Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄԱՆ ԱՄԻՍ

Մայիս 27,2011 00:00

\"\"Մեր օրերում, ինչպես նաեւ մեզանից առաջ, կար եւ կա մի տարօրինակ տեսակետ, թե՝ Աստծո հետ եղիր մտերիմ, իսկ հրեշտակների հերն էլ անիծած: Այնինչ, պարզվում է, որ դա խորը մոլորություն է՝ մարդու հերթական սխալը, քանի որ մարդ արարածը զարմանալիորեն շարունակ մոռանում է, որ իր խոսքն ու գործը, իր կերպն ու ստվերն անգամ ենթակա են քննության, եւ Աստծո ուշադրությանն են հասու դառնում հրեշտակների միջոցով…

Տարիներ առաջ, երբ ես դեռ պատանի էի, եւ երբ շրջկենտրոնի հետ կապող ճանապարհները ծածկվում էին ձյունով՝ մեր հարեւան Տրկնա գյուղի դպրոցի տնօրենի աղջիկը եւ կոլտնտեսության նախագահի տղան, ինչը սովորաբար ընդունված էր ղեկավարների ընտանիքներում, եւ ինչպես նաեւ հիմա է ընդունված, չգիտեմ՝ սիրեցին, թե չսիրեցին իրար, բայց ամուսնացան: Իսկ այդ տարիներին ձմեռները բքաշունչ էին, եւ դեպի մեծ աշխարհ տանող ճանապարհները՝ փակ: Եվ մի օր, սակայն, եղավ այնպես, որ նորապսակները ինչ-որ ջահելական վեճի առիթով նեղացան իրարից, եւ աղջիկը գնաց հոր տուն: Սկսվեց համագյուղական մի տարօրինակ շարժում: Գյուղի մի մասը աղջկա կողմն էր, մյուս մասը՝ տղայի: Եվ տեղի ունեցավ սովորական թվացող անսովորը. կոլտնտեսության նախագահը հրավիրեց վարչության նիստ եւ դպրոցի տնօրենին, այսինքն թե՝ իր նորահարսի հորը ազատեց աշխատանքից: Ընդդիմադիր թիմի անդամները կատաղեցին եւ խորհուրդ տվեցին դպրոցի տնօրենին համապատասխան քայլ անել: Ու դպրոցի տնօրենը հրավիրեց մանկավարժական խորհրդի նիստ եւ աշխատանքից ազատեց կոլտնտեսության նախագահին: Հասկանալի է՝ երկուսն էլ այդ իրավունքը չունեին:

Եվ որովհետեւ գյուղ էր՝ մեծ աշխարհից կտրված, ճանապարհները փակ էին ու ճգնաժամ էր, ընդդեմ եւ հանուն խմբերը հաղթանակ էին տոնում, մինչեւ որ գարունը եկավ, ու ճանապարհները բացվեցին: Եվ վերին կենտրոնից եկավ Աստծո հրեշտակ-պաշտոնյան ու դիմության եւ ընդդիմության ղեկավարներին ասաց.

– Ձեր կյանքի մայիսն է, ձեր հաղթանակի ամիսը: Եվ բոլորը հանկարծ հրեշտակի ձայնի մեջ լսեցին Աստծո ձայնի արձագանքը, որն էր, թե՝ տունը հայրական շատ ավելին է, քան ձեր անձնական կռիվն ունայն, քանի որ նորապսակ տղան ու աղջիկը երեք տարի անց արդեն միասին էին եւ միասին էլ ապրելու էին: Քանի որ դրսին հաղթելուց առաջ իրենք իրենց ներսում հաշտվել էին: Եվ եկավ մայիսը՝ ամիսը հաղթանակների: Իրար ներելու եւ միասնության ամիսը, որ կարողանանք հաղթել դրսին:

:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել