ԱԺ այդ որոշմանը միակ ձեռնպահ քվեարկածը Տիգրան Թորոսյանն է, որը համարում է, թե «ընդունված փաստաթուղթն արդարացի չէ»:
Մինչ խորհրդարանի գարնանային նստաշրջանը երեկ կավարտեր աշխատանքները՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ազդարարեց, որ համաներում հայտարարելու մասին որոշումն արդեն իսկ հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրում», ուստի մտնում է ուժի մեջ:
Նշենք, որ համաներման վերջնական տեքստում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, որոնք եւ ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Առաջինը «վերաբերում է անզգույշ հանցագործություն կատարելու համար պատժի մեկ քառորդը կրելուց հետո ազատվելուն»: Բացի այդ՝ երկարացվել է այն ժամկետը, որի ընթացքում հետախուզման մեջ գտնվող անձինք կարող են ներկայանալ, ու «ներկայանալուց հետո նրանց նկատմամբ գործը կկարճվի». նախագծով նախատեսված հունիսի 31-ը վերջնական տարբերակում փոխարինվել է օգոստոսի 21-ով: Ըստ Հրայր Թովմասյանի՝ «Առաջարկությունների մյուս մասը վերաբերում էր բացառություն համարվող հոդվածների շարքին, որոնց վրա չի տարածվում համաներումը՝ տրանսպորտային վթարների արդյունքում երկու եւ ավելի մահ առաջացրած դեպքերին: Հաշվի առնելով, որ սրանք եւս անզգույշ հանցագործություններ են, ապա բացառությունների շարքից, որոնց վրա չի տարածվելու համաներումը՝ այս հոդվածով կատարված հանցագործությունները եւս հանվել են: Սա նշանակում է, որ այն անձանց վրա, որոնք դատապարտվել են այս հանցագործությամբ՝ կտարածվի: Բայց այս պարագայում, հաշվի առնելով նրանց պատժի մեծ չափը, ենթադրվում է, որ նրանց պատժաչափը կկրճատվի: Այսինքն՝ նրանք ամբողջությամբ ազատազրկումից չեն ազատվի»:
Նշեց նաեւ, որ որոշման 9-րդ հոդվածում էլ խմբագրական որոշ փոփոխություններ են կատարվել, «թեեւ առաջին իսկ հայացքից էլ հստակ էր այն ամբողջը, ինչ որ ցանկանում էին, բայց այդ խմբագրական փոփոխություններն է՛լ ավելի կհստակեցնեն այն նպատակը կամ խնդիրը, որոնց ուղղված էր դա»: Մեր խնդրանքով հստակեցնելով՝ պրն Թովմասյանն ասաց, որ իր այս ակնարկը Նիկոլ Փաշինյանի առնչությամբ մեկնաբանությունների մասին էր, թե 2009-ի համաներման ակտը նրա նկատմամբ կիրառվել է, եւ պատիժը կրճատվել: Ուստի տարընթերցումներից խուսափելու համար այժմ կատարվել է հստակեցում, որ ակնհայտ դառնա՝ այս համաներումն էլ է նրա վրա տարածվելու:
ԱԺ ամբիոնից Հրայր Թովմասյանը պատասխանեց նաեւ արծարծվող այն հարցերին, թե արդյոք այս համաներումը կապվա՞ծ է «Մարտի 1»-ի հետ եւ միջազգային կառույցների պահանջների շնորհի՞վ է իրականացվել. «Պետք է ասեմ, որ մեր նպատակն ավելի տարողունակ է, եւ մեր առջեւ ավելի լուրջ խնդիրներ են դրված, քան թե միայն րոպեական այդ խնդիրը լուծելը:
Իսկ այդ խնդրի էությունն է՝ վերլուծել 3-րդ հանրապետության պատմությունը եւ մշակել գործողությունների հստակ ծրագիր՝ մեծացնելու համար հանրային կարգի կարգավորվածությունը: Ուստի համաներումն այդ ծրագրի դրվագներից մեկն է: Ես ուրախ եմ, որ համաներումով որոշ խումբ մարդիկ դուրս կգան եւ կհայտնվեն ազատության մեջ: Դա մեզ կօգնի ազատվել անցյալի տխուր իրողություններից, իրողություններն ամեն օր հիշելու տհաճությունից: Բայց եւ չպիտի հանգստանանք՝ մտածելով, թե ամեն ինչ ավարտվել է: Մենք՝ որպես հանրություն, խնդիր ունենք այնպես կազմակերպելու մեր երկրի ներքին կյանքը, որպեսզի լինի իրական քաղաքական երկխոսություն կամ բանավեճ, եւ միմյանց ոչնչացնելը դադարի լինել նպատակ որոշ քաղաքական ուժերի համար: Տեսակետների տարբերությունը չթշնամացնի կողմերին, եւ ունենանք այնպիսի հասարակություն, որտեղ ուժերը կկենտրոնացվեն ոչ թե միմյանց դեմ, այլ համընդհանուր խնդիրները լուծելու համար: Ուստի ՀՀ նախագահի համաներման այս նախաձեռնությունը պետք է ընդունել հենց այս համատեքստում»:
Նշենք նաեւ, որ համաներման որոշմանը 91 պատգամավոր «կողմ» եղավ եւ ընդամենը մեկ ձեռնպահ՝ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, որն «Առավոտին» պարզաբանելով իր քվեարկությունը՝ ասաց. «Դեմ չեմ քվեարկել, որովհետեւ հաշվի առնելով դատական համակարգի վիճակը՝ կալանավայրերում կարող են լինել անմեղ մարդիկ, որոնց ազատվելու համար ուրախ կլինեմ: Կողմ չեմ քվեարկել, քանի որ ընդունված փաստաթուղթն արդարացի չէ: Հանցանքի ծանրությունն առաջին հերթին բնութագրում է պատժաչափը, իսկ փաստաթղթում կարեւորվում է հոդվածի անունը, ազատ արձակման համար՝ գործոններ, օրինակ, դատապարտյալի տարիքը, որոնք չեն կարող բնութագրել, թե արդյոք դատապարտյալը պատրա՞ստ է նորմալ կյանքի: Օրինակ, անզգուշությամբ կատարված, 10 տարով՝ ծանր հանցանքի համար դատապարտվածը, որը պատիժը կրել է 2.5 տարի, ազատ կարձակվի, իսկ, օրինակ, այլ հոդվածով՝ 5 տարով դատապարտվածը, եթե անգամ ունեցել է օրինակելի վարք, ու 4 տարին անցել է՝ չի ազատվելու, եթե սովորական մարդ է` 60 տարեկան չէ կամ 3 երեխա չունի: Անարդար փաստաթղթի համար չեմ կարող կողմ քվեարկել»: