Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

Մայիս 26,2011 00:00

\"\"Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին

– Դաշնակցությունը կառավարության հրաժարականը պահանջող որոշման նախագիծ էր ներկայացրել, ինչպե՞ս կմեկնաբանեք սա եւ այն միտքը, որ այս կառավարությունը ներկա կառավարության ձախողումները բարդում է նախորդ երկու կառավարությունների վրա՝ ինչպես ասաց Հովիկ Աբրահամյանը:
– Առաջին հերթին կառաջարկեմ, որպեսզի դուք ծանոթանաք կառավարության պատասխաններին, որ մենք տվել ենք ՀՅԴ հարցապնդմանը: Կարծում եմ՝ շատ մեծ ցանկություն է պետք՝ այդ մեր պարզաբանումների մեջ գտնելու այդպիսի մտադրություն՝ բարդել մեղքը նախորդ կառավարությունների վրա: Չկա այդպիսի բան, որովհետեւ մեր պարզաբանումների մեջ քննարկվում են երեւույթները, այն, թե ինչ երեւույթներ են այսօր առկա մեր տնտեսությունում, եւ ճգնաժամը ինչ թույլ եւ ուժեղ կողմեր է բացահայտել մեր տնտեսական համակարգում: Մենք ունենք համարձակություն եւ ազնվորեն ներկայացրել ենք այն թույլ կողմերը, որ ուներ մեր տնտեսական համակարգը: Եվ այն դասերը, որ մենք քաղել ենք, այն է, որ մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը բավականին ցածր էր, եւ դա մեզ դարձնում էր խոցելի համաշխարհային ճգնաժամում: Եվ հենց դա էր պատճառը որ մեզ մոտ տնտեսական անկումը եղավ բավականին բարձր: Քանի որ շինարարության ոլորտում, որը տնտեսական կառուցվածքի մեջ հանդիսանում էր թիվ մեկ ճյուղերից մեկը, ունեցանք 43 տոկոսանոց անկում, բնականաբար, մեր բոլոր ցուցանիշները կտրուկ վատթարացան: Հասկանալի է, որ դա խոսում էր տնտեսության խոցելիության մասին: Մենք այս բոլորը ներկայացրել ենք մեր վերլուծական փաստաթղթում, որը հրապարակային փաստաթուղթ է, այն տեղադրելու ենք մեր կայքէջում, կարող եք ծանոթանալ եւ ձեր սեփական գնահատականները տալ՝ արդյոք դրանք մասնագիտակա՞ն մեկնաբանություններ են, թե՞ քաղաքական փաստաթուղթ:
– Մամուլում հրապարակվեց, որ Դուք շատ նեղվում եք Դաշնակցության այդ քննադատությունից եւ, ավելին, պատրաստվում եք համարժեք կոմպրոմատային պատասխան հղել:
– Ես բացարձակապես չեմ նեղվում Դաշնակցության հարցերից, նրանք մեր գործընկերներն են, մենք շատ հարգալից վերաբերմունք ունենք նրանց նկատմամբ, ավելին՝ այս հարցապնդումը ստանալուց հետո ես նրանց հրավիրել եմ ինձ մոտ, տեղի է ունեցել քննարկում, մենք փորձել ենք մանրակրկիտ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, եւ դա նորմալ, բնական երկխոսություն է կառավարության եւ ՀՅԴ-ի միջեւ, եւ այստեղ սրտնեղելու բան չկա: Ինչ վերաբերում է կոմպրոմատ որոնելուն, ապա երեք տարվա մեր աշխատանքային փորձն ապացուցում է, որ դա մեր մեթոդը չէ: Մենք այդպիսի մեթոդներ չենք կիրառում, որովհետեւ դրանք անընդունելի են մեզ համար: Մեր կառավարության առանձնահատկությունն այն է, որ մենք ինքներս ենք բացահայտում մեր պրոբլեմները, եւ ինքներս ենք այդ պրոբլեմները ներկայացնում հանրության դատին, որովհետեւ դա է երաշխիքը, որ այդ պրոբլեմները կհաջողվի լուծել: Եվ այն պրոբլեմները, որոնք մենք այսօր բացահայտում ենք մեր փաստաթղթում, մեր պրոբլեմներն են, եւ մենք չենք տարանջատում նախորդ կառավարություններին մեզանից, որովհետեւ ապահովում ենք շարունակականությունը, կիսում ենք նաեւ նախորդ կառավարությունների պատասխանատվությունը, պատասխանատու ենք եւ լավ ձեռքբերումների, եւ այն բացթողումների համար, որոնք առկա են եղել, եւ որոնք այսօր կան:
– Այնուամենայնիվ, Դաշնակցությունը բարձրացրեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
– Դա նորմալ երեւույթ է, քաղաքական պայքարի ձեւ է, որ ընտրել են մեր գործընկերները, կարծում եմ՝ նպատակն է բարձրացնել իրենց կուսակցության հեղինակությունը, որպեսզի ընտրությունների ժամանակ վայելեն ժողովրդի վստահությունը եւ քվեներ ստանան: Սա պայքարի նորմալ ձեւ է, եւ ձեզ կոչ եմ անում նորմալ վերաբերվել պայքարի նման քաղաքակիրթ ձեւին: Ես ուղղակի կխնդրեի մեր գործընկերներին զերծ մնալ մեզ վերագրել բաներ, որ մենք չենք ասել եւ չենք հայտարարել: Այսինքն՝ մեզ մեղադրել նրանում, որ մենք փորձում ենք մեղքը բարդել նախորդ կառավարությունների վրա, անընդունելի է: Մենք իրականացնում ենք այն քաղաքականությունը, որը որդեգրվել էր նախորդ կառավարությունների կողմից:
– Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության հետ երկխոսության մասին ասեկոսեները եւ չե՞ք կարծում, որ անկեղծության պակաս կա:
– Ընդհանրապես անկեղծությունը գնահատելը շատ բարդ բան է, մանավանդ՝ քաղաքական դաշտում. կգնահատի մեր ժողովուրդը: Քաղաքական պայքար է ընթանում, հասկանալի է, որքան մոտենան ընտրությունները, այդ քաղաքական պայքարն ավելի սուր է դառնալու, եւ սուբյետիվ կատեգորիա է՝ անկե՞ղծ են, թե՞ անկեղծ չեն: Պատմական փորձը ցույց է տալիս, որ հաղթում են նրանք, ովքեր ճշմարտությունն են ասում ժողովրդին, որովհետեւ վաղ թե ուշ ժամանակը ցույց է տալիս, թե ինչն է իրականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել