Լրահոս
Օրվա լրահոսը

Պինիերան, Սուրբ Ղազարն ու հայերը

Մայիս 25,2011 00:00

\"\"Կամ՝ չիլիացի տնտեսագետի «դեղատոմսը»

Այս օրերին Հայաստանում է Չիլիի մասնավոր կրթաթոշակային համակարգի հիմնադիր, տնտեսագետ Խոսե Պինիերան: Երեկ նա ԵՊՀ-ում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի, Վրաստանի սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարի, այլ պաշտոնյաների, ուսանողների եւ դասախոսների ներկայությամբ խոսեց Չիլիի տնտեսական բարեփոխումների ընթացքի, մասնավոր կենսաթոշակային համակարգի մասին:
Չիլիից եկած տնտեսագետն անկեղծացավ, որ Հայաստանում 4-րդ հարյուրամյակի եկեղեցի տեսնելն իր համար արտառոց երեւույթ է. «Գիտեմ, որ դուք հարյուրավոր նման եկեղեցիներ, վանքեր, տաճարներ ունեք: Մի տասը տարի առաջ Վենետիկում խորհրդաժողովի էի գնացել, որտեղ տաղտկալի, ձանձրալի տնտեսագետներ կային, որ տեխնիկական բաների մասին էին խոսում, ստիպված սկսեցի ընթերցել զբոսաշրջային գրքերը ու պարզեցի, որ Վենետիկի ծովախորշում է գտնվում հայերի Սուրբ Ղազար կղզին: Ինձ բացատրեցին այդ կղզու ողջ պատմությունը, որ երբ Հայաստանը պատմական շրջանում խնդիրներ է ունեցել՝ գրքերը, փաստաթղթերն ուղարկել է այդտեղ: Տեխնոպաշտ կոնֆերանսին մասնակցելու փոխարեն որոշեցի այցելել վանահայրերին, նույնիսկ այնքան հավանեցի, որ որպես վանական որոշել էի մնալ կղզում: Հիմա եկել եմ իրական Հայաստան, հուսով եմ, որ ավելի շատ կիմանամ ձեր երկրի ու ձեր պատմության մասին»: Խ. Պինիերայի խոսքով, Չիլին էլ բարդ անցյալ է ունեցել. «Ամբողջ 20-րդ դարում աղքատ, թերզարգացած պետություն էինք՝ զգալի գործազրկությամբ ու հուսահատությամբ, ժողովուրդը կարծում էր, որ ապագա չունի այդ երկրում»: Ավելի ուշ փաստում է, որ վերջին տարիներին տնտեսությունը եւ հասարակությունը վերափոխելու միջոցով կարողացել են վերամիավորվել որպես ազգ, եւ լճացած տնտեսության ու հասարակության փոխարեն գտել են տնտեսական աճի, զարգացման ու զբաղվածության ուղին: «Երբ տնտեսագիտություն էի ուսանում ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում, շատ ուրախ էի, մտածում էի, որ որպես պրոֆեսոր մնալու եմ այնտեղ, ճոխ կյանք եմ վարելու, ուսանողների հետ կապուչինո եմ ըմպելու, բայց իմ երկիրն այդ ժամանակ տնտեսական, սոցիալական խորը ճգնաժամի մեջ էր, եւ իմ բարոյական պարտքը համարեցի հարվարդյան դրախտից գնալ իմ կործանված Չիլի: Այդ ժամանակ բնակչության կեսն ապրում էր աղքատության մեջ, աշխատավարձերը խիստ ցածր էին եւ տնտեսագետների մեր թիմը սկսեց համակարգային որոշ բարեփոխումներ իրականացնել: Այսօր դրա արդյունքում Չիլիում աղքատությունը 50%-ից 15%-ի է հասել», – պատմում է Հայաստան ժամանած հյուրը եւ հավելում, որ աշխարհում խնդիրների մեծ մասն այն պատճառով է առաջանում, որ իշխողներն առաջնորդվում են նրանով, ինչն իրենց հարմար է, պոպուլյար եւ կարճ ժամանակ է պահանջում, դա անում են ընտրություններում հաղթելու, գումար աշխատելու, հարցումների ժամանակ ձայներ հավաքելու եւ անձնական շահերի համար: Մինչդեռ նա գտնում է, որ առանց երկարաժամկետ աշխատելու՝ երկիր չես կարող կառուցել: 
Խոսե Պինիերան ունի կենսաթոշակային բարեփոխման սեփական միջազգային կենտրոն եւ նվիրվել է ամբողջ աշխարհում ազատ շուկայական քաղաքականության տարածմանը: Խ. Պինիերան արդեն 80 երկիր է այցելել, որոնցից 28-ը ստեղծել են անհատական կենսաթոշակային հաշիվներ՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն հետեւելով «Պինիերայի մոդելին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել