Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵԼ

Մայիս 26,2011 00:00

\"\"ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, որտեղ փորձելու է հստակեցնել՝ արդյոք Լիբիայում ծրագրվո՞ւմ է ցամաքային գործողություն իրականացնել, նաեւ հերթական անգամ պահանջելու, որ Մոսկվան իրավահավասարության սկզբունքով ներգրավվի հակահրթիռային պաշտպանության համակարգում: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Ռոգոզինը:
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Բրիտանիան ռազմական ուղղաթիռներ կուղարկեն Լիբիա՝ մասնակցելու Քադդաֆիի ռեժիմի դեմ արշավին: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռ ապրիլին էր հայտարարել, թե տեղյակ է Լիբիայում ցամաքային գործողություններ իրականացնելու հնարավորությանը՝ շեշտելով, որ այդ հարցը պետք է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման առարկա դառնա: «Կարծում եմ, որ մեր գործընկերները որոշակի խաղ կխաղան, մեզ կասեն, թե ՆԱՏՕ-ն՝ որպես այդպիսին, ոչինչ անել չի պատրաստվում, բայց ահա առանձին երկրներ իրավիճակի պահանջով կարող են նման ռազմական ծրագրեր ունենալ»,- հայտարարել է Ռոգոզինը: Մինչդեռ լիբիական ընդդիմությունը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը գործում են բացառապես ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում, ոչ թե սեփական նախաձեռնություն են դրսեւորում: Երկուշաբթի օրը Մոսկվայում, Լավրովի հետ հանդիպման ժամանակ Լիբիայի Ժողովրդական անցումային խորհրդի ներկայացուցիչ Աբդել Ռախման Շալկամը (նկարում) հայտարարել է, թե «ՆԱՏՕ-ն Լիբիա է եկել ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ՄԱԿ-ի որոշման հիման վրա՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»: Հիշեցնենք, որ այս պահին լիբիական ընդդիմությունը վերահսկում է երկրի Բենգազի քաղաքն ու նրա շրջակա տարածքները, մինչդեռ Քադդաֆիի կողմնակիցները պահպանում են իրենց իշխանությունը Լիբիայի արեւմտյան գրեթե բոլոր քաղաքներում:
Ինչ վերաբերում է հակահրթիռային պաշտպանությանը, ապա՝ Մոսկվան Վաշինգտոնից երաշխիքներ է պահանջում, որ ՀՀՊ-ն Ռուսաստանի դեմ չի ուղղվելու, ինչը, սակայն, ԱՄՆ-ն հրաժարվում է անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել