Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջող են հանդես գալիս

Մայիս 26,2011 00:00

\"\"Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Բեյրութում անցկացված շախմատի բաց առաջնությունում, որին մասնակցում էր 68 շախմատիստ, ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր, պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ մրցաշարում հանդես են եկել նաեւ սփյուռքահայ շախմատիստներ, որոնք, սակայն, մրցանակային տեղեր չեն զբաղեցրել: Նրանցից պաղեստինցի Րաֆֆի Ճիգիրյանը վաստակել է 5,5, լիբանանցիներ Ժիրայր Օգնայանը՝ 5,0, Դանիել Պետրոսյանը՝ 3,5, Հրակ Գլըպոզյանը՝ 2,5 միավոր:
Մեր հանրապետության մեկ այլ ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Վիգեն Միրումյանը, Չեխիայի Օրլովա քաղաքում անցկացված կայծակնային շախմատի բաց մրցաշարում 11,0 հնարավորից իր անվան դիմաց գրանցել է 10,0 միավոր եւ հաղթող ճանաչվել 33 հոգու մեջ: Դրանից հետո մեր շախմատիստը հաջող է մեկնարկել նաեւ դասական շախմատի օփենում, որտեղ երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով ընթանում է առաջին տեղում:
Օրլովոյում այս օրերին անցկացվում է նաեւ կանանց մրցաշար: Այստեղ էլ առաջատարը Ուկրաինան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովան է: Նա նույնպես կայացած երեք տուրերում միայն հաղթանակներ է տոնել:
Շախմատասերներին հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից մեկը՝ Սիրանուշ Անդրիասյանը, անցած տարի ամուսնացել է Դոլուխանովայի եղբոր հետ եւ այժմ բնակվում է Ուկրաինայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել