Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փչացած ալյուր՝ դպրոցականների համար

Մայիս 26,2011 00:00

«Դպրոցական սնունդ» ծրագիրը ոչ միշտ է նպատակին ծառայում

Երեկ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում մեկնարկեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր Հայաստանում» երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԿԳՆ-ը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։ Ռուսաստանի սոցիալական եւ արդյունաբերական սննդի ծառայությունների ինստիտուտի եւ Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի ներկայացուցիչները խորհրդաժողովի ընթացքում ներկայացրին «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման միջազգային փորձը, ինչը հայ փորձագետներին հնարավորություն կընձեռի մշակել ծրագրի ռազմավարությունն ու իրականացման պլանը։ Աշակերտներին սննդով ապահովելու ծրագիրը, որը մեկնարկել էր նախորդ տարվա հոկտեմբերին եւ ընդգրկել Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերը, նպատակ ունի շարունակական բնույթ կրել: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ Պարենի համաշխարհային կազմակերպությունը ծրագրի իրականացման համար կհատկացնի 8 մլն դոլար, որից 4 մլն-ը՝ բնամթերքի տեսքով, իսկ մնացած 4-ը նախատեսված կլինի կազմակերպական եւ անդամավճարների հետ կապված ծախսերը հոգալու համար: Այս տարի ծրագիրն իրականացվում է հանրապետության 6 մարզերում: Ա. Աշոտյանը հույս ունի, որ ծրագրից օգտվողների քանակը մինչեւ հոկտեմբեր կհատի 50 հազարի սահմանը, իսկ մինչեւ 2014 թվականը՝ 140 հազարը: 
Տավուշի մարզի «Դպրոցական սնունդ» ծրագրի պատասխանատու Սոնյա Ուլիխանյանը տեղեկացրեց, որ իրենց մարզում արդեն 68 դպրոց է ընդգրկված. «Կան շատ երեխաներ, որ լավ սնվելու հնարավորություն չունեն, բայց ունեւոր ընտանիքների երեխաներն էլ են հաճույքով գալիս»: Գեղարքունիքի մարզի «Դպրոցական սնունդ» ծրագրի համակարգող Վարդուհի Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի Սեւան քաղաքի մի քանի դպրոցներում գյուղատնտեսության նախարարության սննդի տեսչության անցկացրած մոնիտորինգի արդյունքում անորակ ալյուր էր հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնելուց հետո, ծրագիրը նշված դպրոցներում ժամանակավորապես դադարեցվել էր: Ա. Աշոտյանը մեր հարցին ի պատասխան՝ եւս փաստեց, որ նախորդ տարի ժամկետանց, փչացած ալյուր է հայտնաբերել, որը, ըստ նրա, տեղական է եղել. «Չենք թույլատրել նույնիսկ, որ ալյուրը վերամշակեն, դպրոցներից հեռու ոչնչացման ենք ենթարկել: Դրա համար պատասխանատու է մատակարարը, նման հարցերով մեր նախարարությունը չի զբաղվում, գնումները, տեղափոխումը կատարում է Պարենի համաշխարհային կազմակերպությունը»:
«Դպրոցական սնունդ» ծրագրի Շիրակի մարզի համակարգող Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ, երկրաշարժից տուժած մարզում այս ծրագիրը գրեթե բոլոր դպրոցներում է ներդրվել, բացառություն են կազմել միայն այն մի քանի դպրոցները, որտեղ համապատասխան պայմաններ չեն եղել:
ԿԳ նախարարն էլ դպրոցների՝ խոհանոցային պայմաններ չունենալու մասով նշեց. «Բուֆետները, խոհանոցային պայմանները դպրոցներում իսկապես վատ վիճակում են: Դրա համար ամեն համայնքում ուրույն լուծում ենք գտնում: Օրինակ՝ որ դպրոցում կա խոհանոցային հնարավորություն, այնտեղ տաք սնունդ են պատրաստում, որտեղ չկա՝ բուլկեղեն, բլիթներ ենք տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել