Լրահոս
Օրվա լրահոսը

Նեթանյահուն բարդացրել է վիճակը

Մայիս 26,2011 00:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրն առաջին անգամ բացահայտ կերպով հայտարարել էր, թե պատրաստ է Հորդանան գետի Արեւմտյան ափին կառուցվող որոշ բնակավայրերը զոհել՝ հանուն Պաղեստինի հետ խաղաղության, միաժամանակ կտրականապես մերժելով ճանաչել պաղեստինյան պետությունը՝ 1967թ. սահմաններով: Իսրայելի վարչապետը փոխարենը մի քանի փոխադարձ պահանջներ է դրել, որոնք ոչ միայն անընդունելի են Պաղեստինի ինքնավարության համար, այլեւ ի ցույց են դնում Իսրայելի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ այդ խնդրում առկա տարաձայնությունները: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Նեթանյահուն, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտարարել է, որ Իսրայելը պետք է խաղաղություն փնտրի Պաղեստինի հետ, ինչը նաեւ ենթադրում է գնալ «ցավալի փոխզիջումների»՝ միաժամանակ նշելով, որ աստվածաշնչյան հողերը, անկասկած, պետք է պատկանեն հրեա ժողովրդին: «Փոխզիջումը պետք է արտացոլի դեմոգրաֆիկ դրամատիկ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 1967 թվից հետո»,- ասել է Նեթանյահուն՝ ավելացնելով, որ Իսրայելը կարող է շռայլ լինել այն դեպքում, եթե պաղեստինյան տարածքներն ապառազմականացվեն, իսկ պաղեստինյան իշխանությունները համաձայնեն Հորդանանի հովտում իսրայելական բանակի երկարատեւ ներկայությանը: Նեթանյահուն դիմել է նաեւ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին՝ պահանջելով հայտարարել, որ նա ճանաչում է Իսրայել պետությունը:
BBC-ի փոխանցմամբ, Պաղեստինի ազգային վարչակազմի ներկայացուցիչները չորեքշաբթի օրն արձագանքել են նրա ելույթին: Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, թե Նեթանյահուն ոչ մի նոր բան չի ասել, բայց փոխարենն ավելի է բարդացրել խաղաղարար գործընթացը: Մերձավորարեւելյան խնդրով բանակցություններում Պաղեստինի ներկայացուցիչ Սաեբ Էրեկատը հայտարարել է, թե Իսրայելը փորձում է խաղաղ բանակցությունների արդյունքները թելադրել՝ դեռ մինչեւ այդ բանակցությունները սկսելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել