Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրպակները հանում են, որ կանաչապատե՞ն

Մայիս 26,2011 00:00

Մինչդեռ այդ ամենի մասին պետք է ժամանակին մտածեին

Արդեն մի քանի օր է՝ Արաբկիր վարչական շրջանի Ազատություն պողոտայի վերջնամասի մայթին գտնվող կրպակներն ապամոնտաժվում են: Այստեղ մոտ 25 կրպակ կա, որի մեծ մասն արդեն մոնտաժել են, իսկ մնացած մի քանիսի սեփականատերերը կամ վարձակալները դեռ շարունակում են պայքարել, որպեսզի կարողանան տարիներ շարունակ իրենց տնօրինած գույքը պահպանել, սակայն՝ ապարդյուն, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությանը միացել է նաեւ Արաբկիրի ոստիկանությունը եւ նրանք միասին են առեւտրականներին վտարում տարածքից: Դեռ գործող կրպակների համար որպես հիմք ծառայող բետոնը վարչական շրջանի աշխատակիցներն արդեն մի քանի տեղից վնասել են, որպեսզի վերջիններս ստիպված լինեն դուրս գալ: 3-4 օր է՝ այս կրպակները չեն աշխատում: Մեր այցելության պահին կրպակներից մի քանիսի գույքն էին հանում, որպեսզի տարածքը հանձնեն:
Բանն այն է, որ ժամանակին այս տարածքը եղել է կանաչ գոտի եւ օրենքի խախտումով է տրվել կրպակատերերին, իսկ հիմա, երբ խնդիր է դրված վարչական շրջանները կանաչապատելու, Արաբկիր վարչական շրջանը որոշել է իր համայնքը կանաչեցնել հենց այս տարածքի կրպակների հաշվին, սակայն այդ պատճառաբանությանը առեւտրականները չեն հավատում: Նրանք համոզված են, որ իրենց փոխարեն այստեղ այլ առեւտրականներ են գործունեություն ծավալելու: «Մեր դիմաց սուպերմարկետ է, որի սեփականատերերը բավական գումար ունեն, երեւի առաջարկել են թաղապետարանին, նրանք էլ որոշել են մեր հաշվին նրանց տարածք տրամադրել, որը, օրինակ, կծառայի որպես ավտոկայանատեղի: Մեզ վիրավորում է այն, որ առանց այլընտրանք առաջարկելու՝ մեզ այստեղից հանում են, այն դեպքում, երբ մենք պարտաճանաչորեն վճարել ենք բոլոր վարձերն ու հարկերը: Մենք հարկային դաշտում գրանցված օբյեկտներ ենք, աշխատում ենք ՀԴՄ-ով»,-մեզ հետ զրույցում դժգոհեց կրպակատերերից մեկը: Տարածքում գործող փոքրիկ գեղեցկության սրահի սեփականատերն էլ ասաց, որ միայն իր մոտ աշխատում է 4 հոգի. «Այս վարսավիրանոցով ապրում է 4 ընտանիք, մենք տարածքի սեփականատեր ենք, ես 2004 թվականին սեփականացրել եմ տարածքը, սակայն այսօր ինձ ասում են՝ սեփական տարածքիցդ դուրս արի, չէ՞ որ ես հողի համար տարիներ շարունակ վարձ եմ վճարել թաղապետարանին: Իսկ ինձ մոտ աշխատողների ճակատագի՞րն ինչ է լինելու»: Այս գեղեցկության սարհը, ըստ պայմանագրի, սեփականատիրոջը՝ Արթուր Ներսիսյանին տրվել է 3 տարի ժամկետով, սակայն, երբ պայմանագրի ժամկետը լրանալիս է եղել եւ նա դիմել է այն երկարացնելու համար, նրան պատասխանել են, որ կա քաղաքապետի որոշում, ըստ որի՝ այս տարածքի կրպակատերերը կարող են տարածքն օգտագործել մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:
Չնայած այս որոշմանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը որոշել է տարածքը հետ վերցնել կրպակատերերից եւ դրա փոխարեն անգամ այլ տարածք չառաջարկել առեւտրականներին:
Այս առնչությամբ Արաբկիր վարչական շրջանի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնի պետ Կարլեն Պողոսյանը պարզաբանեց, որ այս տարածքի բոլոր կրպակատերերը հողօգտագործման պայմանագիր չունեն. «Ուղղակի այն ժամանակ թույլատրվել է, որ աշխատեն, հիմա արդեն՝ ոչ»: Մեր այն հարցին՝ իսկապե՞ս այս տարածքում կանաչապատում է իրականացվելու, պարոն Պողոսյանը պատասխանեց՝ անպայման: Հարցին էլ, թե ի՞նչ ճակատագիր են ունենալու կրպակատերերը, նրանց հատկացվելո՞ւ է արդյոք այլ տարածք, Կ. Պողոսյանը պատասխանեց. «Դա արդեն մեր որոշելու խնդիրը չէ, նրանք պետք է դիմեն Երեւանի քաղաքապետարան, քաղաքապետարանն է տարածք հատկացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել