Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-Ի ԴԱՍԵՐԸ

Մայիս 27,2011 00:00

\"\"ԱԺ-ում գրեթե լիակատար անտարբերության պայմաններում երեկ քննարկվեց «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ եզրակացությունը:

Ընդամենը մի քանի րոպե տեւած քննարկում, հն չած մեկ հարց, ոչ մի ելույթ՝ այս պայմաններում երեկ ԱԺ-ն օրվա ավարտին քննարկեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը՝ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքի եւ արդյունքների մշտադիտարկման վերաբերյալ: Մինչդեռ այդ եզրակացությունը պարունակում է բավական հետաքրքրական դրույթներ:

Ասենք, համարվել է ավարտված հատուկ միջոցների կիրառման կարգի եւ դրանց օգտագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ օրենքներ մշակելու վերաբերյալ առաջարկի իրականացումը, բայց դեռ շարունակվում է այդ օրենքներից բխող իրավական ակտերի ընդունման գործընթացը: Մինչեւ 2011-ի օգոստոսի վերջը կառավարության որոշում կլինի «Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված մարտական տեխնիկայի ցանկը սահմանելու մասին»: Օգոստոսի սկզբին էլ սպասվում է առողջապահության նախարարի հրամանը՝ «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին»: Եվ վերջապես՝ հենց մայիսի վերջին է սպասվում ՀՀ ոստիկանապետի հրամանը՝ «Ոստիկանության կողմից հատուկ միջոցները գործադրելու եւ դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, ինչպես նաեւ հատուկ միջոցները պահպանելու եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին»:

«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկներից էր իրենց տրամադրության ներքո եղած տեսանյութերում «ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ ուժի կիրառման բոլոր դեպքերը դարձնել պատշաճ քննության առարկա»: Ներկայացնելով եզրակացությունը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց. «ՀՀ նախագահի կողմից ամենակարեւոր հարցերի վերաբերյալ տրվել են շատ հստակ հանձնարարականներ, եւ մենք իսկապես սպասում ենք, թե ինչ ընթացք կստանա իրավապահ մարմինների գործունեությունը: Մենք այս մասով շատ սահմանափակ արձագանք ենք ունեցել: Դիմել ենք հանձնաժողովի անունից, որպեսզի ճշտենք՝ ինչ վիճակ է, եւ ստացել ենք հավաստիացումներ իրավապահ մարմիններից, որ գործը վերանայվում է, ապացույցները վերագնահատվում են եւ կատարվում են մի շարք նոր քննչական գործողություններ: Եկեք սպասենք ՀՀ նախագահի հանձնարարականի կատարման վերաբերյալ հաշվետվությանը»: Նույն կերպ՝ շարունակում են հետեւել, որ անցկացվեն ոստիկանների հետ դասընթացներ՝ լրագրողների հետ աշխատանքի կազմակերպման մասին, «որպեսզի ոչ միայն չսահմանափակեն, այլեւ ապահովեն ու ցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն լրագրողների կողմից իրենց մասնագիտական գործունեությունն արդյունավետ իրականացնելու առումով»:

Օրենքներ ընդունելու իմաստով՝ ավարտված է համարվել մշտադիտարկումը, որ ապահովեն, «որպեսզի ոստիկանության ծառայողները զանգվածային միջոցառումների ընթացքում ծառայություն իրականացնելիս պարտադիր կերպով կրեն ոստիկանության ծառայողական համազգեստ՝ զանգվածային միջոցառման մասնակիցների կողմից որպես ոստիկան ճանաչվելու համար»: Բայց այս առնչությամբ մշտադիտարկումը շարունակվելու է պետական բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում:

Թեեւ ժամանակավոր հանձնաժողովն առաջարկել էր շուտափույթ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք՝ գրավոր եզրակացության համաձայն, այն դեռեւս չի էլ քննարկվել ԱԺ նիստում:

Դեռ 2010-ի մայիսի իր եզրակացությունում ԱԺ պետաիրավական հանձնաժողովը նշել էր, որ պետք է ներկայացվի տեղեկատվություն «գյուղատնտեսական աջակցության ծրագրերի, դրանց ծավալների եւ արդյունքների վերաբերյալ (ըստ մարզերի)»: Եվ նոյեմբերին արձանագրել էր, որ դեռ չի ներկայացվել տեղեկատվություն: Նույն արձանագրումն արվել է նաեւ այս եզրակացության մեջ: Եվ երեկ ԱԺ ամբիոնից Դավիթ Հարությունյանն ասաց, որ իրենք կառավարությունից մի քանի տվյալներ են ցանկացել ստանալ, սակայն դրանք չեն ներկայացվել. «Դա շատ բացասական է անդրադառնում մեր եւ կառավարության գործընկերային հարաբերությունների վրա: Իհարկե, իրավիճակի համար կարելի է ամբողջ մեղքը բարդել նախորդ կառավարության վրա՝ հասկանալի մոտեցում է: Բայց բացարձակապես անհասկանալի մոտեցում է, որ մեղքը բարդելով՝ տարրական քայլեր, երբ մենք խնդրում ենք մեզ ներկայացնել թե ինչ միջոցառումներ են նրանք պատրաստվում իրականացնել, կամ ինչպիսին է վիճակը այսօր՝ այդ տեղեկատվությունը չեն ներկայացնում: Ուստի այն հատվածում, որտեղ մենք դժգոհ ենք կատարումից, առաջարկել ենք ամրագրել, որ կատարման ընթացքն անբավարար է: Ճիշտ հասկացեք հանձնաժողովի դիրքորոշումը՝ մենք չենք ասում, որ վիճակն է անբավարար: Մենք ասում ենք, որ կատարման ընթացքն է անբավարար, որովհետեւ հնարավորություն չենք ստացել գնահատականներ տալու»:

Հնչած եզակի հարցի հեղինակը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր եւ հետաքրքրվում էր «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի հետեւյալ առաջարկների մասին՝ «ՀՀ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելով՝ ստեղծել բողոքարկման եւ գանգատարկման այնպիսի համակարգ, որում ընտրական գործընթացի մասնակիցները կարողանան հնարավորինս լիարժեք իրավական պաշտպանություն ստանալ ենթադրյալ իրավախախտումների դեպքում, ինչպես նաեւ գործնականում հավասար հնարավորություններ երաշխավորել քաղաքական բոլոր ուժերին թե՛ պաշտոնական քարոզարշավի ընթացքում, թե՛ դրան նախորդող ժամանակահատվածում», ու նաեւ՝ «Հաստատել սոցիալական համերաշխություն եւ արդարություն, սահմանել կենսապահովման նվազագույն զամբյուղ եւ բյուջե, եւ աղքատության շեմը համապատասխանեցնել դրան, ինչպես նաեւ դրա հաշվառմամբ հետեւողականորեն բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները»: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն ինքն էլ էր նշել, որ ՀՅԴ պատգամավորների օրենքի նախագիծը՝ «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին»՝ մայիսի 12-ին մերժվել է ԱԺ կողմից, եւ հետաձգվել է ՀՀԿ պատգամավորների համանուն նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու ժամկետը: Բայց որեւէ գնահատական չի տրվել այս փաստերին: Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան, թե ընդունված «Ընտրական օրենսգիրքը» բավարարո՞ւմ է արդյոք վերոշարադրյալ պայմաններին՝ Դավիթ Հարությունյանը սկսեց մանրամասն շարադրել նոր օրենսգրքով արձանագրված բարելավումները. «Մենք մերժեցինք ոչ արդյունավետ մեխանիզմները եւ առաջարկեցինք արդյունավետ մեխանիզմներ: Ինչքանո՞վ են մեր մեխանիզմներն արդյունավետ՝ ցույց կտա ոչ միայն ժամանակը, այլեւ, կարծում եմ, մոտ ժամանակներս Վենետիկի հանձնաժողովը կներկայացնի վերջնական եզրակացություն մեր «Ընտրական օրենսգրքի» հետ կապված: Եվ մենք առիթ կունենանք տեսնելու՝ ինչպե՞ս են գնահատում միջազգային փորձագետներն ընդունված նախագիծը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել