Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԱԲԱՌՆ ՈՒՇԱԴԻՐ ԸՆՏՐԵՔ

Մայիս 25,2011 00:00

Որպեսզի չխաբվեք ու ձեր անձնական տվյալները չգողանան

\"\"

Վերջերս հայ հակերներից մեկը մշակել էր հանրահայտ «0dnoklassniki» կայքի կրկնօրինակը, որի լինքն ուղարկել էր այս սոցիալական ցանցից օգտվող բազմաթիվ քաղաքացիների՝ այդպիսով «խլել» նրանց անձնական էջերը: Այս սոցիալական ցանցից օգտվողներն անգամ գլխի էլ չէին ընկել, թե ինչ է կատարվում: Նրանք բացել էին այս լինքը եւ երեւացել էր «0dnoklassniki» կայք մուտք գործելու պատուհանը, կայքի բաժանորդներն էլ մուտք էին արել իրեց լոգինն ու գաղտնաբառը եւ հայտնվել ծուղակում, քանի որ այդ տվյալները մեխանիկորեն գնացել էին կայքի կրկնօրինակը ստեղծողին, որն էլ արդեն սեփականացրել էր խաբված մարդկանց անձնական էջերը եւ չէր պատրաստվում դրանք զիջել: Բարեբախտաբար, խաբեբային մեր ուժային կառույցները ձերբակալել էին, սակայն, թե ինչ էր եղել «գողացված» էջերի հետ, այդպես էլ անհայտ մնաց:
Նման հարձակումների՝ սոցիալական ցանցերը շատ հաճախ են ենթարկվում: Բանն այն է, որ այս կայքերում չափազանց մեծ ինֆորմացիա կա մարդկանց անձնական կյանքի մասին, ուստի բազմաթիվ հակերների համար ձեռնտու է նրանց տվյալներն իրենց նպատակներին ծառայեցնելը եւ այդպիսով իրենց համար կարեւոր ինֆորմացիա ստանալը: «Facebook» սոցիալական ցանցի օգտագործողները թերեւս ամենաշատն են նման վիճակներում հայտնվում: Դրա համար էլ մասնագետներն ասում են, որ ամեն գաղտնիք չէ, որ արժե վստահել սոցիալական ցանցերին, հատկապես «Facebook»-ին, քանի որ ձեր գաղտնաբառն ու լոգինը կարող է հայտնվել հակերների ձեռքում: Շաբաթներ առաջ անփութության հետեւանքով 3000 օգտվողների հասցեներ եւ գաղտնաբառեր հայտնվել էին հակերական մի ֆորումում: Տվյալների բազայի կորուստը հայտնաբերել էին «GFI Software» հակավիրուսային ընկերության մասնագետները: Այնպես որ, անհարկի ներխուժումներից խուսափելու համար զգուշացեք նաեւ էլեկտրոնային փոստն ու սոցիալական ցանցի հասցեն նույն գաղտնաբառով կոդավորելուց:
Այս ոլորտի մասնագետներն ասում են, որ հակերների համար «յուղոտ պատառ» են հատկապես տարբեր կայքերում գրանցվածների գաղտնաբառերը, իսկ լոգինն իմանալն արդեն դժվար խնդիր չէ: Նրանք ցանկանում են դրանք պարզաբանել, ուստի գրեթե բոլոր կայքերն իրենց բաժանորդների տվյալները պահպանելու համար արդեն 5 տառից բաղկացած գաղտնաբառ չեն պահանջում, այլ ավելի շատ՝ թվերի, տառերի ու հատուկ նշանների համադրությամբ: Շատ կայքեր անգամ տալիս են հատուկ հարցեր, որն անմիջականորեն կապ ունի ձեր ընտրած գաղտնաբառի հետ եւ, որի պատասխանը կարող ես միայն դու իմանալ:
Մասնագետները զգուշացնում են, գաղտնաբառեր ընտրելիս պետք չէ ձեզ համար հարազատ մարդկանց անուններ, սիրելի վայրերի, իրերի, հոբիների կամ ձեզ բնութագրող, «մատնող» «պարոլներ» ընտրել:
Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում են մեր երկրի զարգացման գերակա ճյուղը: Այդ ֆոնի վրա շատ ուրախալի է, որ Հայաստանում կան հակերներ, բայց որ նրանք սեւ գործեր են անում, դա այնքան էլ հաճելի չէ, չէ՞ որ, օրինակ, սոցիալական ցանցերում գրանցված մարդկանց տվյալները կարող են բոլորովին էլ լավ նպատակներով չօգտագործվել: Դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս «չխաբվելու» համար ավելի ուշադիր լինել լոգինի, գաղտնաբառի եւ հատկապես տվյալ կայքում տեղադրվող ինֆորմացիայի առումով:
Ընդհանրապես հակերային գրոհների դեմ պաքարի 2 ճանապարհ կա՝ տեղյակ պահել պետական մարմիններին, որոնք կդիմեն Ինտերպոլին, որն էլ իր հերթին կդիմի այն երկրի իշխանություններին, որտեղ գրանցված է IP հասցեն, որպեսզի տեղի օպերատորը փակի խաբվածի հասցեն կամ, որ աշխարհում ընդունված է, անմիջապես պետք է կապվել IP հասցեն տրամադրող տեղական ընկերության հետ:
Այժմ մեր երկրում մշակվում է տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, որն ընդգրկում է մի քանի ճյուղեր, մասնավորապես՝ տեխնիկական անվտանգության հարցեր: Իսկ մինչ այդ չափազանց դժվար է ինչ-որ մեկին նման աշխատաոճի համար պատասխանատվության կանչել, քանի որ կոնկրետ մեր երկրում համացանց ապահովող կապուղին իր ամբողջ թողունակությամբ չի աշխատում եւ տարբեր տիպի համացանցային չարաճճիությունները քիչ երեւացող են: Շատերի համար անգամ նորմալ է դարձել այն, որ իր անձնական տվյալներով ու նկարներով մեկ այլ անձ կարող է նույն սոցիալական ցանցում էջ ունենալ եւ լինել անպատժելի, անգամ այն դեպքում, երբ սոցիալական ցանցի ղեկավարությունն այդ մասին ծանուցումներ է ստանում. չէ որ շատ դժվար է տարբերել, թե որ օգտագործողն է իրականը, որը՝ կեղծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել