Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿ ՍԱՀՄԱՆՈՎ ՈՒ ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՈՒՐԻԶՄ ՉԵՍ ԶԱՐԳԱՑՆԻ

Մայիս 26,2011 00:00

Այդ է պատճառը, որ Ճամփորդական գործակալների հայկական միությունն ամեն տարի մեծ թվով զբոսաշրջիկների է մերժում սպասարկել:

\"\"

Մեր երկրի սպասարկման ծառայությունների սղության պատճառով Հայաստանով հետաքրքրված հարյուրավոր զբոսաշրջիկներ են ամեն տարի զրկվում իրենց բաղձալի ճամփորդությունից: Արտասահմանցի մի քանի հարյուր զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելելու առաջարկներն էլ վերջերս մերժել են Ճամփորդական գործակալների հայկական միությունում: «Մի քանի հարյուր հոգանոց խմբերի մերժել ենք, որովհետեւ ուղղակի չենք կարող սպասարկել. Հայաստանում չկան հյուրանոցներ, նույնիսկ այնպիսի ռեստորան չունենք, որ 800 հոգանոց տուրիստական խմբին սպասարկի»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհում էր միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը: Ըստ նրա՝ ոլորտի զարգացման համար դեռ չլուծված շատ խնդիրներ կան. «Բոլոր պոտենցիալ շուկաներում Հայաստանի փիառը շատ քիչ ու շատ վատ է արվում: Տուրիզմի զարգացման համար էլ ամեն տարի պետբյուջեով չնչին գումարներ են հատկացվում, եթե սրան ավելացնենք ենթակառուցվածքային մնացած խնդիրները, պարզ կդառնա, թե ինչու ոլորտում լուրջ հաջողություններ չենք ունենում»: Պարոն Թանաշյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի փակ լինելու հանգամանքն էլ մի կողմից է խանգարում. «Թուրքիայից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ այցելությունը զբոսաշրջիկի համար երեք անգամ ավելի թանկ է, քան եթե սահմանը բաց լիներ: Ներկայումս Կարսի եւ Վանի քուրդ ու քրդացած հայերի շրջանում Հայաստան այցելելու մեծ հետաքրքրություն կա, բայց նրանք ֆինանսական մեծ կարողություններ չունեն, ինչի պատճառով այդպես էլ այցելությունը չի կազմակերպվում»:
«Ռումեա» տուրիստական գործակալությունում էլ արդեն սրտնեղել են. այս տարի դեռ ոչ մի զբոսաշրջիկ Հայաստան այցելելու համար իրենց չի դիմել, մինչդեռ, ըստ գործակալության մենեջեր Սիփա Փալայանի, նախորդ տարի այս ժամանակահատվածում իրենց դիմած զբոսաշրջիկների թիվն անհաշիվ էր: Ինչո՞վ է պայմանավորված այս տարվա պասիվությունը՝ գործակալության մենեջերը դժվարացավ պատասխանել: «Երեւի ոլորտի չլուծված խնդիրներն են պատճառը: Միշտ խոսվում է հյուրանոցների քիչ լինելու, սպասարկման ցածր մակարդակի կամ էլ մեր երկրի փիառը արտասահմանում վատ կազմակերպելու մասին, բայց ամենակարեւոր խոչընդոտը մեր երկրի քաղաքական դրությունն է: Հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտը մեծ թվով զբոսաշրջիկների է հիասթափեցնում,- ասաց Ս. Փալայանը՝ միաժամանակ ընդգծելով։- Հայաստանն էժան երկիր չէ ո՛չ հանգստի, ո՛չ էլ խմբակային տուրերի համար»: Հենց այս հանգամանքով է նա պայմանավորում հայ զբոսաշրջիկների մեծ արտահոսքը արտասահման. «Նրանց հետաքրքրություններն էլ շատ ծավալուն են դարձել, հայ զբոսաշրջիկը հիմա նաեւ չափից դուրս պահանջկոտ է եւ միայն Թուրքիայով ու Եգիպտոսով չի բավարարվում»:
Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն էլ վստահեցնում է՝ Հայաստանում տուրիզմը դինամիկ կերպով զարգանում է։ Այդ է վկայում այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրությունը: Երեք ամսում 113 000 զբոսաշրջիկի ընդունելն ու ճանապարհելը փոխնախարարի համար գոհացուցիչ ցուցանիշ է. «Այսինքն՝ 22 տոկոս աճ ենք ունեցել: Աճի նման տեմպերը կպահպանվեն, տարեվերջին էլ կանխատեսում ենք 20 տոկոս աճ»:
Գերմանիայի միջազգային համագործակցության երեւանյան գրասենյակի ղեկավար Իրինա Կաուշն էլ կարծում է, որ Հայաստանը զբոսաշրջիկին միայն թանկ հյուրանոցներով չի կարող գրավել: Նրա համոզմամբ. «Թանկ հյուրանոցային սպասարկումն իրեն կարող է թույլ տալ միայն մեծ եկամուտներ ունեցող արտասահմանցին: Հայաստանն ավելի գրավիչ կդառնա, եթե զբոսաշրջիկին ավելի էժան կացարաններ կարողանա տրամադրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել