Լրահոս
Օրվա լրահոսը

Սառնարան՝ «Զվարթնոցում»

Մայիս 26,2011 00:00

Երեկ «Զվարթնոցի» նոր մասնաշենքի շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով օդանավակայան է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի շինհրապարակում կատարված շրջայցից հետո նա Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է «Արմենիա միջազգային օդանավակայանների» զարգացման ծրագրերը: Օդանավակայանի նոր մասնաշենքն ունի տարեկան 3,5 մլն ուղեւոր սպասարկելու հնարավորություն, միջազգային անվտանգության գոտի, մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգ, VIP ուղեւորների սպասարկման եւ դիվանագիտական սրահներ, հասարակական առեւտրային եւ սննդի գոտիներ, ժամանման եւ մեկնման նոր ճանապարհներ ու բազմաթիվ այլ հնարավորություններ: Շինարարությունը 78%-ով ավարտված է եւ գտնվում է վերջնական փուլում, կատարվել է $160 մլնի ներդրում: Նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի 2011թ. աշնանը:
Դրանից հետո նախագահը մասնակցեց օդանավակայանի սառնարանային համալիրի պաշտոնական բացմանը, որով սկզբնավորվեց կառավարության՝ «Ազատ տնտեսական գոտի» ստեղծելու ծրագրի առաջին փուլը։ Սառնարանային համալիրը կառուցվել է Հայաստանի ֆերմերային տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու՝ մասնավորապես, բերքի իրացումը արդյունավետ եւ անկորուստ կազմակերպելու, մինչեւ գնային հարմար առաջարկի ձեւավորումը՝ բերքը սառնարաններում պահելու նպատակով: Ֆերմերները հնարավորություն կունենան նաեւ պահպանվող գյուղատնտեսական մթերքն օգտագործել բանկային վարկեր (երաշխիքներ) ստանալու համար: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից սառնարանային համալիրի կառուցման համար կատարվել է շուրջ 6 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 1 տոննա գյուղմթերքի բեռնավորման եւ բեռնաթափման համար ֆերմերը կվճարի 8000 դրամ։ Սառնարանում 1 տոննա գյուղմթերքի մեկ օրվա պահեստավորման գինը կկազմի 3000, սառցարանում պահեստավորումը՝ 5000 դրամ: Սառնարաններում կարող է միաժամանակ 500 տոննա գյուղմթերք պահվել։ Հայտնի է, որ հատկապես հունիս-հուլիս ամիսներին նման սառնարանների մեծ պահանջարկ է լինում, քանի որ հայկական միրգը, մասնավորապես՝ ծիրանը, մեծ քանակներով արտահանվում է արտասահման, հատկապես՝ ՌԴ՝ Մոսկվա: Արարողությանը մասնակցած գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոսքերով՝ սառնարանների բացումը մեծ աջակցություն է գյուղատնտեսության համար: Նա ասել է, որ մինչեւ այժմ գյուղմթերքն արտահանվում էր հիմնականում ավտոմեքենաներով, ինչը, բնականաբար, հաճախ էր դժվարություններ առաջացնում։ Հիշեցնենք, որ պարբերաբար խնդիրներ են լինում հատկապես Վերին Լարսի սահմանակետում, եւ հետո՝ արագ փչացող սննդամթերքը մեքենաներով տեղափոխելը երկար ժամանակ էր խլում եւ ազդում էր ապրանքային որակի վրա: Նախարարի կանխատեսմամբ՝ այս տարի գյուղմթերքի արտահանման ծավալը կավելանա։ Միջազգային շուկայում հայկական ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի, նաեւ բանջարեղենի պահանջարկ կա։ Հայկական գյուղմթերքը հիմնականում արտահանվում է ՌԴ, Ուկրաինա եւ եվրոպական երկրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել