Լրահոս
Օրվա լրահոսը

«Գանձասարի» հարցը համարենք փակված

Մայիս 26,2011 00:00

\"\"Անչափ զգայուն հայկական ֆուտբոլում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, առավել եւս, եթե դա իր մեջ բացասական հետեւանքների վտանգ է պարունակում, լայն քննարկման թեմա է դառնում ֆուտբոլասերների շրջանում: Եվ եթե անգամ պարզվում է, որ խնդիրն արդեն հարթված է, ոչ բոլորն են դրան միանգամից հավատում: Այլ բան է, որ հայկական ֆուտբոլի ներկայով ու ապագայով անկեղծորեն անհանգստացողները նման դեպքերում ուզում են դրանում հաստատ համոզվել, իսկ մյուսներն էլ միանգամայն այլ նկատառումներով հոգու խորքում ուրախանում են:
Առաջիններին՝ կասկածները փարատելու, իսկ երկրորդներին՝ հերթական անգամ հուսախաբ անելու նպատակով տեղեկացնենք, որ «Գանձասարը» ոչ միայն մնում է երկրի առաջնությունում, այլեւ մրցանակային տեղերի համար պայքարը նոր թափով շարունակելու լուրջ նպատակներ է դրել իր առջեւ: Այս մասին վերջնականապես հայտնի դարձավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Կապան մեկնելուց եւ ակումբի ղեկավարության ու ֆուտբոլասերների հետ հանդիպելուց հետո, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «Գանձասարը» սեփական հարկի տակ հանդիպումներում կշարունակի ստանալ իր երկրպագուների աջակցությունը:
Armsport.am-ը, վկայակոչելով Sosi-tv.com-ին, մեջբերում է ՀՖՖ նախագահի՝ Կապանում ասած հետեւյալ խոսքերը. «Ես շանտաժների չեմ ենթարկվել ու չեմ ենթարկվելու: «Փյունիկն» իմ թիմը չէ, բոլոր թիմերն ինձ համար հավասար են: Ինձ համար միայն մեկ թիմ գոյություն ունի՝ Հայաստանի ազգային հավաքականը: Կապանցիները հյուրընկալ են: Ուղղակի զարմանում եմ, թե ինչո՞ւ են հայհոյելով երկրպագում: Ֆուտբոլը գեղեցիկ խաղ է ու պիտի վայելել, տոն դարձնել այն»:
Իր հերթին «Գանձասար» ակումբի նախագահ Մաքսիմ Հակոբյանը հանդիպման արդյունքները բավականին գոհացնող է գնահատել: «Ես չեմ կարծում, որ իմ՝ առաջնությունից թիմը դուրս բերելու հայտարարությունն է նպաստել, որ ՀՖՖ նախագահը վերանայի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշումը: Այդ հայտարարությունն առաջին հերթին նախազգուշացում էր երկրպագուներին: Կապանը ֆուտբոլային գեղեցիկ ավանդույթներ ունեցող քաղաք է ու չպետք է կորցնի իր մարզական դեմքը: Կապանում, Քաջարանում աշխատանքներ են իրականացվում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար: Ու մոտ ապագայում «Գանձասարի» հիմնական կազմը կհամալրվի տեղացիներով», – խոսքն ավարտել է Մաքսիմ Հակոբյանը՝ վերջ դնելով տարաբնույթ ասեկոսեներին:
«Գանձասարի» հետ կապված խնդիրը փակված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել