Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության անվստահությանը դեմ էին միայն 13-ը

Մայիս 26,2011 00:00

ՀՅԴ հարցապնդման քննարկման ժամանակ ակնհայտ դարձավ նաեւ ՀՀԿ-ի դժգոհությունը

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեկ ԱԺ-ում մեջբերեց, թե ինչ պատասխաններ են ստացել կառավարությունից, երբ գրավոր հարցապնդում են ուղղել կառավարության պատասխանատվության վերաբերյալ սոցիալ-տնտեսական քաղաքականության հռչակված ցուցանիշները չապահովելու, վարվող հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության, գնաճի զսպման կարողության, հայրենադարձության խթանման եւ արտագաղթի կանխման արդյունավետության առումով: Բացատրելով ձախողումների պատճառը՝ կառավարությունն իր պատասխանում նշել է. «Հիմնական ազդեցությունը սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա եղել է ճգնաժամը եւ նախկինից ժառանգած արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգը, ինչպես նաեւ ոչ արդյունավետ սոցիալական ենթակառուցվածքները, որոնց շտկմանը ձեռնամուխ է եղել կառավարությունը»: Ներկայացնելով այս պատասխանը՝ Արմեն Ռուստամյանը հեգնեց. «Եթե սրան ավելացնենք գյուղատնտեսության աննախադեպ անկման համար պատասխանատու բնակլիմայական անբարենպաստ պայմանները՝ պատկերը լիարժեք կդառնա. ստեղծված անմխիթար վիճակի համար մեղավոր են՝ ստացված ժառանգությունը, ճգնաժամը եւ բնակլիմայական պայմանները: Մնում է միայն ցավակցել, որ այս երեք արհավիրքները միաժամանակ պատահել են մեր կառավարությանը: Միայն թե կառավարությունը ճիգ էլ չի գործադրում բացատրել, որ եթե նախկին ժառանգությունն այդքան վատն էր եւ իրեն բաժին էր ընկել այդպիսի անորակ եւ հետամնաց տնտեսական համակարգ, ինչո՞ւ է հիմա՛ դրա մասին խոսվում, ոչ թե 2008 թվականին: Այլ ճիշտ հակառակը՝ 2008-ին գովաբանվում էին ժառանգված համակարգի ձեռքբերումները եւ խոստացվում անշեղորեն շարունակել սկսած ձեռնարկումները»: ՀՅԴ պատգամավորը նշեց նաեւ, որ քաղաքական գնահատման պահանջ կա. «Գործող կառավարության ստացած վատ ժառանգության պատասխանատուն նախորդ կառավարություններն են: Իսկ այդ կառավարությունները ձեւավորած առաջատար ուժը եղել է ՀՀԿ-ն. այս դահլիճում նստած շատ պատգամավորներ եղել են նախկին նախարարներ այդ կառավարություններում, ԿԲ-ն գլխավորում էր ներկայիս վարչապետը, գործող նախագահը նախկին վարչապետն էր, ԱԺ նախագահը՝ փոխվարչապետը:
Այսպիսով, եթե կառավարության այսօրվա տված գնահատականներն ու պատճառաբանություններն են ճիշտ՝ պետք է հեռանան բոլոր նրանք, որ 2008-ից հետո դեռ մնում են իշխանության ղեկին՝ այդպիսի վատ ժառանգություն թողնելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, ճիշտ էին նրա 2008թ.-ին ասվածները՝ պետք է հեռանա գործող կառավարությունը՝ սեփական ձախողումներն ուրիշների վրա բարդելու եւ մյուսներին հանիրավի մեղադրելու համար»: Եվ ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ. «Առաջարկել ՀՀ նախագահին քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»: Արմեն Ռուստամյանն ասաց. «Սրանով հնարավորություն ենք ուզում տալ ՀՀ նախագահին նույնպես լուծելու այս դիլեման՝ ե՞րբ է կառավարությունն անկեղծ եղել՝ հիմա՞, թե՞ 2008-ին: Ասել, որ երկու դեպքում էլ անկեղծ է, նշանակում է չտեսնել այս հակասությունները: Չի՛ կարելի միաժամանակ դժգոհ լինել ստացած ժառանգությունից եւ հանդես գալ այդ ժառանգությունը շարունակողի դիրքերից»:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, որը ներկայացրեց կառավարության պատասխանը՝ հիմնականում խոսեց ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մասին՝ հավելելով. «Միաժամանակ, չի կարելի պնդել, թե բոլոր դժբախտությունները գալիս են նախկինից»: «Առավոտի» խնդրանքով պարզաբանելով տեղեկանքում «նախկին ժառանգության» շուրջ քննադատությունը՝ պրն Գաբրիելյանն ասաց. «Փաստաթղթի նման մեկնաբանությունը կարելի է վիճարկել: Մեր կարծիքով՝ փաստաթղթում նախորդ կառավարությունների վատ աշխատանքի վերաբերյալ գնահատականներ չկան: Կան տնտեսական կառուցվածքի վերաբերյալ, որ շատ ավելի դանդաղ տեմպերով փոփոխվող երեւույթ է»:
Ուշագրավ էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ռեպլիկը. «Կոալիցիայի համար հասկանալի է ընդդիմադիր ՀՅԴ քննադատությունը կառավարությանը, բայց անհասկանալի է, որ տեղեկանքում ամեն ինչ բարդվել է նախկին երկու կառավարությունների վրա: Իմ կարծիքով, դա արդար չէ»: Դժգոհություն էր հայտնել նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ «7or»-ի թղթակցին ասելով. «Մի անարդարություն ներկայացրեց կառավարությունը: Եթե կարողացել ենք ճգնաժամը նույնիսկ որոշակի ձեւով հաղթահարել՝ դա նախկին կառավարությունների կատարած աշխատանքի հետեւանքն է»: Սակայն երկուսն էլ «դեմ» քվեարկեցին ՀՅԴ առաջարկած որոշման նախագծին: Համակարգը խափանումներով էր գործում, եւ քվեարկությունն իրականացվեց մի քանի անգամ: Ընդ որում՝ Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ «ձեռնպահ» քվեարկեց եւ միայն հաջորդ անգամ՝ «դեմ»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեր զրույցի ընթացքում համակարգի խափանմամբ բացատրեց, թե ինչու դահլիճում ներկա շուրջ 40 պատգամավորներից միայն 13-ը «դեմ» քվեարկեցին այս նախագծին, իսկ 10-ը՝ կողմ. «Բոլորի հետ չեմ խոսել, բայց իմ կարծիքով՝ պատճառն առավել տեխնիկական էր: Իմ կոճակն էլ երկար ժամանակ չէր աշխատում»:
ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է 4 ամիս հետո նորից քննարկման առարկա դարձնել այս հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել