Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան բունտ՝ ընդդեմ Նարեկ Սարգսյանի

Մայիս 25,2011 00:00

Բավականին կտրուկ է արձագանքել Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայաստանյան համայնքը Նարեկ Սարգսյանին Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակելու մասին Կարեն Կարապետյանի մայիսի 23-ի որոշմանը: 1in.am-ի մատուցմամբ, եթե այդ ողջ օրը մարդիկ տարածում էին այդ տեղեկատվությունը՝ տարակուսանք հայտնելով, ապա այժմ Նարեկ Սարգսյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել հենց Կարեն Կարապետյանի անձնական էջում: Արդեն իսկ մի քանի տասնյակ մարդ միացել է հեռանալու պահանջին: Բացի այդ, քաղաքացիները հիշեցնում են պարոն Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քաղաքին հասցված վնասի կոնկրետ դեպքեր: Հնչում են անգամ այսպիսի կարծիքներ. «Եթե Հյուսիսային պողոտայի կառուցապատման մշակույթի կրողն էինք, հենց սկզբից էլ ասեիք, էլ ինչ՝ զզվում եմ վերնիսաժի առեւտրից, փողոցային առեւտրից, Պանթեոնի փնթիությունից: Հիմա զզվելու ավելի շատ բան կունենաք, քանի որ Սարգսյան Նարեկի գործերն եք ստիպված լինելու ամեն օր ստորագրել…»: Այս ամենին շատ արագ հետեւել է Կարեն Կարապետյանի պատասխանը՝ առանձին «նոթի» տեսքով, որում քաղաքապետը փորձում է հիմնավորել Սարգսյանի նշանակումը: Նա, մասնավորապես, նշել է հետեւյալը. «Նարեկ Սարգսյանը սիրում է Երեւանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, եւ կարծում եմ՝ մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք եւ բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսեւորել»։ Սրան ի պատասխան՝ քաղաքացիներից մեկը գրել է. «Պարոն Կարապետյան, նա իր սերը քաղաքի նկատմամբ ժամանակին դրսեւորել է, պարզապես այդ սերը վերաճել է նրա ու քաղաքի միջեւ սեռական հարաբերության, որտեղ տղամարդու դերում Նարեկ Սարգսյանն է եղել…»:
Մեկ այլ մեկնաբանությամբ, հղում կատարելով Կարեն Կարապետյանի նոթում Նարեկ Սարգսյանին տրված գնահատականում բացասական բառը չակերտներում գրելուն, ասվում է. «…Չհասկացա, Հայաստանում ճարտարապետների սո՞վ ա, ստիպված պիտի հարմարվե՞նք: Չենք հարմարվի: Հըլը թող փորձի Երեւանին վնաս տա…»: Երեկ պատասխանելով «Մեդիամաքսի» այն հարցին, թե Ֆեյսբուքյան տրամադրությունները  կազդե՞ն իր աշխատաոճի վրա, Կ. Կարապետյանը պատասխանել է. «Ես աշխատելու եմ այնպես, ինչպես ծրագրել եմ: Բնականաբար, չեմ ուզում, որ իմ վարկանիշն ընկնի: Բայց, միաժամանակ, չեմ ցանկանում պոպուլիզմով զբաղվել: Մեր թիմը վստահ է, որ կարող է լավ բաներ անել Երեւանի համար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել