«Թբիլիսիի հայերը ընդդիմության եւ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին փորձում են չեզոքություն պահպանել»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Վրացական ընդդիմությունը հայտարարել էր, թե իշխանությունների դեմ բողոքի ակցիաները մտնում են որոշիչ փուլ: Այս առիթով Ստեփանյանը նկատել է. «Իրականում ես բավական թերահավատորեն եմ վերաբերվում այդ հայտարարություններին, քանի որ ընդդիմության մի որոշ հատված պարզապես փորձում է պատրանք ստեղծել, թե փողոց դուրս եկած մարդկանց քանակը բավարար է՝ արմատական գործողությունները պատճառաբանելու համար: Մարդիկ իրականում շատ քիչ են, եւ բողոքի ակցիաների մասնակիցների նման թվաքանակով ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ սահմանադրական տեսանկյունից արմատական ընդդիմության խոստացած քայլերի իրականացումը ճիշտ չէ»: Անդրադառնալով Վրաստանի մայրաքաղաքում ընթացող բողոքի ակցիաներին հայերի մասնակցությանը՝ Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավարն ասել է. «Որոշ հայեր մասնակցում են այս ցույցերին, սակայն համայնքային կառույցները փորձում են չեզոքություն պահպանել եւ կազմակերպված կերպով չաջակցել ցուցարարներին: Թեեւ պետք է նշել, որ ընդդիմությունը հայերին այս զարգացումների մեջ ներքաշելու փորձեր կատարում է»: