Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մայիս 27,2011 00:00

ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահ պրն Ռադիկ Մարտիրոսյանին 
Կրկնօրինակը՝ «Առավոտ» թերթի խմբագրությանը

 \"\" \"\"
\"\"

Ազգային ակադեմիայի մեծարգո պարոն նախագահ
Նամակը հասցեագրելով Ձեզ՝ դիմում եմ նաեւ Ազգային ակադեմիայի նախագահությանն ու մեր Ակադեմիայի բոլոր հարգելի անդամներին:

Նամակը գրելուց առաջ, անշուշտ, երկար եմ մտածել՝ գիտակցելով նաեւ, որ թերեւս ես իրավունք չունեմ առաջարկելու այն, ինչը առաջարկելու եմ: Սակայն ելնելով այն պարզ ճշմարտությունից, որ ցանկացած երկրի Ակադեմիա պարտավոր է տեսնել-նկատել ու իր հոգեւոր տանիքի տակ հավաքելով՝ վավերացնել-հաստատել ու կնիքել բոլոր այն լուսավոր մարդկանց գործունեությունը, ովքեր դուրս են Ակադեմիայից եւ նույնիսկ չեն էլ մտածել դիմել Ձեզ:

Ուստի ես զանց առնելով իրավունք ունենալու եւ չունենալու իմ խնդիրը՝ հանդգնեցի Ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողքին, մեզ հետ ապրող երեք երեւելի այրերի անունների.

Արգամ Այվազյան

Սամվել Կարապետյան

Թովմաս Պողոսյան

Մեր ազգային հոգեւոր կյանքում այդ պայծառ մշակների անունները ես գիտակցաբար ներկայացնում եմ այբբենական կարգով:

Մեծարգո նախագահ.

Այս կարճ նամակի մեջ տեղին չէ մանրամասն բնութագրել տարիների նրանց լուսավոր գործունեությունը: Մարդիկ, ովքեր միջնադարյան գրիչների նման՝ ամեն մեկը իր ընտրած բնագավառում, մեն-մենակ արեցին անհավատալին՝ չունենալով ո՛չ թիկունք, ո՛չ պաշտպան: Իմ աշխատանքի բերումով տարիներ շարունակ ես առնչվել եմ նրանց գործունեությանը՝ սկսած «Գարուն» ամսագրից, մինչեւ ԱՐ հեռուստաընկերություն եւ այնուհետեւ: Հետեւել եմ ու հրաշալի տեղյակ եմ նրանց աշխատանքներին, գաղափարախոսությանը, նրանց մտքի ազգային կերպին:

Վստահ եմ, որ չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ նրանցից ամեն մեկը, չնայած իրենց դեռ երիտասարդ տարիքին, արել են մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք, ինչը արժանի է հրապարակային գնահատման:

Հավատացեք, պարոն նախագահ, նամակով Ձեզ դիմելուց առաջ չեմ խորհրդակցել նրանց հետ: Եվ վաղը այս նամակը կարդալիս ամենաշատ նրանք անակնկալի կգան եւ կզարմանան, քանի որ երեքն էլ, մեծ իմաստով, համեստ մարդիկ են:

Ես գիտեմ, որ Ակադեմիան ունի իր կանոնադրությունը եւ Ակադեմիայի անդամ կամ պատվավոր դոկտոր ընտրվելու համար պետք է համապատասխան ճանապարհ անցնել: Բայց խնդիրն այն է, որ նրանք այդ ճանապարհը արդեն անցել են: Չէ՞ որ կարեւորը գիտական ուսումնասիրության արդյունքն է, գիտական մտքի հանգրվանը: Իսկ նրանք վաղուց արդեն հասել են այդ հանգրվանին եւ խորը հարգանք են վայելում հասարակության մեջ:

Ավարտելով նամակս՝ մեծարգո նախագահ եւ Ազգային ակադեմիայի հարգելի անդամներ, դիմում եմ Ձեզ՝ խնդրանքով.

Առաջիկայում նեղություն քաշեք Դուք հրավիրեք այդ երեք պայծառ մարդկանց, քանի որ նրանք երբեք չեն դիմի: Հրավիրեք նախնական զրույցի եւ ծանոթացեք նրանց աշխատություններին, թեեւ կարծում եմ, որ արդեն ծանոթ եք:

Ձեր կողմից նրանց կոչում շնորհելը Ակադեմիայի անդամ, թե պատվավոր դոկտոր, պատիվ կբերի ոչ միայն նրանց, այլեւ Ձեզ՝ մեր Ազգային ակադեմիային:

Հարգելի նախագահ.

Նամակի սկզբում արդեն գրեցի, թե ես գիտակցում եմ, որ իրավունք չունեմ դիմելու Ձեզ առաջին հայացքից՝ իմ անսովոր առաջարկով, բայց համոզված էի, որ թերեւս ունեմ բարոյական իրավունք: Ուստի այս պարագայում կարծում եմ, որ կարեւորը ոչ թե կանոնադրական իրավունքն է, այլ տեսնելը, նկատելը ու բարձրաձայնելը: Քանզի երբ տեսնում ես երեւելի գործը ու չես հայտարարում այդ մասին՝ դա անտարբերություն է ու չկամություն ոչ միայն երեւելի գիտնականի հանդեպ, այլ նաեւ հայրենիքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել