Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-ՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ

Մայիս 26,2011 00:00

Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի գործով քննչական խումբը հետազոտում է ինտերնետում վերջերս հայտնված կադրերը: Երեկ հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք քննչական խումբը պարզե՞լ է, թե ովքեր են կրակում ցուցարարների վրա, ինչ զենքերից, եւ արդյոք այդ կրակոցներից մարդիկ սպանվե՞լ են, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ասել է, թե տեսաերիզը այժմ հետազոտվում է, եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ստացված արդյունքները կներկայացնեն հանրությանը: Վահագն Հարությունյանը նաեւ հավելել է, որ այդ դրվագը նախաքննական մարմինը երեք տարի առաջ իր տրամադրության տակ չի ունեցել: Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը խորհուրդ է տվել զերծ մնալ ենթադրություններ անելուց, նախաքննական մարմինը բոլոր հարցերի պատասխանները կտա կատարված քննության արդյունքներով: Վահագն Հարությունյանը տեղեկացրել է, որ իրավապահ մարմիններին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո քննչական խումբը հարցաքննել է 50-ից ավելի մարդու, սակայն այդ հարցաքննությունները նույնպես բացահայտմանն ուղղված որեւէ դրական արդյունք դեռեւս չեն տվել, նոր փաստեր այդ վկաների ցուցմունքներով ի հայտ չեն եկել: «Չկա առաջընթաց, բայց ակնկալում ենք՝ հույս ունենալով, որ գոնե որեւէ մեկը ինչ-որ առարկայական հանգամանք կարող է վկայակոչել: Այդ կապակցությամբ նախատեսված է կատարել 600-ից ավելի հարցաքննություններ՝ հանցագործության դեպքերի վերաբերյալ նոր տվյալներ ստանալու ակնկալիքով»,- ասել է Հարությունյանը: Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցաքննելու հարցը դեռեւս որոշված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել