Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ՁԵՐԲԱԶԱՏՎՈՒՄ «ՑԱՐԱԿԱՆ ԼԾԻՑ»

Մայիս 26,2011 00:00

\"\"Խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հարցազրույցը՝ ՊԱԿ-ի արխիվների գաղտնազերծման թեմայով:

– Խոսակցություններ են շրջանառվում, որ Վրաստանն էլ Մերձբալթիկայի օրինակով մտադիր է գաղտնազերծել խորհրդային ՊԱԿ-ի արխիվները: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Վրաստանի իշխանությունները որոշեցին գաղտնազերծել այդ արխիվները եւ ինչո՞ւ հիմա:
– Որովհետեւ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժեշտ է տալիս իր խորհրդային անցյալին, իսկ մենք ոչ մի կերպ դա անել չենք ցանկանում:
Ոչ միայն Մերձբալթյան, նաեւ արեւելաեվրոպական երկրները ժամանակին այդ քայլին դիմեցին: Անցած դարի 90-ականներին դա չափազանց տրամաբանական ու բնական քայլ էր, ինչը չարեցին մի շարք երկրներ, այդ թվում եւ Հայաստանը: Եթե մի շարք խորհրդային երկրների համար այդ հնարավորությունից չօգտվելը բացատրելի էր, քանի որ այդ երկրներում իշխանությունը գտնվում էր խորհրդային նախկին առաջնորդների ձեռքին, ապա Հայաստանի համար, ուր իշխանության էին անցել նոր մտածողության տեր եւ կոմունիստական անցյալով չծանրաբեռնված ու 1988-ի թարմությամբ ու բաժանարար գծից այս կողմ գտնվող ուժերը, անհասկանալի էր եւ մինչեւ այսօր էլ անհասկանալի է մնում: 90-ականների սկզբին փորձ արվեց նոր իշխանություններին այդ քայլն անելու առաջարկ անել: Անգամ Գերագույն Խորհուրդ համապատասխան օրենքի նախագծի աշխատանքային տարբերակ ներկայացվեց, բայց տարաբնույթ պատճառաբանություններով այն մերժվեց: Անգամ լուրջ քննարկման չարժանացավ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Տարատեսակ գործակալները, հավաքագրված տականքը, ժողովրդական լեզվով ասած՝ գործ տվողներն ու մատնիչները իրենց պաշտպանված զգալով, ունենալով իրենց թիկունքում այնպիսի լուրջ ու հզոր կառույց, ինչպիսին ՊԱԿ-ն է՝ տեղավորվեցին ամենուր՝ օրենսդիր մարմնից մինչեւ գործադիր ու հասարակական սեկտոր: Մեր կյանքն այսօր այսքան տաղտկալի ու վիրավորական է նաեւ այն պատճառով, որ արդեն երկու տասնամյակ է՝ այն մեզ համար կերտում են, ի թիվս քչաթիվ նորմալ մարդկանց, նաեւ դրա բարոյական իրավունքը չունեցող, բարոյազուրկ հին ու նոր գործակալները: Ցանկացած նորմալ հասարակության մեջ, ցանկացած հանրությունում, մարդկային ցանկացած խմբում այս կարգի մարդիկ մշտապես մերժված են լինում: Ոչ ոք չի ցանկանում իր կողքին ունենալ նման մեկին։
Բայց նորանկախ Հայաստանի Հանրապետությունը ժամանակին թույլ տվեց, որ նրանք ոչ միայն առանց ամոթի զգացման, առանց զղջման ու ինքնամաքրման ճանապարհ անցնելու՝ շարունակեն լինել մեր կողքին, այլեւ կեղծ հանդուրժողականությամբ նրանց բազմանալու, հիմնավորվելու, իրենց տեսակը դոմինանտ դարձնելու հնարավորություն ընձեռեց:
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանը չի փորձում ձերբազատվել «ցարական լծից»:
– Այսօր արդեն Հայաստանը չի փորձում ձերբազատվել սրանցից, որովհետեւ շատ դեպքերում սրանք են երկրում իրադրության տերը: Եթե ժամանակին՝ 90-ականներին, ոմանք՝ իբր պետական շահից, ոմանք՝ իբր մարդասիրությունից, իբր անցյալն անցյալում թողնելու ու առաջ շարժվելու մղումից, իբր հանդուրժողականությունից դրդված դեմ էին արխիվների գաղտնազերծմանը եւ տարաբնույթ գործակալներին օրենքի ուժով պետական ու հասարակական կարեւորագույն բնագավառներից ու պաշտոններից հեռացնելուն, դրանց համապատասխան վերաբերմունքի արժանացնելուն, որպեսզի ապագայում այդ ապրելակերպն ամոթ համարվի ու չկրկնվի, ապա այսօր ամենուր այդ գործակալներն են: Արդեն նրանք են դրության տերը ու կերտում են մեր կյանքն ըստ իրենց պատկերացումների: Այդ պատճառով էլ ամենուր ստորաքարշություն է ու բանսարկություն: Այս երկիրն իրենցն է: Այս պարագայում արխիվների գաղտնազերծումից խոսելն անիմաստ է: Նրանց իշխանությանը վերջ կարելի է դնել միմիայն լեգիտիմ իշխանություն, երկրում մարդկային հոգեբանությանը, մտածողությանն ու պատկերացումներին հարիր մթնոլորտ ձեւավորելուց հետո: ՊԱԿ-ի արխիվների գաղտնազերծումը պետք է լինի ապագա լեգիտիմ իշխանությունների կարեւորագույն քայլերից մեկը:
– ՊԱԿ-ի չգաղտնազերծված հայաստանյան գործակալներն ըստ էության այսօր «ականներ» են Ռուսաստանի ձեռքին. ՀՀ-ի ներքին կյանքի համար դա վտանգավոր չէ՞:
– Նրանք ականներ չեն, նրանք հենց Ռուսաստանի ձեռքն են: Առաջին հերթին՝ հենց Ռուսաստանն է շահագրգիռ, որ այդ արխիվները փակ մնան, որովհետեւ բացահայտվելու դեպքում Ռուսաստանը զրկվում է տարբեր հետխորհրդային երկրներում իր ձեռքերից: Ռուսաստանում այսօր իշխանության են հենց ՊԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, եւ նրանք, բնական է, չեն հրաժարվի տարիներ շարունակ իրենց իսկ ստեղծած գործակալական ցանցից եւ Ռուսաստանում, եւ Ռուսաստանից դուրս: Պատահական չէ, որ Լիտվայի վարչապետն իր երկրում արխիվների գաղտնազերծման կապակցությամբ առաջին հերթին Ռուսաստանն է հիշատակում, ասելով. «Ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են ջարդվել մարդկային ճակատագրերը, շատ կարեւոր է: Կարեւոր է, որ այս ճշմարտությունը օգնի մեր հարեւաններին, ես նկատի ունեմ Ռուսաստանին, ռուսաստանցիներին, որ հասկանան՝ ինչպես եւ ինչով ենք մենք այստեղ ապրել 50 տարվա օկուպացիայի ընթացքում»: Մեր օկուպացիան ձգվել է 70 տարի: Այն դեռ շարունակվում է: Կարեւոր է նշել, որ գաղտնազերծումը առաջին հերթին մեզ պետք է ոչ այն պատճառով, որ դա կկտրի Հայաստանում ռուսական ձեռքը: Բոլորովին: Այն մեզ պետք է, որ առողջանա մեր հասարակությունը, որ նորմալ մարդկային արժեքները դառնան թելադրող, որ մեր երեխաները խորշեն ու հեռու փախչեն քցողից ու քծնողից, ծամածռվողից, քծնանքն ու սողալը կենցաղ դարձնողից, որ չընդունեն բոլոր նորմալ հասարակություններում ու բոլոր ժամանակներում մերժված ու մերժվող գաղտնի գործակալներին ու մատնիչներին: Այս համատարած ստորաքարշության ֆոնին, հասարակությանը վերջին տարիներին այս կամ այն կերպ հայտնի դարձած գործակալների ու տարատեսակ մատնիչների սոցիալական ու քաղաքական կյանքում տարիներ շարունակ ունեցած ակնառու հաջողությունների ֆոնին աղավաղվում են մեր քաղաքացու, մեր երեխայի ճիշտ պատկերացումներն աշխարհի ու մարդու մասին: Մենք պետք է մի օր ի կատար ածենք այդ գաղտնազերծումը թեկուզ մեր երեխաների ապագայի նկատմամբ ունեցած սարսափից ելնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել