Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐՑՐԱԾԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ

Մայիս 27,2011 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց,  որ այսօր այսպիսի խնդիր կա

\"\"Երեկ կայացած Առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) 4-րդ համագումարում ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Մեր առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները մեզ թույլ չեն տալիս հանգիստ նայել մեր շուրջը տեղի ունեցողին. դա համարժեք է իրադարձությունների հետեւից վազելուն: Այսօր մենք բոլորս՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների ներկայացուցիչներս, պարտավոր ենք լինել իրադարձություններից առնվազն մեկ քայլ առաջ՝ փորձելով կանխատեսել ժամանակի շունչը եւ նոր զարգացումները: Այո, մենք շատ բացեր ունենք, լուծելու բազում խնդիրներ ունենք: Դա տեսնում ու գիտակցում ենք բոլորս: Բայց խնդիրների բազմազանության գիտակցումը չպետք է թեւաթափ անի, ճիշտ հակառակը՝ պետք է ավելացնի դրանք լուծելու եւ ավելի արագ զարգացում ապահովելու համառությունն ու հաստատակամությունը: Ես ավելի քան վստահ եմ, որ չնայած արտաքին տնտեսական բացասական ազդակներին, փակ սահմաններին, աշխարհաքաղաքական, սոցիալական եւ կառուցվածքային խնդիրներին, մեր տնտեսությունն ունի իր զարգացման տեմպերով աշխարհի առաջատար երկրների մեջ լինելու իրական հնարավորություն: Նախորդ տասնամյակի ընթացքում արձանագրված տնտեսական աճի շարունակական երկնիշ մակարդակը լավագույն վկայությունն է այն բանի, որ պարբերական համաշխարհային ճգնաժամերի միջեւ ընկած ժամանակահատվածում երկիրը, իրականացնելով նպատակային տնտեսական քաղաքականություն, ունենալով տնտեսական վերելքի հստակ նպատակադրում եւ հետեւողական առաջնորդություն, կարող է հասնել աննախադեպ արդյունքների: Վերջին տնտեսական ճգնաժամից մենք դուրս եկանք հնարավորին չափ նվազ սոցիալական հետեւանքներով: Այսօր արդեն ունենք նոր մարտահրավերներ, որ պետք է դիմագրավենք, եւ ունենք կորցրածը վերականգնելու ու զարգացման տեմպերն ավելացնելու հստակ խնդիր: Ահա հենց այստեղ է, որ մեր բոլորի ջանքերը պետք է համադրվեն»:

Ճգնաժամի հաղթահարման եւ տնտեսության՝ թեկուզ եւ դանդաղ տեմպերով առաջ գնալու մասին երեկ շարունակ խոսվեց նաեւ Ազգային ժողովում, քանի որ կառավարությունը ներկայացրեց 2010-ի բյուջեի կատարողականը: Խորհրդարանին ներկայացնելով 2010-ի բյուջեի կատարողականը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն առիթը բաց չթողեց խոսելու Ազգային ժողովի դերի մասին. «Ամփոփելով՝ հարկ եմ համարում ընդգծել Ազգային ժողովի նշանակալի դերը՝ վերոհիշյալ միջոցառումների արդյունավետ իրականացման գործում, քանի որ առանց Ազգային ժողովի օրենսդրական աջակցության եւ նախաձեռնողական ակտիվ մասնակցության հնարավոր չէր լինի կյանքի կոչել մեր նախագծերը»: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւս դրական նոտաներով խոսեց անցած տարվա տնտեսական ցուցանիշների մասին. «2010 թվականը դժվար է գնահատել մեկ գնահատականով: Հաշվետու տարում արձանագրվել են մի շարք դրական ցուցանիշներ, մասնավորապես՝ արդյունաբերությունն աճել է 10%-ով, պետական բյուջեի դեֆիցիտը նվազել է 1/3-ով ու ՀՆԱ-ի նկատմամբ կազմել 5%: Արտահանման աճը կազմել է 42%՝ երեք անգամ գերազանցելով ներմուծման աճին: Սակայն այդ նույն տարում արձանագրվել է գյուղատնտեսության 15.7%-ի անկում, իսկ գնաճը կազմել է 9.4%»: Գագիկ Մինասյանի ներկայացմամբ՝ Հայաստանը հիմնական ցուցանիշներով համարվում է նվազ կամ միջին պարտքեր ունեցող երկիր. «Կարող ենք արձանագրել, որ 2010 թվականի բյուջեն ապահովեց պետության հիմնական գործարքների իրականացումն ու նոր մարտահրավերների հաղթահարումը: Միաժամանակ 2010-ը՝ որպես առաջին հետճգնաժամային տարի, տնտեսության մեջ արձանագրելով ձեռքբերումներ եւ թերացումներ՝ չտվեց այն աշխատանքների ուղղությունները, որոնց ուղղությամբ ընթանալով՝ պետք է ավելացնել ձեռքբերումները եւ վերացնել թերացումները»,- ասաց Հանրապետական պատգամավորը:

Պատգամավորի կարծիքով, 2011-ի ընթացքում իրականացվող տնտեսական քաղաքականությունը հուշում է, որ 2010-ի արդյունքներից ճիշտ հետեւություններ են կատարվել: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը իր հերթին հայտարարեց, որ 2010-ին դանդաղ, բայց կայուն աճ է նկատվել. «Մենք կարող ենք արձանագրել, որ հիմնականում 2010-ը դանդաղ, սակայն կայուն տեմպերով վերականգնման տարի էր, երբ որ հնարավորություն ստեղծվեց ճգնաժամային փուլը հաղթահարելու եւ թեւակոխելու տնտեսական աճի փուլը»: Նախարարի ներկայացմամբ՝ մեզ մոտ «ճգնաժամն ավարտվել է, ճգնաժամի հետեւանքները դեռեւս հաղթահարում ենք»: Արդեն երկրորդ օրն է՝ ֆինանսների նախարարը հայտարարում է այս մասին: Մասնավորապես, դեռ նախորդ օրը, երբ քննարկվում էր ՀՅԴ խմբակցության ներկայացրած հարցապնդումը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, ֆինանսների նախարարը կրկին հայտարարել էր. «Կարծում եմ, որ անցած տարի արձանագրված տնտեսական աճը կունենանք նաեւ այս տարի, որը ինչպես մենք ասացինք՝ կայուն տեմպերով տնտեսության վերականգնման տարի է: Մեզ մոտ ճգնաժամն ավարտվել է, ճգնաժամի հետեւանքները դեռեւս հաղթահարում ենք»: «Մխիթարելով» արագ փոփոխությունների սպասողներին՝ ֆինանսների նախարարն ասաց նաեւ, որ այդ հաղթահարման պրոցեսը երկարատեւ է, եւ կառավարությունը բոլոր ջանքերը գործադրելու է՝ այդ ամենը հետեւողական կերպով արագացնելու եւ առողջ ու բազմազան տնտեսություն ու տնտեսության զարգացմանն աջակցող պետական ֆինանսներ ունենալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել