Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԿՏԱՐԱԾՎԻ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՍԱՍՈՒՆԻ ՎՐԱ

Մայիս 26,2011 00:00

\"\"Այս մասին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց արդեն ԱԺ-ում քննարկումից հետո՝ հեռուստահաղորդման ժամանակ:
Իսկ ԱԺ-ում չհնչեց այս հարցին ուղիղ պատասխան:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչն էր երեկ խորհրդարանում Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հռչակելու առաջարկությունների քննարկման ժամանակ, իր նախաբանում համեմատական վերլուծություն կատարեց այդ նախագծի եւ 2009 թվականին հայտարարված համաներման միջեւ. «Քննարկվող նախագծից (9-րդ կետի 7-րդ ենթակետ) դուրս են բերվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որոշակի հոդվածներ (կամ դրանց մասեր), որոնցով նախատեuված հանցագործությունները կատարելու համար մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ համաներման ակտը չպետք է կիրառվեր»: Այդ դուրս բերված հոդվածներից կամ դրանց մասերից են՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը», եւ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»: Ըստ այդմ՝ հանրահավաքներին կամ լրագրողներին խոչընդոտածները նույնպես համաներվելու են: Նույն կերպ նաեւ՝ համաներում է կիրառվելու անչափահասին հանցանքի կատարման ներգրավելու կամ ծառերի ապօրինի հատման համար եւ այլն:
Քաղաքական հնչեղություն ունեցող հոդվածներից է, որ համաներում է կիրառվելու 316 հոդվածի 2-րդ մասով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, կամ 235 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը»:
Ըստ պրն Թովմասյանի՝ «ՀՀ քրեական օրենսգրքի՝ համաներման ակտի կիրառման համար բացառություն կազմող հոդվածների շարքը լրացվել է նոր դրույթներով», որոնցից մեկն էլ 311.1-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն են, այն է՝ «պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը»: Հիշեցնենք, որ սա այն մեղադրանքն է, որն առաջադրվել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը՝ Տիգրան Փոստանջյանին:
Հարցեր տալու համար հերթագրվել էին 8 պատգամավորներ, որոնց գերազանցապես հետաքրքրում էր, թե արդյոք հնարավո՞ր չէ համաներումը տարածել նաեւ անզգուշությամբ կատարված սպանությունների վրա, կամ ինչո՞ւ է միայն մինչեւ մայիսի 1-ը կատարված հանցագործությունների վրա տարածվում եւ ոչ՝ մինչեւ համաներման ընդունումը: Կորյուն Նահապետյանը հարցրեց այն լուրերի մասին, թե քրեակատարողական հիմնարկներում վերացնում են դատապարտյալների նկատմամբ տույժերը, որ հնարավոր լինի նրանց նկատմամբ կիրառել համաներում: Արդարադատության նախարարը նախապես էր պարզել. «Մայիսի 10-ից հետո հանվել է 1-2 դատապարտյալի նկատմամբ տույժ»: Սակայն չբացառեց, որ նման բաներ կարող են լինել, եւ խոստացավ անմիջական հսկողության ներքո պահել այդ հարցը: Վարդան Բոստանջյանը փորձեց պարզել, թե քանի մարդու վրա է տարածվելու այս համաներումը: Հրայր Թովմասյանը նշեց, թե իր ներկայացրած թվերը դեռ փոփոխման ենթակա են. «Համաներման ակտի կիրառման արդյունքում պատժի կրումից լրիվ կազատվեն 396 դատապարտյալ: Պատժի կրումից մասամբ կազատվեն 379 դատապարտյալ: Բացի այդ՝ եթե տուժողին պատճառված վնասը փոխհատուցեն, ապա հնարավոր է, որ պատժի կրումից լրիվ ազատվեն 193 դատապարտյալ, մասամբ կազատվեն՝՝ 195 դատապարտյալ: Այս թվերում ներառված չեն նախնական կալանքի տակ գտնվող անձինք»: Եվ միայն 7-րդ հարց տվողը՝ «Ժառանգություն» խմբակցության անկուսակցական անդամ Վարդան Խաչատրյանը հետաքրքրվեց, թե համաներումից հետո «մարտի 1-ի» դեպքերի առնչությամբ կալանավորված մարդ կմնա՞ ազատազրկման վայրերում, թե՞ ոչ: «Կներեք, բայց ես այս 396-ին անձամբ չգիտեմ՝ ովքեր են նրանք, որ ազատ են արձակվելու: Կարող եք վերցնել տեքստը եւ համադրել տվյալ անձանց՝ ում նկատի ունեք, որովհետեւ ես ամբողջ ցուցակները չգիտեմ, թե ում նկատի ունեք: Կարող եք մեկ-երկու վարժությունով տեսնել՝ ազատվո՞ւմ են, թե՞ ոչ»: Վարդան Խաչատրյանի մյուս հարցին, թե այժմ շուրջ մեկ տասնյակից էլ պակաս այդ մարդիկ որպես թիրախային խումբ չե՞ն դիտարկվել՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Գիտեք, մենք նման առանձին հաշվառում չենք իրականացնում ՔԿՀ-ներում, թե ո՛վ ո՛ր դեպքերի առնչությամբ է դատապարտված»:
Հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում «Երկիր Մեդիա»-ի հարցին, թե ինչու խուսափեց պատասխանից՝ արդարադատության նախարարը պատասխանեց. «Չխուսափեցի պատասխանելուց: Պարզապես ասացի, որ այդպիսի հաշվարկ չեմ կատարել: Յուրաքանչյուրը կարող է նման հաշվարկ կատարել եւ տեսնել՝ նրանց վրա տարածվո՞ւմ է, թե՞ ոչ: Անշուշտ, նրանց որոշ մասի վրա, բնականաբար, տարածվելու է»: Ճշտմանը, թե փաստորեն որոշ մասի վրա էլ չի՞ տարածվելու՝ արձագանքեց. «Չեմ կարող հիմա ասել, որովհետեւ այդպիսի հատուկ հաշվառում չենք անցկացրել: Եվ համաներման ակտը շատ ավելի լայն ընդգրկողունակություն ունի, քան այս պահի մի խնդիր լուծելը: Գիտեմ, որ որոշ մարդիկ ցանկանալու են դա կապել բացառապես դրա հետ, բայց միշտ էլ համաներման ակտն առավել ընդգրկուն է եւ միտված է ավելի մեծ խնդիրներ լուծելուն: ՀՀ նախագահի խոսքում դուք կարող էիք լսել, որ բացի առկա խնդիրները հարթելուց՝ մենք ապագային նայելու եւ այդ ուղղությամբ քայլեր անելու խնդիր ունենք: Ես այս համաներման ակտն ուզում եմ դիտարկել հետեւյալ կերպ՝ սա լիցքաթափելու, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու՝ այնպիսի մթնոլորտ, որի պարագայում միմյանց ոչնչացնելը չի դիտարկվում որպես խաղի հիմնական կանոն, որտեղ այն հանգամանքը, որ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող կամ հասարակության առջեւ կանգնած տարբեր խնդիրների յուրովի լուծումը կամ այլ կերպ լուծումը չի դիտարկվում որպես թշնամանք»:
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեկ անգամ արդեն կիրառվել է համաներում, եւ նրա պատժաժամկետը կրճատվել է՝ «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք նրա նկատմամբ տարածվելո՞ւ է այս համաներումը: Նախարարի պատասխանն էր. «Պետք է հոդվածը նայել եւ որոշել՝ իր կողմից կատարված հանցագործությունն ընկնո՞ւմ է այդ սահմանափակման մեջ, թե՞ ոչ. այսինքն՝ 9-րդ հոդվածի 7-րդ կետը։ Նայեք եւ համադրեք այն իր կողմից կատարված հանցագործությունների հետ ու կարող եք այդ հարցին ինքներդ պատասխանել: Եթե դրա տակ չի ընկնում, ապա պետք է դիտարկել 5-րդ կետի համատեքստում, թե արդյոք այդ դիտավորյալ հանցագործությունը կատարելուց հետո պատժի 1/4-ը, թե 1/3-ը կրե՞լ է»:
«ՆՏ»-ի թղթակիցն էլ հարցրեց, թե արդյոք համաներումը տարածվելո՞ւ է Սասուն Միքայելյանի վրա: Պատասխանը համանման էր. «Նորից այս պարագայում պետք է նայել՝ ծանր հանցագործություն, պատժի չափ, կրած մաս՝ տարածվո՞ւմ է արդյոք, թե՞ չի տարածվում»:
Բայց ավելի ուշ հյուրընկալվելով «Շանթի» եթերում՝ արդարադատության նախարարն, ըստ Epress.am-ի՝ ասաց, որ համաներումը կտարածվի Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի վրա:
Համաներման վերջնական տարբերակը հայտնի կդառնա այսօր, երբ կարվեն խմբագրական ու նաեւ բովանդակային փոփոխություններ: Եվ այսօր էլ ԱԺ-ն քվեարկությամբ կընդունի համաներման մասին որոշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել