Աշխարհի բնակչության մոտավորապես 10%-ը ձախլիկ է
Նախկինում՝ հատկապես խորհրդային տարիներին ձախլիկ լինելը համարվում էր թերություն: Ձախլիկ երեխաներին զոռով աջլիկ էին դարձնում, որպեսզի երեխան որեւէ միջավայրում արատավոր չընկալվի եւ չկոմպլեքսավորվի, սակայն ժամանակակից գիտությունն ապացուցեց, որ ձախլիկությունն ամենեւին էլ թերություն չէ, դա ապրելակերպ է: Այն ոչ սովորույթ է, ոչ հիվանդություն, ոչ էլ մանկավարժական դաստիարակության վրիպում, եւ չի կարելի բռնանալ մարդու հարմարավետության դեմ: Օրինակ, ձախլիկ երեխային աջ ձեռքի սովորեցնելը կարող է նեւրոզ առաջացնել նրա մոտ: Շատ հազվադեպ այս բռնությունը, կարելի է ասել, դրական արդյունք է տալիս. ձախլիկ երեխաները սկսում են միանման տիրապետել 2 ձեռքերին:
Ձախլիկների ձախ ձեռքի գերադասությունը կապված է ուղեղի հետ, նրանց ուղեղի ձախ կիսագունդն առավել զարգացած է, ուստի ապացուցված է, որ ձախլիկներին հարկադրաբար աջլիկ դարձնելու դեպքում տուժում է ուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգայարանների համար եւ կարող են ի հայտ գալ բազմաթիվ բացասական երեւույթներ՝ հոգեկան անկայունություն, ֆիզիկական զարգացման թուլացում, անփութություն, դանդաղկոտություն, ախորժակի բացակայություն, հոտառության սրում, տրամադրության կտրուկ փոփոխություններ: Ձախլիկությունը կարող է առաջանալ թե ժառանգականության հետեւանքով, թե ներարգանդային զարգացման ընթացքում կամ ծնվելիս: Երեխաների մոտ ձեռքերից մեկի առավելությունը մյուսի նկատմամբ ձեւավորվում է հիմնականում 4 տարեկան հասակում: Եթե այդ տարիքում երեխայի մոտ առկա է ձախլիկություն, իսկ ազգականների մեջ երեւույթը նույնպես կա, ապա չի կարելի պայքարել դրա համար, մանավանդ որ, գիտնականները հայտնաբերել են, որ ձախլիկների մոտ անգամ ԴՆԹ-ի պարույթներն են ձախից աջ պտտվում, այլ ոչ թե աջից ձախ, ինչպես աշխարհի բնակչության մեծամասնության մոտ է:
Ընդհանրապես ժամանակակից գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձախլիկներն առանձնահատուկ են ամեն ինչում, նրանց մոտ գերակշռում են զգացմունքային անհավասարակշռությունը, ցասումը, վախը, տրամադրության կտրուկ անկումը, խղճահարությունը, դյուրազգացությունը, զգացմունքայնությունը, անհանգստության կամ տագնապի նշանները: Նրանց խոսքը հուզականորեն հագեցած է եւ շարժումներով հարուստ, սակայն նրանք դժվարություններ են ունենում գրելիս եւ կարդալիս: Նրանք անմիջական են, կամակոր, լացկան, հաստատուն են իրենց ցանկությունների իրականացման հարցում: Ձախլիկներին հեշտությամբ չի տրվում անցումը մի գործընթացից մյուսին: Հատկապես դժվարանում են արագ գործողություններ կատարել 2 ձեռքով միաժամանակ՝ պարային շարժում, մարմնամարզություն: Ձախլիկների անհարմարվողականությունը հատկապես նկատե
լի է դպրոցի տարրական դասարաններում: Մեծ մասի համար դժվարություններ են առաջանում այնպիսի հմտությունների ձեւավորման հարցում, ինչպիսիք են, օրինակ՝ գիրը, հաշիվը, ընթերցանությունը: Նրանք դժվարությամբ են հիշում այբուբենի տառերի հաջորդականությունը: Դա բոլորովին չի նշանակում, որ նրանք նվազ ընդունակ են: Ուղղակի կյանքի տարբեր բնագավառներում ձախլիկների հարմարեցումը սովորաբար ավելի դժվար է ընթանում, քանի որ նրանք ապրում են աջլիկների համար նախատեսված աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ հարմարեցված է աջլիկների գործունեությանը՝ սկսած այնպիսի պարզագույն գործիքներից, ինչպիսիք են մկրատը, արդուկը եւ այլն: Չնայած դրան, ձախլիկ երեխաների մեջ գերակշռում են ստեղծագործական տաղանդով օժտված եւ ոչ ստանդարտ մտածողություն ունեցող անհատականություններ: Նրանց շարքում հաճախ կարելի է հանդիպել գրականագետների, լրագրողների, արվեստի գործիչների, կազմակերպիչների: Հանրաճանաչ մարդկանցից ձախլիկներ են եղել եւ կան՝ Լեոնարդո դա Վինչին, Պաբլո Պիկասոն, Չարլի Չապլինը, Փոլ ՄակՔարտնին, Ֆրանց Կաֆկան, Ֆիդել Կաստրոն, ԱՄՆ նախագահների մի մասը եւ այլն:
Վիճակագրական տվյալներով, աշխարհի բնակչության մոտ 10 %-ը՝ 500 միլիոնից ավելին, ձախլիկ է: Նրանք անգամ իրենց միջազգային օրն ունեն, այն նշում են օգոստոսի 13-ին: Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումներ արտադրողներին իրազեկ պահել ձախլիկների առջեւ կանգնած դժվարությունների մասին. օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված եւ արտադրված սարքավորումներից օգտվելիս, ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետեւանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային եւ մկանային սթրեսի, որի հետեւանքով, ինչպես պարզվել է 1991-ին ԱՄՆ-ում կատարված հետազոտության արդյունքում, արտադրական մահացու դեպքերը ավելի հաճախ են ձախլիկների մոտ: Ձախլիկների միջազգային օրվա նշումն իր արդյունքը տվել է, տարբեր երկրներում արդեն ստեղծվել են ընկերություններ, որոնք զբաղվում են հատուկ ձախլիկների համար նախատեսված իրերի եւ սարքերի արտադրությամբ:
Ի դեպ՝ ձախլիկությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց: Աջլիկներ եւ ձախլիկներ կան նաեւ կենդանիների մեջ: