Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան ծեծից հետո շարունակել է կերուխումը

Մայիս 26,2011 00:00

\"\"Երեկ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի աշխատակիցները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին Գավառի բնակիչ 20-ամյա Լեւոն Զախարյանին, որը մեղադրվում է Գավառի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող 21-ամյա Ալբերտ Ղարիբյանին դաժան ծեծի ենթարկելու մեջ: Ոստիկանության Գավառի բաժնի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդել էր դատարանին, որպեսզի Լ. Զախարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը: Դատավոր Վանիկ Վարդանյանը դռնփակ դատական նիստում բավարարեց միջնորդությունը:
Մեզ հետ զրույցում երեկ գավառցիները պատմում էին, որ Լեւոն Զախարյանը Գավառում քրեական հեղինակություն համարվող՝ հանգուցյալ Անդրանիկ Մարտիրոսյանի («Պալի Անդոյի») քրոջ որդին է: Նա մայիսի 21-ի երեկոյան, ժամը 21:00-ի սահմաններում, Գավառի պետական համալսարանի հարեւանությամբ գտնվող՝ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին պատկանող «Բերկուտ» ռեստորանային համալիրի ներսում, իսկ հետո նաեւ դրսում՝ մուտքի դիմաց, դաժան ծեծի է ենթարկել Ալբերտ Ղարիբյանին: Վերջինս Գավառի հիվանդանոց է տեղափոխվել «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղային սալջարդ, ծանր աստիճանի կոմա, ներգանգային հեմատոմա, վերին ծնոտի եւ քթի կոտրվածք եւ դեմքի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ: Իսկ արդեն նույն օրը կեսգիշերին նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, ուր եւ գտնվում է այս պահի դրությամբ: Ծեծի օրը ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ՝ Մարզային ոստիկանության պետ Մանվել Շահինյանի եւ Գավառի ոստիկանության պետ Լեւոն Մուխսիկարոյանի գլխավորությամբ: Իսկ Ոստիկանության Գավառի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) հատկանիշներով: Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մինչեւ քաղաքապետի օբյեկտում իրենց կերուխումը շարունակելը՝ նրանք եղել են Հայրավանքում, որտեղ գինովցել են եւ որոշել քեֆը շարունակել «Բերկուտ»-ում: Արդեն այնտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Պալի քրոջ որդին սեղանակիցներ Կարեն Տոնոյանի, Արամ եւ Բաբկեն Արզաքանցյանների, Դավիթ Գուլեյանի, Արսեն Խաչիկյանի եւ Ալբերտ Ղարիբյանի ներկայությամբ հենց սեղանի շուրջ ծեծի է ենթարկել Ա. Ղարիբյանին, այնուհետեւ բռնությամբ դուրս հանել ռեստորանից եւ մուտքի դիմաց շարունակել դաժան ծեծը: Գավառցիները պատմում էին նաեւ, որ ծեծից հետո Պալի քրոջ տղան ներս է մտել ռեստորան եւ գրեթե անվրդով մոտ 20 րոպե շարունակել կերուխումը: Հաջորդ օրը ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Պալի քրոջ որդի քաղաքապետի ազգականը տոմս է գնել Մոսկվա մեկնելու համար: Այդ մասին Գավառի ոստիկանները տեղեկացել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնից, եւ երեկոյան քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Մոսկվա մեկնելուց 20 րոպե առաջ սպասասրահում ձերբակալել են Հայաստանից փախչելու փորձ կատարող քաղաքապետի ազգականին:
Ի դեպ, այդ գործով որպես վկաներ են անցնում նաեւ կերուխումի մասնակից այն 6 երիտասարդները, որոնք քննչական մարմնին ստորագրություն են տվել չբացակայելու մասին: Գավառցիները նշել են նաեւ, որ «գոնե այս անգամ ոստիկանությունն ու դատարանը օբյեկտիվ քննություն եւ դատաքննություն կանցկացնեն, եւ Գավառը տեռորի ենթարկող «Պալի»-ի ազգականները անպատիժ չեն մնա»:

Հ. Գ. Ի դեպ, երբ ոստիկանները Լեւոն Զախարյանին տեղափոխում էին մեկուսարան, նա իրավապահներին «երեք մատի կոմբինացիա» էր ցույց տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել