առուվաճառքը, դա կարող էր լինել միայն կենդանաբանական այգիների միջեւ: Իսկ այսօր հատկապես մեծահարուստների շրջանում մոդա է դարձել սեփական կենդանաբանական մինի այգիներ ունենալ եւ որքան շատ վայրի կենդանի ունենա, այնքան բարձր է նրա հեղինակությունը: «Բնությունից դուրս, ոչ ազատ պայմաններում, առավել եւս նմանատիպ սեփական այգիներում կենդանիներին պահելը նաեւ կենդանիների իրավունքների խախտում է դիտարկվում: Առավել եւս, որ ո՛չ պատշաճ բժշկական օգնություն է մատուցվում, ո՛չ սնունդ: Օրենքի բացակայության պատճառով ունենք այն, ինչ այսօր կա»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Մանվելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել