Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարտոֆիլին հասրաթ մնացինք»

Մայիս 26,2011 00:00

\"\"Այս օրերին, անկախ եղանակից, Լոռու մարզի անտառներում ու դաշտերում ավելի շատ մարդ կարելի է տեսնել, քան քաղաքի բանուկ հատվածում: Կանաչեղենի՝ բանջարի սեզոնն է, ու մարդիկ կամ տան համար են հավաքում ու պահածոյացնում, կամ՝ վաճառելու: Տիկին Հասմիկն էլ գարնան շունչը զգալով՝ անտառ է գնում. «Անտառում անձրեւից էլ ես պաշտպանվում, շատ առողջարար աշխատանք է, բնության գրկում մաքուր օդին սինդրիկ ու բլդրղան եմ քաղում, հանձնում եմ 70-80 դրամով»,- ասում է 1 տարի առաջ տեսողության պատճառով աշխատանքից ազատված 58-ամյա Հասմիկ Մնացականյանը:
Վանաձորի շուկային հեռվից նայելիս կանաչն է աչքի զարնում՝ կանաչեղենի վաճառքը մեծ թափ է առել: Լոռու Մարց գյուղի 35-ամյա բնակիչ Սամվելի հիմնական աշխատանքն էլ սունկ ու սինդրիկ վաճառելն է: Նա նախընտրում է անտառից հավաքել ու շուկա բերել. «Շուկայում առավոտից իրիկուն կանգնում ես, մի մասն էլ արեւատակ էլած տուն ես տանում, էսպես թեկուզ շատ էժան, ընդամենը 350 դրամով, բայց ձեռնտու է: Օրական եկամուտը 5000 դրամից պակաս չի լինում: Որտեղ աշխատես հիմա, որ էդքան գումար տան քեզ»:
«Բա որ գալիս ենք գյուղ հասնում, ինչի՞ եք թանկ գին ասում,- անսպասելի զրույցին խառնվում է գնորդներից մեկը ու վրդովված շարունակում,- անցած տարի ամռանը ավելուկի գինն էլ բարձրացրին, ախր եթե մտածես, որ նոր տեխնոլոգիա են հայտնաբերել հավաքելու, աշխատանքն ավելացել է՝ կհասկանաս, գյուղում 500 դրամով են վաճառում, քաղաք են բերում՝ 300-ով հանձնում»,- ասաց մի տղամարդ ու ձեռքը թափ տալով հեռացավ:
Կանաչեղենի առեւտրից գնորդները գոհ են՝ էժան ու առողջարար միակ ուտելիքն է, ինչը չես ասի բանջարեղենի համար: Լոռեցու համար անմատչելի կամ առնվազն ոչ այնքան մատչելի է դարձել նաեւ կարտոֆիլը: «Լոռեցին, որ կարտոլ չունենա էս սեզոնին, դա չլսված բան է»,- դժգոհում է Լերմոնտովո գյուղի բնակիչը: Այս տարի դժգոհ են նաեւ կարտոֆիլի «հայրենիքում»՝ Ստեփանավանի շրջանի գյուղերում: «Նոր հանած կարտոլը 600-800 դրամ է, դրանից էժան չի էլ լինի, եւ պարարտանյութն է օր օրի թանկանում, եւ վառելիքը»,- ասում է Ագարակ գյուղի բնակիչ Վրույր Չոբանյանը:
Վանաձորի շուկայում ու առեւտրի կետերում էլ որակյալ կարտոֆիլ գտնելը դժվար է: Յուրաքանչյուր ամիս Լորուտ գյուղի բնակիչ Անաստաս Սարգսյանը մարզկենտրոն է գալիս հատուկ կարտոֆիլ գնելու համար՝ իրենց մոտ չեն ցանում, քանի որ Մոտկորի տարածաշրջանը կարտոֆիլ ցանելու համար անբարենպաստ է: Ամեն անգամ շրջում է թաղամասերի առեւտրի կետերում ու շուկաներում՝ էժան բանջարեղեն գնելու համար: Նրա կարծիքով, մի ժամանակ Վանաձորի Խնձորուտ թաղամասից մատչելի բանջարեղեն կարելի էր գնել, հիմա՝ ոչ. «Չէ, նույն գինն է, վախտին մսի խորովածն էր անհասանելի գյուղացու համար, հիմա էլ աչքներս կարտոլին հասրաթ մնաց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել