Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլաձորի» ռեկտորը վիրավորել է մարդկանց

Մայիս 26,2011 00:00

\"\"Կառավարության որոշմամբ ոչ պետական բուհերի շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվել քննություններ հանձնել եւ դիպլոմները փոխարինել պետական նմուշի դիպլոմներով: Եվ, չգիտես ինչու, իրավագիտական բլոկի քննությունների անցկացման համար ընտրվել է «Գլաձոր» համալսարանի տարածքը, հանձնաժողովում էլ ընդգրկված են «Գլաձորի» ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն ու իր տիկինը:

Այլ բուհերի շրջանավարտներից ոմանք «Առավոտին» պատմեցին, որ պարոն Ջհանգիրյանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում, շատ կոպիտ է վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր «Գլաձոր» չեն ավարտել ու ամեն ինչ անում է, որպեսզի «կտրվեն»՝ հայտարարելով, որ իր բուհն է ամենաարժանավորը: «Կտրվողների» թվում նույնիսկ գործող փաստաբաններ կան, որոնց ընդամենը պետական նմուշի դիպլոմ է հարկավոր:
Հրազդանից ժամանած Գրիշա Իսրայելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ «Գլաձոր» էր եկել դստեր հետ ու արժանացել Գ. Ջհանգիրյանի կծու հեգնանքին, թե կույր հորդ բերել ես որպես դրոշակ, որ քեզ գնահատական նշանակե՞նք: «Շատ տհաճ էր, աղջիկս ավարտել է «Նավասարդ» ինստիտուտը եւ դիպլոմը փոխելու համար նախարարությունից մեզ ուղարկել են «Գլաձոր»: Վիրավորված եմ ոչ թե նրանից, որ աղջիկս գնահատական չի ստացել, ոչինչ՝ վաղը կստանա, մի ուրիշ տեղ, այլ՝ ռեկտորի վիրավորական արտահայտություններից: Նա հայտարարեց, թե ամեն ինչ կանի, որ բոլորը դուրս մնան, իսկ հանձնաժողովի մյուս անդամները չզսպեցին նրան: Սանձերն իր ձեռքին էին: Ես պատասխանատու եմ իմ բոլոր բառերի համար: Շատ վիրավորված եմ, ինչ անենք՝ աղջկաս հետ էի եկել: Ուղղակի իմ երեխայի դաստիարակությունն այնպիսին է, որ ես միշտ ուղեկցել եմ նրան եւ դպրոց, եւ երաժշտական հաստատություն, եւ բուհ: Շատ վիրավորված եմ, ախր Ջհանգիրյան Գագիկը իմ բարեկամն է, իսկ Ջհանգիրյան չգիտեմ ով նման կերպով է ինձ հետ վարվել»,-նեղսրտեց Գ. Իսրայելյանը:
Ականատեսների պատմելով՝ ռեկտորը կույր մարդուն դուրս է արել, եւ նա ստիպված է եղել տաքսի նստել ու հանգրվան գտնել Կոմիտասի կույրերի կոմբինատում: Պարոն Ջհանգիրյանից չկարողացանք մեկնաբանություն խնդրել, որովհետեւ աշխատանքային օրն արդեն ավարտվել էր: Ամեն դեպքում պատրաստ ենք տպագրել նրա տեսակետը նույնպես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել