Որպեսզի նոտարները սովորական գործարքի համար քաղաքացիներից ավելորդ մեծ գումարներ չվերցնեն, կառավարությունը երեկվա նիստում հստակեցրեց մատուցվող վճարովի ծառայությունների սակագներն ու գանձման կարգը:
«Վճարովի ծառայությունները շատ ընդհանրական են ձեւակերպված, որոնք բացառում են կոնկրետ ծառայության համար որոշակի հստակ գումար գանձելու հնարավորությունը: Առաջարկում ենք յուրաքանչյուր ծառայության համար նախատեսել առանձին սակագին»,- բացատրեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը: Ըստ նրա, մինչ այժմ նոտարները առանձնակի բարդ գործարքի անվան տակ մեծ գումարներ են աշխատել. «Կառավարության ավելի վաղ ընդունած որոշումը նոտարին հնարավորություն էր տալիս ցանկացած գործարք իր հայեցողությամբ իրականացնել՝ որպես առանձնակի բարդ, եւ դրանով իսկ առավելագույն գումարը գանձել գրանցման վավերացման համար»: Պարոն Մուրադյանն առաջարկեց ընդհանրապես վերացնել առանձնապես բարդ գործարքների համար սահմանված սակագները, եւ որոշվեց նոտարական ծառայությունների սակագները այսուհետեւ փակցնել նոտարական գրասենյակներում՝ քաղաքացու աչքին տեսանելի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ անդրադարձավ նոտարական ծառայություններից դժգոհող քաղաքացիներին՝ նշելով, որ այս փոփոխությունները սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված քայլերից են. «Նոտարական ծառայություններից մեր քաղաքացիները դժգոհ են, եւ այդ իրավիճակը պետք է շտկենք հնարավոր կարճ ժամկետներում»:
Թե ինչ քայլեր են անում արդարադատության նախարարությունում, որ նվազագույնի հասցնեն նոտարական ծառայություններից դժգոհող քաղաքացիների թիվը, փոխնախարարը լրագրողների հետ զրույցում մեկ առ մեկ թվարկեց. «Շատ քայլեր ենք արել՝ սկսած նոտարիատի մասին օրենքի բարեփոխումներից, մինչեւ օրինական վերահսկողության տեսչության կազմավորման գործընթաց սկսելը»: Պարոն Մուրադյանը պարզաբանեց նաեւ նոտարիատի նախկին պետ Մարիամ Գաբոյանի հայտարարությունը, թե գործարքներ կնքելիս պաշտոնյաները պետական տուրք չեն վճարում: «Իր ղեկավարած բաժնի խնդիրները հենց ինքն էլ պետք է ուսումնասիրեր, եթե ունեցել է այդ փաստերը, բայց չի ուսումնասիրել ու սահմանված կարգով գործին ընթացք չի տվել, թող այդ հարցն իրեն ուղղի»,- ասաց փոխնախարարը: Հարցին, թե սկանդալային հայտարարությունից հետո կուսումնասիրվե՞ն այն գործարքները, որոնց դեպքում չէր վճարվել պետական տուրքը, պարոն Մուրադյանը խուսափեց պատասխանել: Կպատժվի՞ տիկին Գաբոյանը, եթե պարզվի, որ նա խնդրին տեղյակ էր, բայց միտումնավոր ընթացք չի տվել գործին, փոխնախարարն ասաց. «Եթե ունենանք հավաստի տվյալներ, ընթացք կտանք այդ հարցին»:
Ի տարբերություն նոտարական ծառայությունների՝ մոնիտորինգի արդյունքում դրական տեղաշարժ են արձանագրել կադաստրի աշխատանքներում: Վարչապետի խոսքով. «Վերացել են բյուրոկրատական քաշքշուկները, ծառայությունները բարձր որակով են մատուցվում»: