Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ

Մայիս 25,2011 00:00

\"\"Անդրեասյանը ֆուտբոլում է եւ ներողություն է խնդրել

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ «Արարատ» թիմի մարզիչ եւ ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանի ու «Totalfootball.am»-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանի միջեւ տեղի ունեցած հայտնի պատմությունից հետո ՀՖՖ կարգապահական կոմիտեի առաջարկով գործկոմը հերթական նիստի ժամանակ, լրագրողների ներկայությամբ, պիտի քննարկեր Անդրեասյանին ֆուտբոլում ոչ ցանկալի անձ ճանաչելու հարցը:
ՀՖՖ կարգապահական կոմիտեն արդեն պատժել էր նրան՝ 10 խաղի որակազրկումով, իսկ «Արարատ» ակումբին տուգանել 250 հազար դրամ: Միջադեպից մեկ ամիս անց, մայիսի 23-ին, ՀՖՖ-ում կայացավ գործկոմի տարեկան 2-րդ նիստը, որի օրակարգի յոթ հարցերից առաջինը հենց Անդրեասյանին էր վերաբերվում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով կարգապահական կոմիտեի առաջարկը միաձայն մերժվեց: Պարոն Հայրապետյանը նշեց, որ 10 խաղի որակազրկումը բավական է: «Բոլորս էլ գիտենք, որ Արկադի Անդրեասյանը շատ լուրջ խնդիր է հայկական ֆուտբոլի համար, բայց նրան անցանկալի անձ ճանաչելը ճիշտ չի լինի զուտ սերունդների համար, ովքեր նրան ճանաչում են որպես լեգենդար ֆուտբոլիստ», – ասաց ՀՖՖ նախագահը։
Ի դեպ, մայիսի 23-ին Անդրեասյանի նախաձեռությամբ կայացած հանդիպման ժամանակ Անդրեասյանը Աշոտ Առուշանյանի ծնողների ներկայությամբ ներողություն է խնդրել ֆոտոլրագրողից՝ ապրիլի 23-ին «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը տեղի ունեցած միջադեպի համար:
Կապանյան կրքեր
Մեկ այլ սկանդալային պատմության կենտրոնում էլ հայտնվել էր Կապանի «Գանձասարը», որի հովանավոր Մաքսիմ Հակոբյանը նախ որոշել էր թիմը դուրս բերել առաջնությունից՝ կարգապահական կոմիտեի խիստ որոշման պատճառով, ապա՝ մեկ խաղ «թույլ էր տվել» մասնակցել, քանի դեռ որոշումը չի վերանայվել: Հիշեցնենք, որ որակազրկման պատճառը երկրպագուների անվայել պահվածքն էր: Երեկ ՀՖՖ նախագահը մեկնեց Կապան՝ «Գանձասարի» երկրպագուների հետ հանդիպելու:
Նկատենք, որ որքան էլ շրջանառվեն թիմի՝ առաջնությունը լքելու մասին լուրերը, փաստ է, որ «Գանձասարին» միացել են երեք նոր լեգեոներներ: «Armsport.am» կայքի հաղորդմամբ՝ բրազիլացիներ Լեանդրոն, Կլեյթոնը ու բուլղարացի Մարտին Խրիստովն արդեն մեկ շաբաթ է՝ մարզվում են թիմի հետ: Լեանդրոն, ի դեպ, «Գանձասարում» ելույթների փորձ արդեն ունի:
Այնպես որ ՝ Կապանի թիմի «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել