Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ԴԱՍ՝ ԱՌԱՆՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ

Մայիս 26,2011 00:00

\"\"Այս տարի էլ 9-րդցիներն են հայտնվել տարեվերջյան դրամահավաքության կենտրոնում

Այսօր ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում կկազմակերպվի վերջին դաս: Այս ուսումնական տարվա առանձնահատկությունն այն է, որ ՀՀ հանրակրթական դպրոցները չունեն շրջանավարտ: Պատճառը անցումն է 12-ամյա կրթահամակարգին: Առաջին հայացքից թվում է, եթե չկան շրջանավարտներ, ապա չի լինի նաեւ ամեն տարի ուսումնական տարեվերջին գրանցվող վերջինզանգյան եռուզեռը եւ դրանից բխող բազում դրական եւ բացասական հետեւանքները. երջանկության արցունքներ, ծաղիկներ, տոնական տրամադրություն, միեւնույն ժամանակ՝ ավտովթարներ, քաղաքային կարգուկանոնը անդադար խախտել ցանկացող շրջանավարտներ, դպրոցներում ծայր առնող դրամահավաք:
Բայց պարզվում է, որ այս տարի էլ զերծ չենք մնա վերջինզանգյան տրամադրություններից: «Առավոտը» փորձեց պարզել՝ պատասխանատու մարմինները՝ ի դեմս ԿԳՆ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության, այս ուսումնական տարեվերջի համար ի՞նչ միջոցառումներ են նախատեսում կազմակերպել: Պարզվեց, որ իրադարձություններն այս ուսումնական տարեվերջին հիմնականում կպտտվեն 9-րդ դասարանցիների շուրջ, այն աշակերտների, որոնք ավարտելով հիմնական դպրոցը, հրաժեշտ կտան այդ կրթօջախին՝ ավագ դպրոց ընդունվելու հեռանկարով: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության՝ «Առավոտին» տրամադրած տվյալների համաձայն, այս տարի ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանն է ավարտում 40605 աշակերտ՝ նրանցից 11917-ը՝ Երեւանում:
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ միջոցառումներ են սպասվում 9-րդցիներին այս տարեվերջին: Նա տեղեկացրեց. «Մայիսի 26-ին հանրապետության բոլոր դպրոցներում կանցկացվի վերջին դաս: Այդ շրջանակներում, ժամը 10.00-ից սկսած, թաղապետարանի, կրթության վարչությունների, կառավարման խորհուրդների ներկայացուցիչները, բարերարներ կայցելեն դպրոցներ: Իսկ առավոտյան ժամը 9-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության շենքում կհյուրընկալի հիմնական եւ ավագ դպրոցների որոշ աշակերտների՝ Երեւանից եւ մարզերից»: Հետաքրքրվեցինք՝ ամեն տարվա պես մայրաքաղաքային հանրային միջոցառում կկազմակերպվի՞ Հանրապետության հրապարակում, տիկին Սողոմոնյանը պատասխանեց. «Այդպիսի միջոցառում չի նախատեսվում, քանի որ ոչ քաղաքապետը, ոչ էլ կրթության նախարարությունում առանձնապես ոգեւորված չեն այդ գաղափարով: Հայտնի է, որ ամեն տարի նմանատիպ միջոցառումները բազում վտանգներ են պարունակել, այնպես որ, ուզում ենք ամեն կերպ խուսափել նման իրավիճակներից»:
«Առավոտը» դեռ ամիսներ առաջ «Միլիոններ «վիպուսկնոյի» համար» վերնագրով հրապարակմամբ անդրադարձել էր այն խնդրին, որ այս տարի էլ դրամահավաքությունը ծաղկում է 9-րդ դասարանցիների շրջանում, քանի որ նրանք եւս պատրաստվում են ավարտական խնջույքներ կազմակերպել: Նույնիսկ հունվարից սկսած ամսական 10 000-ական դրամ են հավաքում ավարտական խնջույքի եւ դրա հարակից ծախսերը հոգալու համար: Մեզ հետ զրույցում անխտիր բոլոր հիմնական դպրոցների տնօրենները, անգիր արած բանաստեղծության պես, հավաստիացնում էին, որ իրենց դպրոցում որեւէ դրամահավաք չի կազմակերպվում: Այնինչ, նշենք, որ, ըստ 9-րդցիների՝ անգամ որոշ դպրոցների ուսուցիչներ «մեծահոգի» գտնվելով, աշակերտներին հայտարարել են, թե իրենց նվեր պետք չէ, 10 000 դրամն էլ է բավական:
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ այս տարի վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ են կիրառվել գոնե դրամահավաքության ծավալները սեղմելու համար: Տիկին Սողոմոնյանը պատասխանեց. «Նախապես շրջաբերականներ են ուղարկվել դպրոցների տնօրեններին, կառավարման, ծնողխորհուրդների նախագահներին, որոնք ստորագրվել են վերջիններիս կողմից: Ուստի նույնիսկ եթե մեկ բողոք էլ լինի դրամահավաքության կապակցությամբ, ապա դպրոցների տնօրեններն արժանանալու են քաղաքապետի կոշտ վերաբերմունքին»:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ հայտնեց նախարարության դիրքորոշումը. «Մենք խստիվ արգելել ենք բոլոր տնօրեններին որեւէ դրամահավաք կազմակերպել: Այնպես որ, եթե «թեժ գծին» որեւէ բողոք ստացվի կամ որեւէ կրթօջախում թաքուն կազմակերպվեն նման միջոցառումներ՝ տնօրենները խստորեն կպատժվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել