Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հստակ մեսիջ՝ Ադրբեջանին

Մայիս 27,2011 00:00

Այդպես է գնահատում երեք նախագահների հայտարչարությունը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ես կարծում եմ, որ համանախագահների հայտարարությունը բավականին հստակ էր, եւ այն ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում: Այն իր մեջ պարունակում էր որոշակի ազդակներ, կար հստակ մեսիջ՝ ուղղված Ադրբեջանին: Թերեւս առաջին կարեւոր կետն այն է, որ համանախագահները մեկ անգամ եւս իրենց համոզմունքն են հայտնում այն կապակցությամբ, որ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով, ինչն անշուշտ համահունչ է հայկական կողմերի մոտեցումներին»,- մեկնաբանելով Մեծ ութնյակի հանդիպման ժամանակ ֆրանսիական Դովիլ քաղաքում հնչեցված համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, դրա առնչությամբ կարելի է ընդամենը վերհիշել ՀՀ նախագահի՝ «Եվրանյուզ»-ին տված հարցազրույցը, որով նախագահը առաջարկում էր ուժի չկիրառման վերաբերյալ պայմանագիր կնքել:

«Երկրորդ հանգամանքը, որ կցանկանայի առանձնացնել, այն է որ համախագահ երկրների ղեկավարները հերթական անգամ նշում են, որ ուժի կիրառումն էլ ավելի կբարդացնի իրավիճակը, իսկ ինչպես հայտնի է՝ հայկական կողմերը ուժի կիրառման դիրքերից երբեք հանդես չեն եկել: Հակառակը՝ այդ մասին ամենաբարձր մակարդակով մշտապես խոսում է ադրբեջանական կողմը: Սա նշանակում է, որ հայտարարության այդ դրույթն ուղիղ մեսիջ էր Ադրբեջանին, որում ընդգծվում է, որ նմանատիպ հայտարարությունները դատապարտելի են»,- ասաց պատգամավորը:

Բանախոսը նշեց, թե հաջորդ դրույթը, որը կարելի է առանձնացնել, այն է, որ Ադրբեջանի կողմից ուժի երկրորդ անգամ կիրառումը կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել:

«Իսկ ինչպես հայտնի է, 1990-ականներին պատերազմը սանձազերծվել է հենց Ադրբեջանի կողմից: Ավելին՝ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտմանն Ադրբեջանը պատախանել է պատերազմով: Այսինքն՝ համանախագահ երկրների նախագահները զգուշացնում են, որ նոր պատերազմի սանձազերծումը Ադրբեջանի համար նոր պրոբլեմներ կարող է առաջացնել»,- ասաց Շարմազանովը:

Խորհրդարանականն ընդգծեց, որ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ հայտարարությամբ կոչ է արվում երկու կողմերին՝ հասարակություններին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

Նրա խոսքերով, կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ հայտարարության մեջ հստակորեն ընդգծվում է, որ խնդրի ձգձգումը հարցականի տակ կդնի կողմերի պայմանավորվածությունը:

«Հայտարարության մեջ նշվում է «կողմերի առաջնորդներին»՝ նկատի ունենալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի առաջնորդներին: Համանախագահները դրանով անուղղակիորեն ընդունում են, որ ԼՂՀ-ն բանակցային կողմ է, եւ հարցի կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն ու միայն Արցախի կողմի մասնակցությամբ: Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս Ադրբեջանը պետք է իր հասարակությանը խաղաղության պատրաստի, եթե երկու տասնամյակ է՝ թշնամություն ու ատելություն է սերմանում: Դա մի մեծ խնդիր է, որը մշտապես ուղեկցելու է նրանց»,- ընդգծեց խորհրդարանականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել