Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՅՔԷՋԸ՝ ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Մայիս 26,2011 00:00

Ուսանող կոմպոզիտորների դիտարկումները

Ժամանակակից աշխարհում արվեստագետների, մասնավորաբար՝ կոմպոզիտորների ստեղծագործությունների միջազգայնացման եւ տարածման լավագույն միջոցը վեբկայքն է:
Հայաստանում մեր կոմպոզիտորներից քչերն ունեն սեփական կայքէջեր, ինչի առկայության դեպքում դրանցում կտեղադրվեին ստեղծագործողների ինչպես ամբողջական երկերի նոտագրությունները, այնպես էլ ձայնագրությունները: Այս հարցը մտահոգել էր վերջերս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կողմից անցկացված «Հայ երաժշտության փառատոնին» մասնակից ուսանող կոմպոզիտորներին, ովքեր փառատոնի ավարտից հետո հավաքվել էին քննարկման: «Առավոտը» ժամանակին անդրադարձել էր այդ միջոցառմանը: Հիշեցնենք, որ փառատոնային համերգներին հնչեցին հայ դասական եւ ժամանակակից շուրջ 60 կոմպոզիտորների գործեր, այդ թվում՝ նաեւ ուսանող ստեղծագործողների:
Ուսանողները նշեցին, որ առաջին հերթին հենց իրենց են հարկավոր կոմպոզիտորների կայքէջերը, փաստելով, որ քիչ են տպագրված կամ ձայնագրված ստեղծագործությունները, մինչդեռ իրենք կարող էին ուսման ընթացքում անդրադառնալ այս կամ այն ժամանակակից հեղինակի երկին:
«Առավոտի» հետ զրույցում ուսանողներից ոմանք հավաստիացրին, որ կայքէջերը անհրաժեշտ են հենց կոմպոզիտորներին՝ հարաբերվելու համար աշխարհի իրենց գործընկերների, կոլեկտիվների ու անհատ կատարողների հետ: Մտահոգություն հայտնեցին նաեւ մեր դասականների «մասով» կայքէջերի բացակայության առիթով, որոնք հատկապես օտար մասնագետների եւ երաժշտասերների համար անծանոթ են ու անհասանելի: Ուսանողների կարծիքով, կայքէջերի ստեղծումը ՀՀ մշակույթի նախարարության, Գրականության եւ արվեստի թանգարանի, Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների միությունների, ինչպես նաեւ  Երաժշտագիտական գրադարանի պարտականությունն է:
Եվ քանի որ կայքէջերի ստեղծումը պահանջում է ֆինանսական ներդրումներ, ուսանողներն իրենք հիշեցրին, որ, ինչպես ընդունված է աշխարհում, դրանք կարող են ունենալ բաժանորդագրական կոդեր, որոնց շնորհիվ էլ կփոխհատուցվեն կատարված ծախսերը: Նույնիսկ ասացին, որ սկզբի համար գուցե լինեն վճարովի կայքեր, որոնցից այսօր աշխարհում օգտվում են միլիոնավոր մարդիկ, եւ իրենք էլ պատրաստ են վճարել, թե չէ՝ ստացվում է, որ օտարերկրացին մերօրյա կոմպոզիտորի մասին ավելի շատ է տեղեկացված, քան ինքներս:
Փորձեցինք կապվել Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ՝ հետաքրքրվելու, թե միությունը մտադիր չէ՞, արդյոք, նպաստել, աջակցել կայքէջերի ստեղծմանը: Նա այս պահին Գերմանիայում է եւ խոստացավ վերադառնալուն պես, իր խոսքերով՝ արձագանքել կարեւոր այս հարցին: Ուսանողական քննարկման ընթացքում խոսվեց նաեւ մայրենիով երաժշտական գրականության պակասի եւ երաժշտական դպրոցներում կոմպոզիցիայի դասարանները վերաբացելու մասին: Հավելենք, որ Տիգրան Մանսուրյանը, Աշոտ Զոհրաբյանը եւ Վաչե Շարաֆյանը կայքէջ ունեցող սակավաթիվ կոմպոզիտորների թվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել