Լրահոս
Օրվա լրահոսը

Աճել են եկամուտներն ու ծախսերը

Մայիս 26,2011 00:00

Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2011թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետբյուջեի կատարման ամփոփ բնութագիրը: Համաձայն դրա՝ եկամուտներն աճել են 9%-ով, ծախսերը՝ 5,8%-ով:  2011թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 254,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 257,2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 63,4%-ով եւ 56,2%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 21 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք 10,5%-ով (22,9 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 6,5%-ով (903 մլն դրամով), իսկ արտաքին աղբյուրներից ստացվել են ընդամենը 146,8 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ նախորդ տարվա 1,2 մլրդ դրամի դիմաց:
2011թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետբյուջե են մուտքագրվել շուրջ 201,4 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 64%-ը:  Հարկային եկամուտների աճը պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի եւ եկամտահարկի մուտքերի աճով:
2011թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին կատարվել են 257,2 մլրդ դրամի ծախսեր՝ կազմելով կիսամյակային ծրագրի 56,2%-ը: 236,3 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 20,9 մլրդ դրամ՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 3,6 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին՝ կազմելով ծրագրվածի 26.4%-ը: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5,8%-ով կամ 14,2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պետական պարտքի սպասարկման, պայմանագրային այլ ծառայությունների ձեռք բերման, այլ ծախսերի եւ հիմնական միջոցների ծախսերի աճով:
Ընթացիկ ծախսերից 22,2 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 1,5 մլրդ դրամ՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարներին: Ծառայությունների եւ ապրանքների ձեռք բերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 44 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում 10,9 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը, որից 8,2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 2,7 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել