Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ն ԱՍՈՒՄ Է ՋՈՒՐ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՕՂԻՆ

Մայիս 26,2011 00:00

\"\"Մեր երկրում մանուկների առողջությունը բիզնես-շահից վեր դասելու համար, ըստ ՄԱԿ-ի, քաղաքական կամք է պետք

Աշխարհի շատ երկրներում արգելվում է արհեստականորեն ընդհատել հղիությունը, եթե չկա դրա համար բժշկական ցուցում: Հայաստանում թեեւ օրենքով արգելվում է 12 շաբաթականից մեծ հղիության ընդհատումը, այնուամենայնիվ, մայրերը անցանկալի հղիության ընդհատման համար տարբերակներ գտնում են: Մեր գյուղերում մինչ օրս շատ կանայք քաղաքակիրթ եղանակով հղիությունից ազատվելու փոխարեն այն ընդհատում են «տատիկական-ավանդական» մեթոդներով՝ անկախ պտղի չափից, իսկ մայրաքաղաքում կանայք դեղատներից ձեռք են բերում հակախոցային դեղեր, որոնք առանց դեղատոմսի են վաճառվում ու այդ հաբերի միջոցով տանը ինքնուրույն հղիության ընդհատում անում՝ առանց գիտակցելու, որ կարող են արնահոսել, անպտղություն ձեռք բերել կամ կյանքով հատուցել այդ սխալի համար: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսը իր մտահոգությունը հայտնեց, որ աշխարհի այլ երկրների հետ համեմատած՝ մեր տարածաշրջանում հղիության ընդհատման ցուցանիշն ամենաբարձրն է. «Դա կապված է մշակույթի, նաեւ կանանց կրթության բացակայության հետ: Ոչ անվտանգ աբորտները շատ ծանր հետեւանքներ են ունենում կնոջ առողջության վրա: Հատկապես, որ դուք ունեք նվազող բնակչություն, յուրաքանչյուր կին պիտի ճիշտ օգտվի իր մայր լինելու, առողջ հղիություն եւ առողջ ծնունդ ունենալու իրավունքից: Այստեղ շատ կարեւոր նշանակություն ունեն հակաբեղմնավորիչները եւ աբորտների մասին օրենքի առկայությունը: Փորձը ցույց է տալիս, որ աշխարհի այն երկրներում, որտեղ աբորտների մասին օրենսդրություն է լինում, աբորտների քանակը նվազում է: Ինչ վերաբերում է հակաբեղմնավորիչներին, տղամարդն ու կինը պետք է կարողանան դրանց միջոցով պլանավորել՝ երբ եւ ինչ ժամանակահատվածում երեխա ունենան, երբ՝ ոչ, որպեսզի խուսափեն հղիության ընդհատումից: ՄԱԲՀ-ն մինչ օրս Հայաստանին տրամադրել է մեծ քանակությամբ պահպանակներ՝ գիտակցելով, որ այդ միջոցով կանխվում է աբորտների աճը: Իսկ հիմա կարծում ենք՝ դա պիտի անի կառավարությունը՝ մեր փոխարեն»:
Մեր երկրում ՄԱԿ-ի մասնակցությամբ 50 հազար էջանոց ծրագրեր են իրականացվում վերարտադրողական առողջության, ծնելիության խթանման, առողջ հղիություն եւ առողջ ծնունդ ունենալու համար, անընդհատ քարոզում մայրերին կրծքով սնուցումը, բայց ինչ-որ պատգամավոր, որը զբաղվում է մանկական կերերի ներկրմամբ ու վաճառքով, հենց ծննդատնից երեխաներին տալով իր կերերը, արհեստականորեն նորածիններին կապում է այդ կերերին: Երեխան հրաժարվում է մոր կաթից ու կախում ունենում միայն այդ կերերից: Մեր հարցին՝ ի՞նչ անել, որ բիզնես- շահը մեր երկրում չխանգարի ձեր ծրագրերի իրականացմանը՝ Թեա Ֆիրենսը պատասխանեց. «Առաջին հերթին պետք է ձեր կառավարությունը քաղաքական կամք դրսեւորի եւ բացառի նման դեպքերը: Մենք կարող ենք տեխնիկապես եւ ֆինանսապես աջակցել, որ իրավիճակը փոխվի, բայց չենք կարող ձեր կառավարությանը պարտադրել ինչ-որ բան, ՄԱԿ-ը չեզոք կազմակերպություն է, մենք կարող ենք միայն խորհուրդ տալ, որ, ասենք, ջուրն ավելի օգտակար է առողջության համար, քան՝ օղին, մենք չենք կարող ասել, որ անպայման ջուր խմեք, մենք փաստն ենք ասում, իսկ թե որը կընտրի ձեր կառավարությունը՝ մեր խնդիրը չէ: Քաղաքական գործիչներն ունեն կարծիք, մենք ունենք փաստեր»:
Ինչ վերաբերում է հղիությունն ընդհատող դեղորայքն ազատ վաճառելուն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը պարզաբանեց, որ արդեն առողջապահության նախարարության հետ քննարկել են այդ հարցը եւ մտադիր են առաջիկայում արգելել նման դեղերի վաճառքի ազատ թույլտվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել