Լեւոն Զուրաբյանը տեսնում է իշխանության պատրաստակամությունը ՀԱԿ-ի երեք պահանջները կատարելու ուղղությամբ:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշմանն ու Կոնգրեսի հետագա քայլերին՝ կարծիք է հայտնել, որ ամեն ինչ վկայում է, որ իշխանությունները պատրաստ են կատարել Կոնգրեսի բոլոր 3 պայմանները՝ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման շուրջ երկխոսություն սկսելու համար: «Ուշադիր հետեւում ենք զարգացումներին, տեսնում ենք, որ ջանքեր են գործադրվում քաղբանտարկյալներին ազատելու համար: Շատ դրական է նաեւ, որ դա ուղեկցվում է հարյուրավոր մարդկանց ազատ արձակումով»,- հավելել է նա: Հարցին՝ որո՞նք են լինելու ՀԱԿ-ի առաջիկա քայլերը եւ արդյոք կարելի՞ է երկխոսության «կիսաբաց դուռը» բացված համարել, Զուրաբյանը պատասխանել է, թե դեռ շուտ է իշխանությունների կատարած քայլերն ամփոփելը: Վերջնական գնահատականը կտրվի մայիսի 31-ի հանրահավաքում. «Մայիսի 31-ի մեր հանրահավաքի ժամանակ, որին կմասնակցեն նաեւ մեր քաղբանտարկյալները եւ իրենց ելույթներում, վստահ եմ, երախտագիտական խոսք կասեն մեր ժողովրդին, որը երեք տարի շարունակ պայքարեց, այդ օրը մենք կամփոփենք բոլոր այս գործընթացները եւ կհայտարարենք մեր հետագա ռազմավարության մասին»: Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայ ազգային կոնգրեսի՝ նախորդ օրն անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին, ինչպես նաեւ իշխանության հետ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցեր. «Մենք արձանագրել ենք լուրջ հաջողություններ: Սա ստեղծում է նոր իրավիճակ, որը հնարավորություն է տալիս պայքարել Հայաստանում անցնցում լեգիտիմ իշխանության ձեւավորման համար»,- կարծում է Կոնգրեսի համակարգողը:
Իսկ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով համաներման հարցին՝ ասել է. «Մեզ չեն հետաքրքրում իրավաբանական ձեւակերպումները, տեքստերը։ Դրանք էական չեն: Մենք մեր խոսքը կասենք այն ժամանակ, երբ տղաները դրսում կլինեն, մեզ հիմա հետաքրքրում է միայն այն, որ նրանք ազատվեն»։ Բայց կանխատեսել, թե երբ նրանք ազատության մեջ կլինեն, Մուսինյանը ձեռնպահ է մնացել: