Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՎԻՐԸ ՔԻՉ-ՔԻՉ ԶՐԿՎՈՒՄ Է ԹՈՔԵՐԻՑ

Մայիս 26,2011 00:00

Հանրապետական կուսակցությանն ու Մայր աթոռին չի հուզում եւ հետաքրքրում արմավիրցիների առողջությունը

\"\"

Հատված ծառերից հեռու չէ այս խաղահրապարակը, որը, ըստ ցուցանակի, նվիրել է Հանրապետական կուսակցությունը:
Ցուցանակով խաղահրապարակը ընտրակաշառք է, թե ոչ՝ թող իրավապահները որոշեն, բայց դատելով իրերի այսօրվա
դրությունից, մի օր հանրապետական քաղաքապետը արմատախիլ կանի նաեւ հանրապետականի նվերը:

Արմավիրի քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանը իսկական կոտորած է կազմակերպել քաղաքի զբոսայգում: Բնակիչների աչքի առաջ մեկը մյուսի ետեւից գետնին են տապալվում հաստաբուն, դեկորատիվ ծառերը: Ավելի քան 20 ծառ արդեն զրկվել է հողից, արմատից, կյանքից: Քաղաքն էլ՝ թոքերից ու մաքուր օդից: Արմավիրը այգիներով ու կանաչով առանձնապես հարուստ չէ եւ անգամ մեկ ծառը ազդեցություն թողնում է:
Տապալված ծառերի կողքով անտարբեր անցնող արմավիրցիներից «Առավոտը» փորձեց հետաքրքրվել առաջին հերթին անտարբերության պատճառի կամ պատճառների մասին: «Մարդիկ են կոտորվում, դուք ծառերի դարդն եք լացո՞ւմ»,- անփույթ նետեց կոկիկ հագնված մի կին՝ չցանկանալով շարունակել դեռ չսկսած զրույցս:
«Երեւի ինչ-որ բան է կառուցելու, որ ծառերը կտրում է: Թե չէ՝ ինչի՞ պիտի փրթի-թափի»,- ասաց Արտաշես պապը, ում կարծիքով՝ քաղաքապետն իր մտածածը կանի, եթե որոշել է՝ ոչ ոք նրան չի կարող խանգարել: «Էդ մենակ իրա ուզելով չի: Ասում են՝ ավագանին ա որոշել, որ ծառահատում անի, էդ տեղը տա ինչ-որ երեւանցու: Լսել եմ՝ իր բարեկամ Հայրապետյան Ռուբիկին ա խոստացել: Ասում են՝ նա էլ բանկ ա սարքելու»,- ընկերոջը լրացնելով շարունակեց Հովհաննես պապը:
Զբոսայգին Արմավիր քաղաքի գրեթե հասակակիցն է: Ավելի քան 70 տարեկան այգու առաջին ծառերը, որոնք Խլղաթյանի ձեռամբ հատվել ու դարձել են վառելափայտ, միակ կամ գրեթե միակ հովանին էին քաղաքի բնակիչների համար: Արմավիրցիների ասելով՝ թեեւ մի այգի էլ քաղաքի կենտրոնում կա, բայց բնակիչներն իրենց հանգիստը հիմնականում այս զբոսայգում են կազմակերպում:
Կենտրոնի այգին, որին արմավիրցիները Հերոյանի այգի են անվանում, քանի որ նախկին մարզպետն այստեղ մասսայական ծառատունկ էր կազմակերպում, եւս կորցրել է իր նշանակությունը եւ վերածվել շինհրապարակի: «Այդտեղի հողն էլ է Խլղաթյանը մեջ-մեջ արել մերձավորների հետ, արդեն հիմքեր են փորում, որ շինարարություն սկսեն»,- ասաց ներկայանալ չցանկացող արմավիրցին, որը, ի տարբերություն իր համաքաղաքացիներից ոմանց, ում հանդիպեց «Առավոտը», սրտի ցավով էր խոսում ծառերի սպանդի մասին. «Եթե իմ բակի ծառերը կտրեին, գուցե այդպես չցավեի, բայց զբոսայգու ծառերի համար շատ եմ ափսոսում»: Զրուցակցիս ասելով՝ քաղաքապետի կացնին զոհ գնացած ծառերի տնկիները դրվել են Արմավիր քաղաքի առաջին բնակելիների կառուցման օրը. «դրանք այս քաղաքի պատմությունն ու բնավորությունն էին իրենց մեջ ամփոփում: Գուցե ասածս ռոմանտիկ հնչի, բայց դրանք իրոք այս քաղաքի կենսագրության մի մասն էին»:
Հիշեցնենք, որ Արմավիրի Աբովյան փողոցի Հերոյանի այգի անունը ստացած այգու մասին «Առավոտը» գրել է դեռեւս 2009 թվականի հուլիսի 25-ին: Մոտ երկու հեկտար այգու 4900 քմ-ն հատկացվել է Մայր աթոռին՝ եկեղեցի կառուցելու նպատակով: 4900 քմ այգու կորուստը մեծ վնաս է տալու քաղաքին: Մարդիկ առաջարկում են եկեղեցի կառուցել նշված այգուց ոչ շատ հեռու գտնվող մշակույթի պալատի հարեւանությամբ՝ ամայի տարածքում: Մայր աթոռը, սակայն, համառորեն ուզում է վերացնել Արմավիրի թոքերը:
«Առավոտի» հարցին, թե 20 ծառերի հատումը արմավիրցիները ինչո՞ւ են լռության ու անտարբերության մատնում, ներկայանալ չցանկացող նույն արմավիրցին ասաց՝ անտարբեր չեն, ուղղակի վախենում են: «Դեռ թարմ է ընտրությունից հետո տղաների նկատմամբ նրա հալածանքները: Մեկին էլ որ կալանավորեցին, ավելի զգուշավոր դարձան: Վախենում են: Գիտեն, հենց աչքի ընկան՝ կորած են: Բացի այդ՝ քանի անգամ համոզվել են, որ ոչինչ փոխել չեն կարող, ինչպես որ չկարողացան փոխել ընտրություններով: Քանի դեռ իշխանությունները ռուբիկխլղաթյաններին երես է տալիս, այսպես էլ լինելու է. ոչ թե ժողովրդի, այլ նրա նմանների թուրն է կտրելու»,- եզրակացրեց զրուցակիցս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել