Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ սիրավեպ, մի քիչ դրամա, մի քիչ էլ՝ թրիլեր

Մայիս 26,2011 00:00

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի ռեժիսոր, ամերիկաբնակ Գոռ Կիրակոսյանը նոր՝ «Կորել եւ գտնվել է Հայաստանում» ռոմանտիկ կատակերգական լիամետրաժ ֆիլմ է նկարահանում:

Ֆիլմի մի մասն արդեն նկարահանվել է, իսկ շարունակությունը արվելու է Հայաստանում, որի կապակցությամբ օրեր առաջ Գոռը ֆիլմի պրոդյուսերների՝ Վալերիա ՄըքՔեֆրիի եւ Մարալ Ջերաջեանի հետ ժամանել է Հայաստան:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը հայտնեց, որ պրոդյուսերների հետ միասին հիմնել են «Red Tie» կինոստուդիա, որն էլ ստանձնել է ֆիլմի նկարահանման աշխատանքները:
Սցենարի հեղինակներն են՝ Քրիստ Մանարյանը, Գոռ Կիրակոսյանը:
Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի սենատորներից մեկի որդու՝ Բիլի մասին, որի կերպարը մարմնավորել է «Սարսափ», «Սարսափ-1», «Սարսափ-2» ֆիլմերի դերասան, ամերիկացի Ջեյմի Քեննեդին:
Ըստ սյուժեի՝ սենատորի որդին՝ Բիլը,  Թուրքիայում իր ընկերների հետ հանգստանալիս որոշում է օդապարիկով թռչել: Օդապարիկից պոկվում է ծանրությունն ապահովող սարքը եւ օդապարիկը անսպասելի փաթաթվում է Հայաստան թռչող օդանավին: Արդյունքում սենատորի որդին հայտնվում է  Հայաստանում: Բիլը արթնանում է գոմում: Նրան թվում է, թե դեռ Թուրքիայում է, ու սկսում է թուրքերեն բառեր ասել: Հայ գյուղացիները կարծում են, թե նա թուրք լրտես է: Հայաստանում Բիլը սիրահարվում է մի գեղեկցուհու՝ Անիին, ում մարմնավորել է ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սաֆարյանը:
Ֆիլմում համատեղ դերասանական խաղով հանդես են գալու նաեւ Հրանտ Թոխատյանն ու Միքայել Պողոսյանը: Նրանց ընկերակցելու են Դեյվ Շերիդան՝ Ջորջի, Մուրիսա Հարբան՝ Լինդայի դերերում եւ այլք: Ռեժիսորի խոսքով, ֆիլմում կան ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ՝ ղարաբաղյան հարցի մասին զրույցներ. «Բնավ նպատակ չունենք տխուր թեմաներից խոսել, ոչ էլ քաղաքական հարցեր վերհանել: Մեր նպատակն է՝ ցույց տալ հայ մարդուն, նրա էությունը եւ հայկական գյուղերի գեղեցկությունը: Գաղափարն այն է, թե ինչպես կարող է թվացյալ թշնամին, այսինքն՝ այն ազգի ներկայացուցիչը, որին մենք թշնամի ենք համարում, դառնալ մեր բարեկամը: Ֆիլմում միայն կատակերգություն ու հումոր չէ, այնտեղ սիրավեպ կա, մի քիչ դրամա, մի քիչ էլ թրիլեր»:
Պրոդյուսերներից Մարալ Ջերաջեանը ասաց. «Ֆիլմի ասելիքն այն է, որ հայերը միայն ողբ չունեն, այլ նաեւ ժամանակակից կատակերգություններ են կարողանում նկարահանել»:
Ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա վերջին: Նշենք, որ պրոդյուսերները ամերիկաբնակ հայեր են՝ Վալերիա ՄըքՔեֆրին արմատներով հայուհի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել