Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԱՑԱՏԿԻ «ՇԿՈԼԱ» ՈՒՆԵՆՔ, ՋՐԱՑԱՏԿՈՐԴՆԵՐ՝ ՈՉ

Մայիս 25,2011 00:00

\"\"Մարզաձեւի խնդիրների մասին պատմում են մարզիկն ու մարզիչը

Հայաստանում լողի սիրահարներ շատ կան: Դա է փաստում այն, որ գործող լողավազանների մեծ մասը մշտապես լի է լողացողներով, լճերի ափերն էլ տաք եղանակին հիմնականում մարդաշատ են:
Մարզաձեւի մասնագետներին, սակայն, հանրության հետաքրքրությունը լողի հանդեպ այդքան էլ չի բավարարում: Ըստ նրանց, քչերն են այսօր ձգտում զբաղվել պրոֆեսիոնալ լողով: Իսկ ջրացատկով, որը լողի տարատեսակներից է, պրոֆեսիոնալ զբաղվողները մի քանիսն են: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց Երեւանի Արաբկիր համայնքի ջրային մարզաձեւերի մարզադպրոցի ջրացատկի մարզիչ, ազգային հավաքականի նախկին մարզիչ Արտաշես Ասատրյանը: Այս տարի հունիսի 30-ից հուլիսի 3-ը Բելգրադում կայանալու է պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է նրա սանը՝ ջրացատկորդ Գեւորգ Պապոյանը: Գեւորգն ու մարզիչը օրերս «Առավոտի» հյուրն էին:
Մարզիչն անհանգստացած է մարզաձեւի հանդեպ հանրության անտարբերությունից: «Այդ անտարբերությունն է պատճառը, որ այսօր երկու-երեք պատանի ջրացատկորդ ունենք ընդամենը»:
Ա. Ասատրյանը պատմեց, որ երկար ժամանակ պրոֆեսիոնալ ջրացատկորդ լինելով՝ տարիներ առաջ մեծ դժվարությամբ է վերադարձել սպորտ. «Ես իմ կարիերան սկսել եմ 1975 թվականին եւ շարունակել մինչեւ 90-ականները: Սակայն 11 տարի դադար եմ տվել, քանի որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կային, որոնք էլ հիասթափության տեղիք էին տալիս: Անցյալ տարի փորձեցի որպես մարզիչ վերադառնալ սպորտ: Բայց  չէի պատկերացնում, թե որքան դժվար է լինելու: Երկու տարի շարունակ միայն խոստումներ էին տալիս, սակայն խոսքը գործ չէր դառնում: Միայն անցած տարի Գագիկ Ծառուկյանի հրամանով աշխատանքի ընդունվեցի որպես մարզիչ: Ժամանակին ջրացատկը Հայաստանում եղել է  ավանդական մարզաձեւ: Ավանդույթները վերականգնելու եւ մարզաձեւը զարգացնելու համար կադրերի փոփոխության խիստ անհրաժեշտություն կա»:
Անդրադառնալով լավագույն արդյունքներ ցույց տվող դեռեւս միակ պատանի ջրացատկորդ Գեւորգ Պապոյանին՝ Ա. Ասատրյանն ասաց. «Գեւորգն արդեն 12 տարի զբաղվում էր այս սպորտաձեւով՝ Ռոբերտ Գրիգորյանի մոտ: Ճիշտ է, նրանք շատ լավ էին աշխատել, բայց, ինչպես ասում են, սպորտի մեջ երբեք ոչինչ բավարար չէ, պետք է քրտնաջան աշխատել, այն էլ՝ երկարատեւ: Ես Գեւորգի հետ արդեն ինն  ամիս է, ինչ աշխատում եմ: Նրանից բացի, ունեի եւս մեկ մարզիկ՝ Մելիք Հովհաննիսյանը: Անցյալ տարի Հայաստանի առաջնությունից 15 օր առաջ Մելիքը տեղափոխվեց ուրիշ մարզչի մոտ: Առաջնությունում Գեւորգը հաղթեց աշտարակացատկում եւ 3 մետր ոստնակացատկում: Գեւորգը, սակայն, ինչպես ասում են, նվեր արեց հիմնական մրցակցին՝ թույլ տալով, որ Մելիք Հովհաննիսյանը հաղթի մեկ մետր ոստնակացատկում: Բանն այն է, որ քարի դարի մասնագետներ էին հավաքել «սուդիա»:
Իսկ պատանի մարզիկը պատմեց, որ անցած տարի մասնակցել է նաեւ Սինգապուրի առաջին օլիմպիական խաղերին, որտեղ անհաջող դեպքի պատճառով 13-րդ տեղն է գրավել՝ չհայտնվելով եզրափակչում:
«Գեւորգն ընդգրկվեց ազգային հավաքական եւ ինձ հանձնարարեցին երեք շաբաթում աշխատել նրա հետ: Նա եզրափակիչ չմտավ, որովհետեւ մի ցատկը ձախողեց: Պատճառը, թող տարօրինակ չթվա, մեղուն էր, որ ցատկի պահին խանգարեց նրան»,-ասաց մարզիչը:
Գ. Պապոյանը հավելեց իր մարզչին. «Արդեն ինն ամիս է, ինչ մարզվում եմ պարոն Ասատրյանի մոտ եւ, կարելի է ասել, ինն ամիս է, ինչ սկսել եմ աճել: Դրանից առաջ վարպետության առումով առաջընթաց շատ քիչ եմ ունեցել, որովհետեւ ոչ ոք լուրջ չէր նայում մարզաձեւին: Մարզիչները ձգտում չունեին: Բայց 12 տարում հասցրել եմ մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, միջազգային մրցաշարերի, Եվրոպայի պատանիների առաջնություններում երկու անգամ ութերորդ տեղ եմ գրավել»:
Խոսելով ջրացատկի հայկական դպրոցի մասին, մարզիչն ասաց. «Ջրացատկը չի զարգանում Հայաստանում, որովհետեւ չկան մարդիկ, որ ոգեւորեն մեր մարզիչներին: Ամեն մարզիչ կուզենար օլիմպիական չեմպիոն պատրաստել, բայց դրա համար հնարավորություն է պետք:  Խոսքս ֆինանսի մասին չէ,  այլ գիտելիքների, «շկոլայի»: Տեղ ու միջոցներ կան, մենք ունենք հրաշալի լողավազան, որտեղ աճել են Դավիթ Համբարձումյանը, Սիրվարդ Էմիրզյանը, Արթուր Ջավադյանը, Ռաֆայել Բաղդադյանը… Նրանք բոլորն էլ Վասիլի Կուվշինկի «շկոլայից» են եղել: Ջրացատկի հայկական դպրոցը շատ բարձր է: Օրինակ, աշտարակի վրա ելման ձեւեր կան, ցատկեր, որ մեր մարզիչներն են մտցրել»:
Հետաքրքրվեցինք, թե այսօր մրցունա՞կ ենք, արդյոք, տարածաշրջանում: Ըստ Ա. Ասատրյանի՝ «Ռուսաստանի հետ դեռ ոչ, բայց Ադրբեջանի՝ այո: Ադրբեջանը երբեք էլ մեզ մրցակից չի եղել՝ շատ թույլ են: Մեր ջրացատկը գեղեցիկ է, գրագետ: Այս ոլորտում հաջողություն ունենալու համար ընդամենը աշխատասիրություն է հարկավոր եւ երեխայի հետ ճիշտ աշխատանք ու մոտեցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել