Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺՇԿԻ ԹՂԹԻՆ ԿՀԱՎԱՏԱՆ

Մայիս 26,2011 00:00

Վերջերս Ազգային ժողովի նիստերից բացակայող պատգամվորներին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց եւ սպառնաց, որ անհարգելի բացակաների աշխատավարձերից պահումներ են կատարվելու:
«Առավոտն» արդեն անդրադարձել է բացակաների ցուցակին եւ ԱԺ-ից հետաքրքրվել, թե մեկ օրվա բացակայությունն ինչ կարժենա պատգամավորներին: Բացի այդ, ԱԺ-ից նաեւ հետաքրքրվել էինք, արդյո՞ք նպատակահարմար չէ անհարգելի պատգամավորներին՝ գումարային պատժի փոխարեն, ավելի խիստ պատիժների արժանացնել:
Երեկ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից «Առավոտին» պատասխանեցին, որ, ինչպես սահմանված է Աշխատանքային օրենսգրքով, հաշվարկվելու է յուրաքանչյուր անհարգելի բացակա օրվա համար, բայց թե որքան գումար՝ այդպես էլ չհայտնեցին. «Առայժմ այդպիսի պատգամավոր չկա, որ արդեն տուգանված լինի, քանի որ գարնանային նստաշրջանին բացակայելու համար նրանք դեռ ժամանակ ունեն նստաշրջանի ավարտին ներկայացնել փաստաթղթերը»: Ինչ վերաբերում է անհարգելի բացակայող պատգամավորներին մանդատից զրկելուն, ապա լրատվականից վստահեցրին, որ այդ գործընթացը, ըստ ԱԺ կանոնակարգի, կատարվում է քվեարկությամբ: Այսինքն, եթե պատգամավորը նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելին բաց է թողել եւ չի մասնակցել, ապա միայն իր գործընկերների «թեթեւ» ձեռքով՝ փակ քվեարկությամբ կարող է հրաժեշտ տալ պատգամավորական մանդատին: 
Ընդամենը մի քանի օր է մնացել, որ պատգամավորներն իրենց բացակաները մի «բժշկի թղթով» հարգելի դարձնեն եւ չտուգանվեն: Եվ այդ «թուղթն» էլ,  ինչպես արդեն ասել է ԱԺ նախագահը՝ «ճիշտ, օբյեկտիվ» թուղթ է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել