Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏԵԼ»

Մայիս 26,2011 00:00

\"\"Երեկ հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի՝ արդեն նախկին ղեկավար Մարիամ Գաբոյանը:

Մամուլում շրջանառվում են տարբեր վարկածներ, թե ինչո՞ւ նոտարիատի բաժնի ղեկավարին ազատեցին աշխատանքից: Այդ լուրերը մեկնաբանելու համար երեկ տիկին Գաբոյանը հանդիպել էր լրագրողների հետ: Տիկին Գաբոյանը անդրադարձավ նաեւ մամուլում շրջանառվող լուրերին, թե իրեն աշխատանքից ազատել են ԱՄՆ-ում ձերբակալված, հանցաշխարհում «Պզո» մականունով հայտնի անձի հետ առնչություններ եւ գործարքներ ունենալու կապակցությամբ: Այդ առթիվ տիկին Գաբոյանն ասաց. «Ես ընդհանրապես նոտար չեմ, ես նոտարական գործունեություն չեմ իրականացնում: Ես 32 տարի աշխատել եմ նոտարների ստուգումով, ես երբեք կնիք չեմ ունեցել, գործարքներ անելու իրավունք չունեմ: Ես կարող եմ միայն քաղաքացու դիմումի հիման վրա, որը կհաստատի նախարարը, ստուգել նոտարի աշխատանքը: Ինչ վերաբերում է «Պզոյին», ես այդ մասին իմացել եմ մամուլից, որտեղ տպվեց հոդվածաշար, որոնցում նշվում էր, թե ովքեր, ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ կապ ունեն այդ գործի հետ: Իմ մասին ոչ մի տեղ գրված չէր: Բայց լրատվամիջոցները էլի մի սիրուն արտահայտություն գտան, որ այդ գործով կարող է գան եւ ստուգեն նոտարական գրասենյակները: Նոտարական գրասենյակներում դաշնային բյուրոյի ներկայացուցիչները կամ ԱՄՆ-ի դատախազները ի՞նչ պետք է ստուգեին: Պետք է ստուգեին՝ նա այստեղ 163 մլն դոլարը ինչի՞ վրա է ծախսել, այստեղ իրացրե՞լ է, թե՝ ոչ: Բայց նրանք նոտարական գրասենյակ չեն եկել, նախարարին չեն դիմել: Եվ ասեմ, որ նոտարական գրասենյակ գնալու կարիք էլ չկա, քանի որ 50 մլն դրամից ավելի գործարք կատարելու դեպքում, ըստ օրենքի, նոտարը պարտավոր է հայտնել Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին: Հետեւաբար այդ ինֆորմացիան նրանք կիմանային հենց այդ տեղից: Ի՞նչ կապ ունի Գաբոյանը դրա հետ: Եվ եթե «Պզոն» ներկայացրել է անհրաժեշտ թղթերը եւ գործարք է անում, նոտարը իրավունք չունի նրա գործարքը չանել, հո մարդու ճակատին գրված չէ, թե նա ով է կամ ինչ փողեր են դրանք: Ես «Պզոյին» երբեւէ չեմ տեսել եւ չեմ ճանաչում»: Ըստ տիկին Գաբոյանի, ինքը չի ազատվել աշխատանքից, այլ անցել է նախարարության քաղաքացիական ծառայության կադրային ռեզերվ, իսկ նախարարության նոտարիատի բաժինը չի լուծարվել, այլ վերակազմակերպվել է եւ դարձել նոտարիատի եւ զագսերի վերահսկողության բաժին: Իսկ իր՝ ռեզերվ անցնելու առնչությամբ, ըստ տիկին Գաբոյանի, նախարարն իր հետ երբեւէ չի խոսել եւ չի տեղեկացրել: Միայն աշխատակազմի ղեկավարն է իրեն ասել, որ նման հրաման է տրվել իր կողմից:
Տիկին Գաբոյանը կարծիք հայտնեց, որ քաղծառայության խորհուրդը ոչ մի դեր ու նշանակություն չունեցող կառույց է, քանի որ անգամ այդ խորհրդի նախագահը չի կարող պաշտպանել քաղծառայողի շահերը կամ որեւէ նախարարի մոտ պաշտպանել նրա իրավունքները: Լրագրողի հարցին ի պատասխան, թե նախարարը դրանով օրենք խախտե՞լ է, թե՞ ոչ, տիկին Գաբոյանն ասաց, որ խախտել է: Նոտարիատի բաժնի նախկին ղեկավարը պնդեց նաեւ, որ նոտարական ոլորտը կոռումպացված չէ, դա մեկնաբանելով, թե քանի որ նոտարը պաշտոնատար անձ չէ, հետեւաբար չի կարող լինել կոռումպացված:
Տիկին Գաբոյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ նաեւ, որ էլիտայի ներկայացուցիչները նոտարական գրասենյակներում գործարքներ կատարելիս անգամ պետտուրքը չեն վճարում:
Տիկին Գաբոյանը իր անձի դեմ ուղղվածություն է տեսնում նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ վերջերս արած նոտարական գրասենյակների գործունեության առնչությամբ քննադատական հայտարարության մեջ: Իսկ բողոքարկել կամ վիճարկել իր հետ կատարվածը, տիկին Գաբոյանը չի պատրաստվում:

Հ. Գ. Ի դեպ, Մ. Գաբոյանի ասուլիսին ներկա էին նաեւ նոտարներից դժգոհ քաղաքացիներ, որոնք պնդում էին, թե նոտարական ապօրինությունների արդյունքում «մահացածներ են վերակենդանացել, գործարք կնքել, նորից թաղվել»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել