Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը ակցիա՞ է կազմակերպել

Մայիս 26,2011 00:00

Վեճի արդյունքում մահացել է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է փաստաբան Կարեն Թումանյանի բողոքը՝ կապված ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Կ. Սահակյանի՝ 2011թ. մարտի 24-ի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ:
Խուլիգանության մեջ մեղադրվող վանաձորցի Յուրի Ղալաչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչի դեմ էլ հանդես են գալիս փաստաբանն ու տուժողը:
Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի տվյալներով, 2010 թ. նոյեմբերի 17-ին, գիշերվա ժամին, Վանաձոր քաղաքի բնակիչ Արամայիս Ղալաչյանը Արջուտ գյուղի իր ամառանոցի հարեւանությամբ բնակվող Ռոբերտ Մանուկյանից պարզաբանումներ ստանալու համար որդիների՝ Յուրի Ղալաչյանի եւ Արտյոմ Մայիլյանի հետ գնացել են Ռ. Մանուկյանի տուն, արթնացրել նրան եւ կնոջը՝ Վերգուշ Խաչատրյանին, խախտել նրանց անդորրը, պահանջել բացել տան դարպասները, մերժում ստանալուց հետո անհիմն վիճաբանել նրանց հետ: Արամայիս Ղալաչյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, իսկ որդին՝ Յուրին, քարերով հարվածել է դարպասներին եւ տան պատերին, ծեծի ենթարկել 70-ամյա Վերգուշ Խաչատրյանին:
Կատարած արարքի համար 2011թ. փետրվարի 23-ին Ա. եւ Յ. Ղալաչյաններին, Արտյոմ Մայիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը:
Արտյոմ Մայիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործը, ըստ մեղադրանքի Արամայիս Ղալաչյանի, այժմ դատաքննության փուլում է:
Արամայիս Ղալաչյանի մյուս որդու՝ Յուրի Ղալաչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Ըստ փաստաբանի, հակառակ սրան, քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Յուրի Ղալաչյանը խմբի կազմում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով եւ գույքը վնասելով:
«Իր որոշումը հիմնավորելու համար քննիչը նշել է, թե նկատի է առել, որ Յ. Ղալաչյանը առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցագործություն, բնութագրվում է դրական, նպատակահարմար չէ քրեական պատասխանատվության ենթարկել միաժամանակ եւ հորը, եւ որդուն»,-ասում է փաստաբանը: Վերջինիս պարզաբանմամբ, մերժելով իր բողոքը, դատարանը օգնում է դատախազությանը՝ յուրահատուկ ակցիա կազմակերպելու գործում:
«Ստացվում է՝ ընտանիքի երկու անդամների հանցագործություն կատարելու դեպքում պատասխանատվության կենթարկվի միայն մեկը,- բացատրում է նա,-կարող են դիմել դատախազություն ու ընտանիքի անդամներից մեկը ներում կստանա»: Բացի այդ՝ փաստաբանը հավելում է, որ քննիչը դատախազի համաձայնությամբ անձին ազատել է քրեական պատասխանատվությունից՝ հաշվի առնելով իրադրության փոփոխությունը եւ դրա հետեւանքով անձի կամ նրա կատարած արարքի՝ հանրության համար վտանգավոր լինելու դադարեցման պատճառով:
«Քննիչը որոշման մեջ որեւէ կերպ չի նշել, թե ինչ իրադարձության հետեւանքով է փոխվել Յուրի Ղալաչյանի կատարած արարքի իրադրությունը: Մինչդեռ քննիչը պարտավոր էր նշել ՀՀ-ում ինչպիսի սոցիալ-տնտեսական իրադարձություն է տեղի ունեցել, որի ուժով փոխվել է իրադրությունը: Բացի այդ, քննիչը չի նշել, թե Յուրի Ղալաչյանի կողմից կատարված խուլիգանական արարքը եւ ընդհանրապես լայն առումով խուլիգանությունն ինչի ուժով է դարձել ոչ վտանգավոր»,- նշում է փաստաբանը:
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Կ. Սահակյանի բերած փաստարկներով՝ Յուրի Ղալաչյանը միացել է հոր կողմից արդեն սկսված խուլիգանությանը, փորձել է հարթել վեճը, ինչը հենց դիտվել է իրադրության փոփոխում:
«Սակայն նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ Յ. Ղալաչյանը մարմնական վնասվածքներ է հասցրել 70-ամյա կնոջը, նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ ցուցմունքներ, ի՞նչ հարթելու մասին է խոսքը»,- իր կարծիքն է հայտնում փաստաբանը՝ պարզաբանելով, որ Յուրի Ղալաչյանը ոչ թե վեճը հարթել է, այլ ինքն էլ եղել է դրա անմիջական մասնակիցը:
Փաստաբանը նշում է, որ առերես հարցաքննության ժամանակ Յ. Ղալաչյանը վիրավորական արտահայտություններ է արել Վ. Խաչատրյանի հասցեին, ոչ հարգալից է վերաբերվել նրան, ինչի հիման վրա բացառվում է քննիչի այն պնդումը, թե Յ. Ղալաչյանի ուղղումը հնարավոր է առանց քրեական պատասխանատվության ենթարկվելու:
Նշենք, որ 2010թ. ընթացքում վերոնշյալ հոդվածի հատկանիշներով մարզում հարուցվել է 7 քրգործ: Նշված հոդվածով մեղադրվող 14 անձից 11-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս տարվա տվյալներով, ՀՀ քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 1 քրեական գործ, հանցագործությունը կատարող 5 անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Տվյալ պարագայում սույն գործի հանգամանքները որեւէ առանձնահատկություն չունեն վերոնշյալ հոդվածի հատկանիշներով հարուցված այլ գործերի նկատմամբ»,- ասում է փաստաբանը:
Նշենք, որ Վերգուշ Խաչատրյանի ամուսինը այդ գիշեր վեճի արդյունքում ինֆարկտից մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել